Մոռացված ֆիլմերի ստվերները

Արխիվային կալանք. Դմիտրի Կեսայանցի «Հեծյալը, որին սպասում էին» ֆիլմը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Դմիտրի Կեսայանցի « Հեծյալը, որին սպասում էին» ֆիլմն անծանոթ մնաց հայ հանդիսատեսին։ Հետաքրքիր ռեժիսորական ձեռագրով նկարահանված ֆիլմի հանրայնացմանը խոչընդոտեց հենց պատվիրող կողմը՝ Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությունը։ Անարդարացիորեն արխիվային փոշոտ դարակներում հայտնված ֆիլմը նկարահանվեց բազմաթիվ դժվարությունների գնով։


Դմիտրի Կեսայանցի ռեժիսորական ձեռագրին հատուկ էր էքսցենտրիկ հումորը: Չնայած նրա ուղին ամենադժվարներից մեկը եղավ հայ կինոյում, սակայն կինոյի աշխարհ նա մուտքը գործեց փայլուն առաջնեկով ` «Տերն ու ծառան» կարճամետրաժով, որը մի քանի ուրիշ ֆիլմերի հետ պայմանավորում էր հայ կինոյի 1960-ականների վերելքը: Կատակերգական իրավիճակների լրջությունը նոր գույներով, ուրույն ոճով ներկայացնող կինոռեժիսորը «Տերն ու ծառան» կարճամետրաժից հետո նկարահանեց «Ավդոյի-մեքենան» , «Զինվորն ու փիղը», «Մարդն Օլիմպոսից», «Մեր պապերի քայլերգը», « Հրդեհ», կինոնկարները, որոնց հաջորդեց «Հեծյալը, որին սպասում էին» երկսերիանոց գեղարվեստական ֆիլմը։ Այդ ֆիլմի երկրորդ ռեժիսոր Հրանտ Հակոբյանը մինչև դա Կեսայանցի հետ նկարահանել էր նրա մեկ այլ՝ «Հրդեհ» ֆիլմը։ Այս անգամ էլ որպես երկրորդ ռեժիսոր մասնակցելու առաջարկը հաճույքով ընդունեց։
«Ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը»,- ասում է Հրանտ Հակոբյանը,- «շատ նման էր Կեսայանցին։ Ռոմանտիկ ու երազկոտ Դմիտրի Կեսայանցը նաև մարտնչող ու պահանջկոտ բնավորություն ուներ»։

Դմիտրի Կեսայանց

Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանված ֆիլմի հիմքում Պերճ Պռոշյանի «Հունոն» վեպն է։ Արձակագիր, կինոսցենարիստ Ալեքսան Մեխակյանի և Դմիտրի Կեսայանցի ջանքերի շնորհիվ վեպը վերածվում է կինոսցենարի։ Ֆիլմի հերոսը հայկական Ռոբին Հուդն է։ Արտասահմանում կրթություն ստացած, ուսյալ երիտասարդը հասարակ գյուղացուն պաշտպանելու, արդարություն հաստատելու համար «ավազակ» է դառնում: Բայց նա ավազակ է իր հակառակորդների համար, իսկ ժողովրդի համար` փրկարար։
«Այս ֆիլմը պատմական ժանրի ֆիլմ է, և այդպիսի ֆիլմերը անվանում են այսպես ասած «կոստյումային», որովհետև ամեն ինչ ճշգրտորեն պիտի համապատասխանեցվի ներկայացվող ժամանակաշրջանին:Դա բարդ և ժամանակատար աշխատանք է»,- նշում է կինոռեժիսորը։

Հրանտ Հակոբյան

Ֆիլմում հորաքույր Բեզոյի կերպարում հանդես եկավ ՀՀ վաստակավոր դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։ Վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, դերասանուհին պատմում է, որ Վանաձոր քաղաք հյուրախաղերի մեկնած դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկի ժամանակ դահլիճում ներկա գտնվող Դմիտրի Կեսայանցը ներկայացման ավարտին իրեն առաջարկում է ապագա ֆիլմում մարմնավորել հորաքույր Բեզոյի կերպարը ։

«Դմիտրի Կեսայանցն ինձ հրավիրեց ֆիլմում նկարահանվելու ։ Ծանոթանալով սցենարին ես հասկացա , որ իմ տարիքից մեծ կնոջ դեր եմ խաղալու։ Առաջարկեցի հենց այդ տարիքի դերասանուհիներից մեկին ներգրավել ֆիլմում։ Սակայն Կեսայանցը պատասխանեց , որ միայն ինձ է տեսնում այդ դերում», — ժպիտով հիշում է Լուսինե Կիրակոսյանը։

Լուսինե Կիրակոսյան

Ֆիլմի հիմնական նկարահումները ընթանում էին Լոռվա բնաշխարհի գողտրիկ անկյուններում։ Սարերում և ձորերում, դժվարամատչելի վայրերում անցկացվող նկարահանումներն ուղեկցվում էին բազմաթիվ դժվարություններով։ Դրանցից մեկն էլ կապված էր բարդ հնարքներ կատարող, դերասաններին փոխարինող պրոֆեսիոնալ կասկադյորներ գտնելու հետ։ Ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանումը գուցե այդպես էլ չիրականանար, եթե վանաձորցի մի քանի խիզախ երիտասարդներ, իմանալով նկարահանման խմբի խնդիրը, չարձագանքեին ու չվստահեցնեին, որ կարող են իրագործել բարդ հնարքները։

«Երկար ժամանակ փնտրում էինք պրոֆեսիոնալ կասկադյորների, բայց այդպես էլ չգտանք,- պատմում է Հրանտ Հակոբյանը,- անգամ Մոսկվայից էիք հրավիրել , բայց դա էլ ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Մեր հյուրանոց եկան տղաներ և ասացին, որ իրենք կարող են այդ բարդ հնարքները իրականացնել։ Երկու դուբլից նկարահանվեց բարդ տեսարանը, և պատկերացրեք նկարահանումից հետո միայն իմացանք , որ տղաները առաջին անգամ էին կասկադյորական հնարքներ կատարում»,- հիացմունքը չթաքցնելով պատմում է Հրանտ Հակոբյանը։

Նկարահանումներն ու կրկնօրինակման աշխատանքներն ավարտելուց հետո «Հեծյալը, որին սպասում էին» ֆիլմը ընդամենը երկու անգամ ցուցադրվեց Կենտրոնական հեռուստատեսության եթերով ու, ցավոք, մոռացության մատնվեց։

«ԴաԿենտրոնական հեռուսատեսության սեփականությունն էր, և մենք իրավունք չունեինք միջամտելու ֆիլմի ճակատագրին։ Շատ ցավալի է, որովհետև մեծ աշխատանքով, նվիրումով ստեղծված ֆիլմ էր», -ափսոսանքով նշում է կինոռեժիսորը։

« Հեծյալը, որին սպասում էին» ֆիլմի ցուցադրության իրավունքն այսօր էլ պատկանում է Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությանը։ Դա է պատճառը , որ այն այդպես էլ երբևիցե չցուցադրվեց Հայաստանի հեռուստատեսությամբ։ Ֆիլմի անտեսված ճակատագիրը որոշ չափով մեղմացրեց համացանցը։ Նկարահանումից երեք տասնամյակ անց այն տեղադրվեց համացանցում, ռուսերեն կրկնօրինակությամբ ։ Սիրո, հավասարության, ազնվության, դժվարության պահին կարիքավորին ձեռք մեկնելու մասին պատմող այս ֆիլմը ինքը կարիք ունի սրտացավ վերաբերմունքի՝ փոշոտ արխիվներից դուրս բերելու և նորովի բացահայտվելու։

Back to top button