ԿարևորՔաղաքական

Իրադարձությունները շեղվում են հրադադարի հայտարարության կետերից

ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները պատգամավորները սկսել են մեկ րոպե լռությամբ հարգելով հայ–ադրբեջանական շփման գծում ադրբեջանական սադրանքների հետեւքանքով զոհված 2 հայ զինծառայողի հիշատակը։ Խորհրդարանի արտահերթ նիստը, սակայն, որևէ առնչություն չունի սահմանում ստեղծված իրավիճակի հետ, պատգամավորները կառավարության նախաձեռնությամբ հավաքվել են բոլորովին այլ օրակարգային հարց քննարկելու՝ կապված Սևանից լրացուցիչ ջրառի հետ։

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, պահանջում է որևէ ձևաչափով քննարկել և հասկանալ Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և հետագա անելիքները։  ԱԺ-ի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանն ամբիոնից դիմել է խորհրդարանական միջազգային կառույցներին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ միջազգային կազմակերպություններին։

Երեկվանից Ադրբեջանն ուժեղացրել է սահմանային սադրանքների ինտենսիվությունն ու ընդլայնել ուղղությունները՝ նշանառության տակ առնելով արդեն նաև բնակելի տարածքները։

Մինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա իր կողմից հանցավոր կրակոցները` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ապացուցողական տեսագրություն է հրապարակում։

Տեսագրության մեջ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմն օգտագործում հատուկ լուսարձակող զինատեսակ։ Դա խաղաղ բնակիչների իրավունքների ոտնահարում է, նրանց ահաբեկելու փորձ՝ հայտարարում է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ խորհրդարանի ամբիոնից դիմելով միջազգային կառույցներին։

«Ադրբեջանական կողմի արարքներն ունեն հանցավոր բնույթ, ունենք մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը։ Ադրբեջանական կողմը խախտում է նաև ՀՀ բազմաթիվ քաղաքացիների սեփականության, ազատ տեղաշարժի և այլ կենսական իրավունքներ։ Ադրբեջանական վայրագությունների առնչությամբ հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունը, ակնկալում եմ ՄԱԿ , ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ և ԵԽԽՎ-ի, Եվրանեսթի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող և կանխարգելող վճռական քայլեր»։  

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Երասխում և Գեղարքունիքում Հայաստանի 2 զինծառայող սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար՝ հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Պատրաստվում է հիմնավորումներն ուղարկել միջազգային կառույցներին։ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների հանցավոր գործողությունները ներկայացրել է 6 կետով՝ որտեղ և ինչ իրավունքներ են խախտվում։

ԱԺ-ում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն իշխանությունից պահանջում է որևէ  ձևաչափով քննարկում կազմակերպել։ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ներկայացմամբ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում․

«Փակ, գաղտնի, բաց՝ ինչպես կորոշեք․ դուք քննարկում կազմակերպեք համապատասխան պատասխանատու անձանց կողմից, հաշվի առնելով, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակից, քննարկում կազմակերպենք, հասկանանք իրավիճակը և մեր հասարակության, մեր ժողովրդի մտահոգությունները փարատենք»։   

Հնարավոր քննարկումների ձևաչափը խորհրդարանի ղեկավարությունը խոստացավ քննարկել ընդդիմադիրների հետ։

Ադրբեջանական սադրանքներին զուգահեռ՝ շատերը շեշտում են Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ օգոստոսի 9-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն արած հայտարարությունը և հարցնում՝ ինչո՞ւ չի կատարվում Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների նկատմամբ ուժ կիրառելու մտադրությունը։  

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը սահմանային վիճակից փորձում է շատ փակագծեր չբացել, բայց խորհուրդ է տալիս նախարարի խոսքը հասկանալ այնպես, ինչպես կա․

«Պաշտպանության նախարարի խոսքերն ընդունեք բառի բուն իմաստով։ Հայ մարդու կերպարը հետևյալն է՝ ձախ ձեռքին Աստվածաշունչ, աջ ձեռքին՝ պուլեմյոտ Կալաշնիկովա։ Սա է մեր կերպարը՝ պետք է կռվենք ու ապրենք։ Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածություն միշտ էլ լինելու է։ Մեր խնդիրն է, որպեսզի ցանկացած ժամանակ ոչ միայն լինենք պատրաստ, այլեւ ցանկացած ժամանակ ճնշենք դրանց բոլոր մեթոդներով»։

Սա, թերևս, հետպատերազմական շրջանում դիրքորոշման ամենանկատելի փոփոխությունն է։ Բայց ամեն դեպքում ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը ճգնաժամային է։ Արցախի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ, «Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերլուծությամբ՝ նոյեմբերի 9-ից հետո սկիզբ առած բանակցությունները շեղվել են և չեն գնում ճիշտ ուղղությամբ, քանի որ նախ՝ նոյեմբերի 9–ի հրադադարի փաստաթղթում ընդհանուր կետերով սահմանվել է իրադարձությունների ընթացքը, սակայն, անհրաժեշտ մեխանիզմներ չեն ապահովվել։

«Սահմանային տարբեր հատվածներում դրսևորվող սադրանքները՝ կլինեն փոխհրաձգությունների, թե դիվերսիոն գործողությունների միջոցով, Ադրբեջանն օգտագործում է, որպեսզի բանակցային գործընթացում ճնշում գործադրի Հայաստանի վրա և ստանա իր ցանկալի արդյունքը։ Մի կողմից ունենք Հայաստանի վարչապետի հայտարարությունները, որոնք, ըստ էության, առաջարկ են Ադրբեջանին, օրինակ՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված, մյուս կողմից ունենք Ադրբեջանի նախագահի հայտարարությունները՝ այդ թվում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ կապված։ Ակնհայտ է, որ այսօր գործընթացը մեկ ընդհանուր փաթեթում չի ընթանում»։

Սահմանների դեմարկացիա, կոմունիկացիաների ապաշրջափակում և Արցախի հետագա կարգավիճակի ճանաչման գործընթացներ․ պատգամավորն առանձնացնում ու շեշտում է հենց այս կետերը՝ նշելով, որ հետագայում ստորագրվելիք ցանկացած փաստաթղթի յուրաքանչյուր կետին և ստորակետին պետք է շատ ուշադիր լինել։ Վերջին օրերի սահմանային դեպքերի առնչությամբ ՀԱՊԿ–ը կրկին լռություն է պահպանում։

Այս ամենին զուգահեռ՝ հայ-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներ այցելում են տարբեր երկրների դեսպաններ։ Վերջին այցելությունը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինինն էր, այցելել էր Արարատի մարզի Երասխ բնակավայրի սահմանային մի շարք ուղեկալներ: Նախորդիվ Սյունիքում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Ինչ մեսիջներ են այս այցերի տողատակերում։ Քաղաքագիտական շրջանակներում կարծում են՝ սա այդ երկրների դիվանագետների ուղիղ դիրքորոշումն է՝ իրենք այս համայնքներում են՝ դրանք ճանաչելով որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս։

Back to top button