ԿարևորՀասարակություն

Սևանի մակարդակի ամեն սանտիմետր իջնելը բացասաբար է ազդում լճի վրա․ մասնագետ

Ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու համար Կառավարությունը որոշել է 2021-ին ավելացնել Սևանա լճից ջրառի չափաքանակը։ Օրենքով թույլատրելի սահմանաչափը 170 մլն խմ է, գործադիրը որոշել է այս տարվա համար թույլատրել Սևանից  մինչև  245 մլն խմ ջուր վերցնել։

Նպատակը լճից  սնվող հողատարածնքները ջրով ապահովելն  ու ջրի դեֆիցիտը մեղմելն է։ Գործադիրի այս հիմնավորումները համոզիչ չեն բնապահպանների համար։ Գլխավոր հարցն, ըստ նրանց, մեկն է՝  Սևանից ավելի շատ ջուր վերցնելն իսկապես անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ավելի հեշտ ելք։

Սևանա լճից 170 մլն խմ ջրառի չափաքանակը պատահաբար ընտրված ցուցանիշ չէ. դրա գերազանցումը նշանակում է խախտել լճի հաշվեկշիռը`«Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։ Նրա պարզաբանմամբ՝ Սևանից ջուր վերցնելու այն չափաքանակն է, որի դեպքում լճի ջրային հաշվեկշիռը մնում է անփոփոխ, հետևաբար կայուն է մնում նաև էկոհամակարգի վիճակը։

Սևանի մակարդակի տատանումը, յուրաքանչյուր սանտիմետրի նվազումը, մասնագետի կարծիքով, բացասաբար է ազդում լճի վրա, խախտում է էկոլոգիական հավասարակշռությունը, իսկ մինչև 75 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառը կարող է հանգեցնել լճի մակարդակի 5-6 սանտիմետրի նվազման։

Անդրադառնալով կառավարության որոշմանը, որով թույլատրվել է  75 միլիոն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնել Սևանա լճից՝ մասնագետը նկատում  է՝  լրացուցիչ ջրառը ռիսկային է, բայց պետք չէ անտեսել նաև աննախադեպ շոգ եղանակի գործոնը, ինչը Արարատյան դաշտի բերքին է սպառնում։

«Լճի մակարդակի իջեցումը անթույլատրելի է, սակայն եթե արտակարգ իրավիճակ է ստեղծվել, Արարատյան դաշտի բերքն այրվում է երաշտի պայմաններում, նման դեպքերում, իհարկե ,դեմ խոսելն այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև հարցերին պետք է համալիր ձևով մոտենալ»։  

Էվելինա Ղուկասյանը կարծում է, որ խնդիրը հիմնավոր լուծման կարիք ունի, ոռոգման համակարգի  հիմնանորոգման անհրաժեշտություն կա, որովհետև Սևանա լճից ջրառի ընթացքում մեծ քանակի ջուր է վատնվում։ Զրուցակցիս կարծիքով՝ քաղաքականությունը պետք է հիմնվի  ջուրը կուտակելու, ոչ թե անտեղի սպառելու մոտեցման վրա։

«Հարցն այն է, թե ինչպիսին է հավասարակշռությունը, խիստ անհրաժեշտությունից ելնելո՞վ են այդ ջրառն իրականացնում, թե՞ պարզապես ավելի հեշտ ելք գտնելու համար»։

Ոռոգման ջրի դեֆիցիտով պայմանավորված կառավարությունն առաջարկում է Սևանից վերցվող ջրի՝ օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 միլիոն խորանարդ մետր թույլատրելի քանակը ավելացնել ու դարձնել 245 միլիոն խորանարդ մետր։ Մինչդեռ դեռևս մարտին այս տարվա համար Սեւանա լճի աննախադեպ բարձր մակարդակ էր կանխատեսվում։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանում է՝ աննախադեպ բարձր ջերմային  ֆոնով պայմանավորված՝  այս տարի 12 օր շուտ են ջրառ իրականացրել։

«Ջերմային ֆոնը կանխատեսելի էր, որ կլիներ բարձր, բայց որ այսչափ վերջին 60 տարիների համար եւ հայկական հիդրոօդերեւութաբանության կանխատեսումների պատմության մեջ ամենաշոգ ամառը կլիներ՝ ցավոք չէր կանխատեսվել։ Դրան նաև գումարվեց աննախադեպ շոգերի պատճառով սակավաջրության ընդհանուր ֆոնը հանրապետությունում, և գետերում առկա ջրային զանգվածի շուրջ 40 տոկոս նվազումը, որը հանգեցրեց այս վիճակին»:

Այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ 4 սմ-ով ցածր է, իսկ օրենքով թույլատրելի 170 մլն խմ–ից 157 մլն խմ ջուր լճից  արդեն վերցվել է։

Ցուցադրել ավելի
Back to top button