Էկոսֆերա

Ձեթը ՝ արագիլների աղտոտման պատճառ․ «Էկոսֆերա»

Մի քանի տարի շարունակ արագիլների աղտոտման խնդիրը լուծում չի ստանում։ Արագիլների աղտոտման դեպքեր նկատվել են 2016 թվականից, սակայն լայանածավալ բնույթ այն ստացել է ավելի ուշ՝ 2019-ից։ Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, «Birding Association of Armenia» ՀԿ ներկայացուցիչ Կարեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2019 թվականին արագիլների աղտոտումը նկատվել է Հովտաշեն համայնքում, այն ժամանակ աղտոտման աղբյուրը գտնվել է։


Իսկ ահա այս տարի արագիլներին կրկին վրա է հասել նույն պատուհասը, սակայն, ինչպես նշում են հետազոտողները, այս անգամ էլ աղտոտողն այլ է։ Եթե նախկինում արագիլների աղտոտման «մեղավորները» թառափի արտադրամասն ու Մասիսի աղբավայրն էին, ապա այս տարի փնտրում են բուսայուղի արտադրությամբ զբաղվող կամ արտադրության մեջ բուսայուղ օգտագործող ընկերություններին։


«Այժմ ավելի շատ գյուղերում է հանդիպում խնդիրը։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ աղտոտիչը՝ ձկան յուղ կամ ձեթ է։ Տարբեր արտադրամասեր, որոնք արտադրում են պահածոներ, որոնք ունեն ձեթի թափոն, չեն ուտիլիզացնում, այլ ապօրինի կերպով թափում այնտեղ, որտեղ հարմար են գտնում։ Թափոնները դառնում են ճահիճ։ Արագիլները գալիս են դրանցով սնվելու, նաև տանում են ձագերին կերակրելու։ Արդյունքում ՝ բնում դեռ չթռնող ձագերն աղտոտված են»,-նշեց մասնագետը։
Թե որքան է եղել արագիլների կորուստը, որոշ ընկերությունների անպատասխանատու գործունեության արդյունքում, դժվար է ասել։ Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը խնդրով սկսել է զբաղվել անցած տարվանից, և հիմա էլ շարունակում են հաշվառումը։ Այս տարվա տվյալներ դեռ չկան ՝ համեմատելու համար, ասում է ծրագրերի համակարգող, կենսաբան Լուսինե Աղաջանյանը, միաժամանակ նշում, որ հատկապես տուժում են առաջին թռիչքին պարաստվող ձագերը։

– «Երիտասարդ արագիլները, որոնք կատարում են իրենց առաջին թռիչքը, բարեհաջող չեն կատարում, քանի որ աղտոտված փետուրներն ամբողջովին իրար կպած են լինում։ Արդյունքում արագիլները հաճախ հայտնվում են փողոցում և դառնում տրանսպորտային միջոցների կամ թափառող շների զոհը»,- նշեց Աղաջանյանը։
Թեև հանրապետություն տարբեր մարզերում հանդիպում են սպիտակ արագիլները, օրինակ՝ Լոռիում, Արագոծոտնի մարզերում, սակայն հատկանշական է, որ այդ մարզերում աղտոտման դեպքեր չեն գրանցվել։ Աղտոտվում են միայն Արարատյան դաշտում հանդիպող արագիլները։ Ավելի ստույգ ՝ NABU-ի նախորդ տարվա տվյալներով՝ արագիլների աղտոտվածությունը կենտրոնացած է Արարատի, Արմավիրի մարզերի և Երևանի հատման հատվածում։

Back to top button