ԿարևորՀասարակություն

«Թալիբանը» փոխում է աշխարհի քաղաքական քարտեզը. ի՞նչ կփոխվի Հարավային Կովկասում

Թալիբների հաջողությունը Աֆղանստանում երկսայր սուր է Ռուսաստանի համար։ Նրա շահերից է բխում, որ ամերիկյան զինուժը լքի Աֆղանստանը, բայց անկայունությունն Աֆղանստանում կարող է «ոգեշնչել» ահաբեկչական այլ խմբավորումների և ակտիվացման պատճառ դառնալ, չնայած թալիբները հայտարարում են, որ աֆղանական իսլամիստական ազգային ուժ  են, և Աֆղանստանի սահմաններից դուրս նկրտումներ չունեն։ Այս դրվագը ուշագրավ է հատկապես ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի՝ թալիբական Աֆղանստանին սահմանակից դառնալու ֆոնին։

Տարածաշրջանային խաղացողներից Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է, բայց սահմանակից է նաև արդեն թալիբական Աֆղանստանին։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝  Իրանի իշխանություններին հաջողվել է աշխատել թալիբների ներկայացուցիչների հետ և ապահովագրել երկրի դիվանագիտական ներկայությունը Աֆղանստանում, մյուս կողմից՝  Իրանը բազմահազար աֆղան փախստականների է ապաստան տրամադրում։

Վարդան Ոսկանյան․«Քաղաքական և ռազմական առումով թալիբների իշխանության տակ հայտնված Աֆղանստանում Իրանի դիրքերը ուժեղ են մնում, որովհետև երկրի ներսում իրանցիները համակիրների լայն, բավական զորեղ բանակ ունեն՝ ի դեմս տեղի շիաների և պարսկախոս բնակչության։ Աֆղանստանում բնակչության գրեթե կեսը պարսկալեզու է»։

Տարածաշրջանում ապակայունացման նոր օջախներ կարող են ստեղծվել, եթե ակտիվանան ահաբեկչական խմբավորումները։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը զգաց ահաբեկիչների ներկայությունն իր հողում, այժմ նման ռիսկեր կան ամբողջ տարածաշրջանի համար։

Իրանագետը չի բացառում, որ աֆղանցի փախստականները կփորձեն Իրանի տարածքով մուտք գործել Հայաստան, ուստի պետք է զգոն լինել։

Լուս․՝ EPA-ի

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ թալիբների հաջողությունը չի բխում Թուրքիայի շահերից։ Մերձավոր Արևելքում Թուրքիայի շահերին սպառնացող ցանկացած վտանգ ստիպում է վերջինիս լրացուցիչ ռեսուրսներ ծախսել այդ ուղղությամբ․ ռեսուրսներ, որոնք, հնարավոր է, ուղղորդվեին Հայաստանի դեմ։ Թալիբների իշխանությունը սպառնալիք է հատկապես Թուրքիայում շատ կարևորվող, 2018թ-ին գործարկված Լաջվարդի միջանցքի համար։ Այն տրանսպորտային և տնտեսական հանգույց է, որով Աֆղանստանը Թուրքմենստանի միջոցով, Կասպից ծովի վրայով, Ադրբեջանով և Վրաստանով միանում է Թուրքիային։ 

«Թուրքական զինուժը Աֆղանստանում անմիջական վտանգի տակ է, որովհետև թալիբները բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժելու Քաբուլի օդանավակայանում թուրքական ուժերի ներկայությունը, իսկ էրդողանական վարչախումբը զգալի դիվանագիտական և այլ  ռեսուրսներ էր բաշխում, որ ՆԱՏՕ-ական ուժերի դուրսբերումից հետո Քաբուլի կենտրոնական օդանավակայանը մնա թուրքական ռազմական վերահսկողության տակ։ Հաշվի առնելով, որ թուրքական զինուժի շարքերում նաև Ադրբեջանի, այսպես կոչված, խաղաղապահներն են, ապա ակնհայտ է, որ ադրբեջանական շարհերը ևս վտանգված են, ինչը հայկական շահերի դիտակյունից սա դրական երևույթ է»,- ասում է Վարդան Ոսկանյանը։

Հայկական շահերի դիտանկյունից դրական է նաև այն, որ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ական Արևմուտքի համար ռազմական առումով  Ադրբեջանը պակաս հետաքրքիր է դառնում, քանի որ ՆԱՏՕ-ի ուժերի սպասարկումը Աֆղանստանում տեղի էր ունենում Ադրբեջանի տարածքում․ օգտագործվում էին Ադրբեջանի օդային տարածքը և օդանավակայանները։  Հիմա, փաստորեն, Ադրբեջանն այլևս անելիք չունի։   

Լուս․՝ EPA-ի

Աֆղանստանում իշախանության եկած «Թալիբան» շարժման ղեկավարները խնդիրներ ունեն Իրանի, Պակիստանի, Թուրքիայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Վերոնշյալ պետություններն իրենց հերթին շահեր ունեն Հարավային Կովկասում, ուստի, Աֆղանստանի քաղաքական գործընթացները կարող են որակապես ազդել տարածաշրջանի վրա, — կարծում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների հույսերը, թե ի դեմս Թուրքիայի ՆԱՏՕ-ական ուժերը կշարունակեն վերահսկել Աֆղանստանում, հօդս են ցնդում․

«Միացյալ Նահանգները մտածում էր, որ, այնուամենայնիվ, Թուրքիան որոշակի ազդեցություն կունենա՝ մնալով որպես ՆԱՏՕ-ի զորակազմի ներկայացուցիչ, սակայն  թալիբների կեցվածքը շատ կոշտ եղավ։ Նրանք թուրքական շահերը սպասարկող գեներալ Դոստումին ևս դուրս են հրավիրում։ Այսինքն՝ թալիբներն այս պահին իրականացնում են փուշթուների ազգային ազատագրական շարժումը՝ Աֆղանստանում ապրող երեք հիմնական էթնիկ խմբերից»։

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները Աֆղանստանից տարհանում են դեսպանատների իրենց աշխատակիցներին, քայլ, որը չի շտապում անել Ռուսաստանը։ Չնայած այն հանգամանքին, որ «Թալիբան»-ը Ռուսաստանում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, և արգելված է դրա գործունեությունը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան լավ հարաբերություններ ունի թե՛ Աֆղանստանի կառավարության, թե՛ թալիբների հետ։ ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ թալիբները երաշխավորել են ռուսական դեսպանության և մյուս երկրների դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը։

Back to top button