Ծովահայեր

Հիվանդություններ բուժող ու նպատակներ իրականացնող Լուսաղբյուրը. «Ծովահայեր»

 Այդ աղբյուրի վերևում մարդիկ հաճախ լույս են տեսնում․․․

Հսկայական ժայռաքարերի բյուր ակունքներից բխող ջրերը հիվանդություններ են բուժում, վիշտ են ամոքում, վերադարձնում են տարագիր հային ու նույնիսկ՝ նպատակներ իրականացնում։

 Լուսաղբյուրի հրաշքի մասին լսել էի իմ ճանաչած ամենահայրենասեր մարդանցից մեկից՝ Թավշուտցի Սուրեն Սարգսյանից, նա լավ գիտե մեր բնօրրանի յուրաքանչյուր քար ու թուփ։  Սուրենի հետ էլ ուղևորվեցինք դեպի Հայաստանի հյուսիս։

Շիրակի մարզկենտրոն Գյումրիից մոտ 30 կմ ճանապարհ անցնելուց  հետո երևում է այն սարահարթը, որտեղ սրբատեղի դարձած աղբյուրն է։ Առաջինը, որ աչքի էր զարնում՝  ժայռաքարերն էին, որոնց տարբեր բարձրություններում կանգնեցրել էին խաչքարեր ու հուշարձաններ։  Խաչքարերով զարդարված ժայռաքարերին մոտենալուն պես լսվում է ջրի քչքչոցն ու աչք են շոյում արևի շողերից հազարափայլ լուսարձակող, կանաչած ժայռածերպերի բյուր ակունքներից բխող սառնորակ ջրերը։

 Մոտենում ենք ուխտավորներից մեկին, հետաքրքիր պատմություններ լսելու ակնկալիքով։ 

 «Հովհաննես Մանավազի Ավետիսյան,  ծնունդով Հարթաշեն գյուղից եմ, Հարթաշենի դպրոցի տնօրենն եմ եղել, դաս եմ տվել տարածաշրջանի բոլոր գյուղերում․ Մուսայելյան, Զույգաղբյուր, Կարմրավան, Սալուտ» ներկայանում է զրուցակիցս ու պատմում, թե ինչու են սուրբ Լուսաղբյուր անվանում և ինչ զորություն են վերագում աղբյուրի ջրերին։

«Պատահել է, որ վախեցած մարդու են բերել, ոտքերի և շատ այլ հիվանդություններով մարդկանց են բերել։ Արդեն 73 ամյակս է լրանում  ու այդ ողջ ընթացքում լսում եմ զորավոր Լուսաղբյուրի գործած հրաշքների մասին։ Այստեղ պատշոնյաներն էլ են հաճախ գալիս։ Մի քանի անգամ գնաք-գաք՝ դուք էլ կզգաք, որ հրաշքներ է գործում։ Ստամոքսի հիվանդությամբ մեկն եկավ, այս ջրից խմեց, մեկին-մեկ լավ զգաց ու գնաց։ Այս աղբյուրի ջուրը նաև մաշկային հիվանդություններ է բուժում, անձամբ եմ տեսել․ թե ոնց է մեր համագյուղացին այս ջրերով մարմնի վերքերը լվանում, հաջորդ օրը՝ վերքերը լրիվ լավացել էին։ Չէի ուզում այդքան անկեղծանալ, բայց՝ սա էլ եմ ասելու, փոքր ժամանակ, 2 տարեկանում, գլխիս մեծ  վերքեր են եղել, մայրս լացակումած բերել է Լուսաղբյուր, մոմ է վառել, խնդրել է միակ որդուն առողջացնի ու այս ջրով գլխիս մեծ-մեծ վերքերն է լվացել։ Հաջորդ օրն իսկ վերքերս լավացել են»։

Հովհաննես Ավետիսյանը ասում է, թե Լուսաղբյուրը երազներում էլ է հուշումներ տալիս, թե ինչ և ինչպես անեն որ փորձանքից հեռու մնան,  նաև ասում է, որ այն արդարություն վերականգնող աղբյուր է։

«Մի անգամ «սովետի վախտով, սովխոզի նախագահն արգելեց բանվորներին վարդավառին մասնակցել ու ազատ օրով լծեց աշխատանքի։ Ինչքան խնդրեցին՝ բա թե՝ «չէ»։ Հաջորդ օրը նախագահի աղջիկն ընկել, ոտքը կոտրել էր։ Ժողովուրդը միաբերան ասացին՝ «սուրբ Լուսաղբուրը պատժեց մեր անօրեն ղեկավարին»։ Այստեղ ուխտի գալիս, մարդիկ հետները մեծ ամաններով ջուր են տանում, տարիներով պահում են տներում։ Հաճախ նաև իրենց տան ցանկալի հյուրերին են հյուրասիրում»։

Հովհաննես Ավետիսյանը պատմում է, որ Լուսաղբյուրի մոտ խնդրանքով հաճախ չբեր կանայք են գալիս, մի քանիսից ճշտել է, որդի են ունեցել։ Նաև պատմում է, որ Լուսաղբյուրը օտարությունից հետ բերող աղբյուր է։ Իրենց համագյուղացին երկար տարիներ «խոպան» է գնացել ու չի վերադարձել։ Այն ժամանակ կապի միջոցներ չեն եղել ու ծնողները տարիներ շարունակ տեղեկություն չեն ունեցել իրենց որդուց։ Եկել են Լուսաղբյուրին խնդրել, որ որդուն տուն վերադարձնի։ Կարճ ժամանակ անց որդին հայրական օջախ է վերադարձել՝  ամուսնացած, կնոջ ու երեխաների հետ ու էլ երբեք գյուղը չի լքել։

 Պատերազմի ժամանակ էլ Լուսաղբյուրում ուխավորների պակաս չկար։

 Լուսաղբյուրի մոտ ընտանեկան միջոցառում էր կազմակերպել Բաղդասարյանների ընտանիքը։ Արմինե Բաղդասարյանի առաջին խնդրանքը աղբյուրին՝ զինվոր որդու՝ պատվով վերադարձն է եղել։ Որդին պատվով վերադարձել է, այժմ էլ Լուսաղբյուրին խնդում է պահպանել Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաներին ու ամոքել՝ մայրերին։

 Տեղաբնակները պատմում են, որ Լուսաղբյուրի վրա երակոյան ժամերին հաճախ լույս է երևում, Արմինե Բաղդասարյանը լսել է այդ մասին, չի հավատացել, մինչև մի օր աղբյուրի վրա իջած լույսն իրեն էլ է ապշեցրել։ «Գյումրիից 24 տարի առաջ հարս եմ եկել Հարթաշեն գյուղ։ Մենք բնակվում ենք դաշտաբերանին, որտեղից շատ լավ է երևում Լուսաղբյուրը։  մի տարի ձմռանը երբ բուքը փակել էր բոլոր ճանապարհները և ամեն ինչ ձյունով էր ծածկված, Լուսաղբյուրի վրա լույս տեսա,  մտածեցի մի գուցե ինչ ոչ մեկը տարածքում լույս է վառել։ Հետո՝ ամուսնուս հետ եկանք ու տեսանք, որ տարածքում ոչ մի ոտնահետք չկար։

Լուսաղբյուրին հրաժեշտ տալիս՝ յուրաքանչյուրս երազանք պահեցինք ու մեր խնդրանը հայտնեցինք սառնորակ ու քաղցրահամ, արևածոր ջրին։

 Մեզ ուղեկցղող Սուրեն Սարգսյանն Լուսաղբյուրին խնդրում էր ուժ տալ մեր զինվորի բազկին, հզորություն տալ մեր բանակին ու  վերադարձ մեր կորուսյալ ժառանգությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button