Ծովահայեր

Halde-ն` լեռան բարձունքից ու լճի հատակից. «Ծովահայեր»

Այս պահին Արագածի Քարի լճի հատակում 900 շիշ գինի կա։ Չէ, դրանք ոչ կործանված նավում եղած գինիներ են, ոչ էլ ջրի տակ անցած հնավայրերում մնացած։ Թեև հենց հնավայրում` Էրեբունի արգելոց-թանգարանում իմացա, որ լճի հատակում այդքան գինի կա և դրանք առաջիկայում դուրս կբերվեն։

Հայաստանում առաջին անգամ սկսել են գինիները հնեցնել ստորջրյա եղանակով և այն նվիրել Արատտայի գերագույն աստծո` Halde-ի պատվին։ 900 շիշ կարմիր գինի արդեն 1 տարի պահ էին տվել 3185 մետր բարձրության վրա գտնվող Քարի լճում, 8 մետր խորությամբ, ինչի դուրս բերումը արկածային ճանապարհ է անցել։ 

Halde գինին համեմատել են այն նմուշի հետ, որը չի հնեցվել լճի հատակում ու որակական էական տարբերություններ գրանցել: Ցածր ջերմաստիճանի, թույլ լույսի, թթվածնի բացակայության և հավելյալ ճնշման պարագայում կարմիր գինիների համազգայական հատկանիշները զգալիորեն լավանում են:

Հնեցման ավարտին գինիները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև համտեսվել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագետների կողմից:

Ստորջրյա հնեցմամբ գինու նմուշները շարունակում են հայտնվել աշխարհի տարբեր գինեգործների և սոմելիեների ձեռքում՝ դիտարկելու որպես նորամուծություն։ Լաբորատոր փորձարկումները շարունակվում են՝ հասկանալու, թե հատկապես ինչո՞ւ և ինչպե՞ս է լավանում գինու որակը ջրի տակ։

«Մարան» ընկերության գինեգործ Ֆրունզ Հարությունյանն ասում է, որ «Halde»-ի պարագայում՝ ձեռք-ձեռքի բռնած են ընթանում դիցայինը և տեխնոլոգիականը։ Քանի որ Կարմիր բլուրը Հայկական լեռնաշխարհում գինեգործության այցեքարտն է, բոլոր գինեգործական ընկերություներին առաջարկում է իրենց շահույթից հատկացում անել, ֆինանսավորելու հնագիտական պեղումները։  Halde գինու բարեգործական վաճառքի հասույթը հենց այդ նպատակին էլ ուղղվելու է։»

Ստորջրյա հնեցմամբ հայկական առաջին գինու ու մեր լեռնաշխարհում գինեգործության 3000 տարվա ավանդույթների մասին տաղավարում պատմում են «Մարան» ընկերության գինեգործ Ֆրունզ Հարությունյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button