ԿարևորՀասարակություն

Ջրի սրված խնդիրների ֆոնին «Վեոլիան» սակագնի կտրուկ բարձրացում է առաջարկում

Երկու օր առաջ  «Վեոլիա Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագնի բարձրացման հայտով դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին․ «Ռադիոլուր»-ին հայտնել է հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը։

Ընկերությունն առաջարկում է 54 դրամով թանկացնել խմելու ջուրը։ Հանձնաժողովը տասը օր ժամանակ ունի հայտը ուսումնասիրելու համար, հետո միայն կորոշի՝ ընդունել հայտը քննարկման, թե ոչ։ Անցյալ տարի եւս ընկերությունը դիմել էր սակագնի բարձրացման հայտով , սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել էր այն։

Չի բացառվում, որ առաջիկայում 54  դրամով թանկանա խմելու ջուրը։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը օգոստոսի 9-ին սակագնի բարձրացման հայտով դիմել է  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ «Ռադիոլուր»–ին հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը հիշեցնում է՝ ընկերությունն ամեն տարի է  դիմում ՀԾԿՀ՝ սակագնի վերայանման կամ ճգրտման հայտով․

«Տասը օրվա ընթացքում մենք որոշում ենք հայտը ընդունել քննարկման, թե  մերժել։ Եւս 80 օրում սակագնի հարցն է կարգավորվում։ Այդ ընթացքում «Վեոլիա Ջուր»  ընկերությունում իրականացվում է մոնիթորինգ։  Մոտավորապես 224 դրամ են առաջարկում՝ ներկայիս 180 դրամի փոխարեն»։

Անցյալ տարի ՀԾԿՀ-ն մերժել էր ընկերության՝ սակագնի բարձրացման հայտը։ Սովորաբար հայտի վերանայման հիմքում հոսանքի գինն է, ջրի ծավալը։ ՀԾԿՀ-ն նախորդ տարվա համեմատ սպառողներից ընկերության աշխատանքիվերաբերյալ մոտ 15 տոկոսով պակաս  դժգոհություն է ստացել՝ ասում է Կամո Սարգսյանը

«Տարեսկզբից 430 դիմում ենք ստացել բաժանորդներից, որից  237-ը՝ գրավոր, 193–ը՝  բանավոր։ Բողոքներից 45-ը նոր միացումներին է վերաբերում, մնացածը տարբեր հարցերով են՝ ջրանջատում, ջրի որակից դժգոհություններ, դիտահորերի խցանում, ջրագծերի, կոյուղագծերի վթարներ, ներկայացված  հաշվիների հետ չհամաձայնեցում»։

 Հայաստանում ու Արցախում ոչ միայն խմելու, այլև առհասարակ ջրի խնդիրը սրվեց հատկապես այս տարի, երբ արցախյան պատերազմից հետո թշնամուն մնաց   Հայաստանի ու Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող Քարվաճառի ջրահավաք կայանը։ Ջրային դոնորի ապագան անորոշ է։ Հստակ է, որ  ջրային այս կայանից են սկիզբ առնում Արցախի այժմյան  տարածքի ջրային պաշարների 97 տոկոսը, Սևանա լիճը սնուցող Արփա ու Որոտան գետերը։

Ջրի պակասն ավելի ու ավելի նկատելի է  դառնում։ Ջրային ռեսուրսները նվազում են տարբեր՝ պատճառներով՝ բնական ու մարդածին․գլոբալ տաքացումից մինչև  ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարում: Մասնագետները փաստում են՝ հողօգտագործման և ջրօգտագործման համակարգերի միջև խզում է առաջացել։ Հողօգտագործման համակարգը խախտված է։

Ոռոգման համակարգերը նախագծվել են՝ ըստ  հողատարածքների մակերեսների։ Հողերի սեփականաշնորհումից հետո մեծ հողակտորները փոքրերի են  բաժանվել, առաջացել է անկառավարելի ջրօգտագործման համակարգ՝ ասում է Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը

Մասնագետը փաստում է՝ Խորհրդային Հայաստանում ոռոգելի էր գրեթե 275 հազար հա հողատարածք, այսօր՝ 207 հազար։ Կա մոտավորապես 70 հազար հա տարածք, որը պետք է ջրային համակարգից սնվի, սակայն չի ոռոգվում։  Ջրային ոլորտի մասնագետը շարունակում է թվարկել համակարգի խնդիրները։

«Ոռոգման ջրի օգտագործման  արդյունավետության խնդիր․ Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերը 95 տոկոսով մակերեսային եղանակով են ոռոգվում։ Այս դեպքում բարձր ՕԳԳ–ի, ոռոգման ջրի արդյունավետության մասին խոսելը դժվար է»։

Զրուցակիցս ընդգծում է՝ անմիջապես գետերից կամ ջրամբարներից սնվող մայր ջրանցքերի 75%-ը պատված է բետոնե խողովակներով։ Մնացած 25%-ն էլ մեծ կորուստներ են ունենում, քանի որ մայր ջրանցքերով տարեկան տասնյակ հազարավոր տոննա ջուր է անցնում, և հազարավոր տոննաներով ներծծվում հողի մեջ․

«Պետք է հետևողական աշխատանք տարվի ներտնտեսային ցանցում ջրի կորուստների նվազեցման համար։ Անհրաժեշտ է, որ ֆերմերային տնտեսությունները նույնպես ներգրավվեն այդ գործընթացում։ Առանց դրա բարդ է լինելու խնդիրը լուծել, պետք  է մասնակցային կառավարում»։

Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը բացատրում է՝ Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերը 95 տոկոսով մակերեսային եղանակով են ոռոգվում։ 

«Մասնավոր ֆերմերներն այժմ ներդրումներ են կատարում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նպատակով։ Սա, իհարկե, արդյունավետ է, բայց զարգացնելու համար պետք է ավելի ինտենսիվ աշխատել»։

Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման հարցում կարծիքները միանշանակ չեն։ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն արձանագրում է՝ կաթիլային ոռոգման համակարգն արդյունավետ կաշխատի նոր ստեղծվող այգիների դեպքում․

«Հեշտ է ասել կաթիլային համակարգի ներդրում։ Մեր այսօրվա այգիները չեն կարող կաթիլային ոռոգման համակարգով ջրվել, նրանց արմատները շատ խորն են տարածվել։ Սա շատ ծախսատար է, նոր ստեղծվող այգիների դեպքում ՝  հնարավոր կլինի»։

Մարատ Գրիգորյանն ասում  է, որ  գլոբալ տաքացումն ու կլիմայի փոփոխությունը չպետք է կաթվածահար անեն գյուղացու աշխատանքը։ Ամեն ինչ կախված է ռեսուրսների կառավարումից, իսկ ռեսուրսներն արդյունավետ չեն կառավարվում․ 

«Պետք է հնարավորինս կրճատել կամ սահմանափակել ջրերի հոսքը հանրապետությունից դուրս՝ կուտակելով ջուրը։ Պետք է կառուցել փոքր ջամբարներ կամ, ինչպես աշխարհում է ընդունված, ստորերկրյա ջրամբարներ ու ավազաններ։ Հայաստանի երկրաբանական կառուցվածքն այնպիսին է, որ հնարավոր է դա իրականացնել»։

Ստեղծված իրավիճակում ջրամբարների կառուցումն այլընտրանք չունի։ Խորհրդային ժամանակներից Հայաստանում չորս կիսավարտ ջրամբար կա՝ Եղվարդի, Կապսի, Վեդու և Մաստարայի։ Դրանց շինարարությունն ավարտվելով կարելի է ոռոգման ջրի պահպանման պաշարներն ավելացնել 200 միլիոն խորանարդ մետրով կամ 20 տոկոսով։ Ակտիվ շինարարություն է ընթանում միայն Վեդու ջրամբարում։ Այս տարի ջուրը սակավ է նաև   Ախուրյանի ջրամբարի թերլցվածության պատճառով։ Խորհրդային տարիներին կառուցված ջրամբարում կուտակված ջրի 50 տոկոսը տրվում է  Հայաստանին, 50-ը՝ Թուրքիային։

Հայաստանում լուրջ խնդիր է առաջացնում նաև Արաքս գետի վրա Թուրքիայի սկսած ջրամբարաշինությունը։ Կարսի Սարիղամիշի շրջանում՝ Արաքս գետի վրա, Թուրքիան  կառուցում է Քարաքուրթի ջրամբարն ու ՀԷԿ-ը։ Ջրամբարում նախատեսվում է ամբարել 590մլն  խմ  ջուր։  «Սա Ախուրյանի ջրամբարի համար ներքին հոսանքի խնդիրներ կառաջացնի»,-կանխատեսում է Գուրգեն Եղիազարյանը։ Ջրային կոմիտեում դժվարանում են պատասխանել՝ հայկական կողմի քայլերը   կարող են հակազդել  Թուրքիայի ջրամբարաշինական ծրագրերին։ Բայց պատկան մարմինները փոխանցում են՝ օրակարգում 25 ջրամբարի կառուցման ծրագրեր են։

Back to top button