Արմատներ

«Նարեկացի» նվագախումբ՝ նոր շունչ, նոր մոտեցում, նոր ստեղծագործություններ և կատարումներ․ «Արմատներ»

Նարեկացի արվեստի միության մշակութային գործունեությունը մեզանում վաղուց հայտնի է՝ սկսած միջոցառումների, համերգների, ցուցահանդեսների համար անվճար տրամադրվող համերգադահլիճից ու ցուցասրահից, մինչև զանազան կրթական ծրագրերը, հրատարակչական գործունեությունը՝ գրքեր, ձայներիզներ և իհարկե Նարեկացի ազգային նվագախումբը, որն արդեն տարիներ ի վեր իր կարևոր տեղն ու դերն ունի հայ ազգային երաժշտության ասպարեզում:

Այս հրաշալի նվագախմբի ստեղծման հիմքում հայ երեխաների ու պատանիների համար ազգային նվագարանների անվճար դասերի հնարավորությունն էր, որից օգտվեցին շատերը, այնուհետև փայլուն երաժիշտ, թառահար Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ ստեղծվեց մի հրաշալի նվագախումբ, որը ժամանակի ընթացքում ընդլայնվեց, մեծացավ և նվագախմբի կազմը և նվագացանկը՝ ունկնդրին ներկայացնելով ոչ միայն փայլուն, այլև շատ հաճախ անսպասելի կատարումներ, որոնցից մի քանիսը տեղ են գտել նվագախմբի նոր ձայնասկավառակի մեջ:

Նոր շունչ խորագիրը կրող այս ձայնասկավառակը պարունակում է ոչ միայն հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, այլև հայ դասական երաժշտության շատ հետաքրքիր նմուշներ և ոչ հայկական, իսկ թե ինչ ստեղծագործություն, կանդրադառնանք առանձին, իսկ սկզբի համար ասեմ, որ հիմա, արդեն մի քանի տարի նվագախումբը ղեկավարում է հրաշալի երաժիշտ, կոմպոզիտոր, թառահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրը, որի մշակումներն ու գործիքավորումներն իսկապես նոր շունչ են:

Արտեմ Խաչատուրը ստանձնելով նվագախմբի ղեկավարի պարտականությունը՝ խնդիր էր դրել ստեղծելու այնպիսի նվագախումբ, որն իր որակով, հնչողությամբ, կատարողականությամբ չէր զիջելու որևէ սիմֆոնիկ նվագախմբի։

Կարծում եմ սա արդեն վաղուց բոլորին պարզ է, ովքեր հետևում են այս հրաշալի նվագախմբի գործունեությանը, ովքեր ճանաչում են Արտեմ Խաչատուր երաժշտի ոճն ու ձեռագիրը, բացառիկ ազգային մտածողությունը, երաժշտական ճաշակն ու գիտելիքը, իսկ այս ամենը հնարավոր է դարձրել ՆԱՄ գործադիր պրոդյուսեր Նարեկ Հարությունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button