Էվոլյուցիա

Առանց դասասենյակի, վիրտուալ իրականության ակնոցն աչքերին. ապագայի դպրոցը․«Էվոլյուցիա»

Ապագայում դպրոց գնալու կարիք գուցե առհասարակ չլինի։ Դասին հնարավոր կլինի մասնակցել վիրտուալ դասարաններում՝ աշխարհի ցանկացած կետում ուղղակի դնելով համապատասխան ակնոցն ու հայտնվելով դասարանում։ Սովորականի նման աշակերտը նստած է սեղանի առաջ, ուսուցիչը դասն է բացատրում, ուղղակի ցանկացած պահին ակնոցը հանելով՝ կանհետանա թե դպրոցը, թե դասարանը, թե ուսուցիչը։


«Ենթադրենք պատմության դաս է և դասարանը ուսումնասիրում է հին Եգիպտոսը։ Ուսուցիչը աշակերտներին վիրտուալ իրականությունում կտեղափոխի Եգիպտոս, օրինակ բուրգերի մոտ և այդտեղ դասը կանցնացնի։ Սա կրթական մակարդակը շատ կբարձրացնի, որովհետև վիզուալ կրթություն է, իսկ աշխարհի բնակչության 68 %-ին հենց վիրտուալ կրթությունն է ամենամատչելին»,- ասում է«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրը։

Մինչ աշխարհում կիրառվում է վիրտուալ դասարանների փորձը, Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Չորաթանում, դասարանները չունեն տարրական պայմաններ դասապրոցես անցկացնելու համար։ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Անի Խաչատրյանը 2 տարի շուրջ 110 տավուշցի աշակերտների հետ անգլերենի դասեր է անցկացրել։ Եթե աշխարհում խոսում են ապագայի այն դպրոցի մասին, որը չի ունենա ֆիզիկական շենք, ապա Չորաթանի դեպքում ապագայի դպրոցը լավ շենքային պայմաններ ունեցող դպրոցն է։ Թեպետ Հայաստանի շատ գյուղերի դպրոցներ չունեն ուսուցիչներ, այնուամենայնիվ Անին չի բացառում, որ աշխարհում փորձ կարվի վերացնելու «ուսուցիչ» մասնագիտությունը․


«Տեխնիկան որքան զարգանում է, դուրս են գալիս մասնագիտություններ և ուսուցիչն էլ բացառություն չէ։ Ուսուցիչը հիմա արդեն պիտի դուրս գա ղեկավարի դերից, պիտի դառնա ուղղորդող։ Ապագայի աշխարհում կփորձեն այսպես ասած վերացնել ուսուցչին, բայց դա կձախողվի, մարդ-ուսուցիչները անպայման հետ կգան»-ասում է ուսուցչուհի Անի Խաչատրյանը։

Իսկ Ախթալայում բնակվող 15-ամյա Տաթևիկ Իսրայելյանը կարծում է, որ եթե մի օր մարդ-ուսուցիչները չլինեն, ինչ-որ ժամանակ հետո աշխարհը, հասարակությունը կհամակերպվի այդ փաստի հետ, ինչպես եղել է դարերի ընթացքում այս կամ այն մասնագիտության կամ երևույթի վերացումից հետո։ Տաթևիկն առաջ ուզում էր բանասեր դառնալ, հիմա որոշել է ապագայի մասնագիտություն ընտրել, որոշել է՝ հյուսվածքային ճարտարագիտություն է սովորելու։ Տաթևիկի կարծիքով՝ ուսուցիչը պետք է ուղղորդի նրան ինֆորմացիա փնտրելիս և ընտրելիս, որովհետև հազարավոր պատասխաններ արհեստական բանականությունը արդեն տալիս է վարկյանների ընթացքում․


«Ես վիրտուալ մենթորների հետ աշխատելու փորձ ունեմ, նրանք շատ արդյունավետ են աշխատում՝ գուգլ ալգորիթմներով, մեզ շատ արագ տալիս էին ինֆորմացիա դասի ընթացքում։ Առահասարակ ուսուցչի դերը կարող է վերանալ ես կարծում եմ, անցյալում  օրինակ եղել են մարդ-զարթուցիչներ, որոնց դերակատարումն էր ճշգրիտ ժամին արթնացնել մարդկանց, ուղղորդել աշխատանքի, հետո բնականաբար նրանց դերը դուրս եկավ և դա դարերի ընթացքում դարձավ սովորական, նույնը ուսուցչի դեպքում կարող է լինել։ Բայց որ դարում էլ ապրենք, ուսուցչի հանդեպ հարգանքը չպետք է կորցնել»,- ասում է աշակերտուհի Տաթևիկ Իսրայելյանը։
Ցուցադրել ավելի
Back to top button