ԿարևորՏնտեսական

Շիրակում գարնանացանը բերք չի տվել․ կամ երաշտն է «մեղավոր», կամ ցանածը սերմ չէ

Շիրակի մարզի որոշ գյուղերում գարնանացանի բերքը սպասվածից շատ ավելի պակաս է։ Գետափ գյուղի բնակիչները կարծում են, որ պատճառը ոչ թե այս տարվա սակավաջրությունն է, այլ  կառավարության սուբսիդավորած ծրագրով ստացած գարնանացան ցորենի սերմի որակը։ Նրանք մտադիր են դատի տալ ներմուծող ընկերությանն ու սերմերի գործակալությանը։

Հացահատիկի շտեմարան համարվող Շիրակի մարզում այս տարի գարնանը 21 100 հեկտար հացահատիկ է ցանվել։ 2500  հեկտարից բերք չի հնձվի ընդհանրապես։ «Պատճառը երաշտն է»,-ասում է Անդրանիկ Նալբանդյանը՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատարը։

«12 տարի այս բաժնում եմ աշխատում, և գարնանացանի նման ցածր բերք դեռ չի գրանցվել»։

Գետափ գյուղի բնակիչ Տիգրան Թադևոսյանը համաձայն չէ, թե «մեղավորը» երաշտն է։ Ասում է՝ խնդիրը կառավարության սուբսիդավորած գարնանացանի սերմերն են․ «1 միլիոնից ավելի ծախս եմ արել  ու հիմա չգիտեմ՝ ինչ եմ անելու, ընդհանրապես բերք չի քաղվի»։

Իրավիճակից ելք գտնելու հույսով Տիգրանը դիմել է կառավարություն, նաև 7-րդ գումարման  ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին: Պատկան մարմիններից ստացված պատասխանը տարակուսանք է առաջացրել։ «Վեգետացիոն շրջանը 180 օր է, կլրանա հոկտեմբերի վերջին»․ կառավարությունից գյուղացիներին տրված այս պատասխանը պատգամավորը մտահոգիչ է համարում․

«Շիրակի բնակլիմայական պայմաններից ելնելով՝ պարզ է, որ հոկտեմբերին չի կարող գարի հասունանալ: Փաստացի, դուրս է գալիս, որ այս մարդիկ, առանց իմանալու, որ աշնանացան հացահատիկ են ցանում, ցանել են գարնանը՝ գնելով մրցույթով հաղթած կազմակերպություններից: Որևէ մեկն այս պահին պատասխանատվություն չի կրում դրա համար»:

Տիգրան Թադևոսյանն ասում է՝ դատի է տալու սերմերի գործակալությանն ու սերմացուն ներկրող ընկերությանը։ «Ռադիոլուր»-ը կապ հաստատեց սերմացուն ներկրող ընկերության ղեկավար Ցոլակ Հովհաննիսյանի հետ։ Զանգի պահին նա Գետափում էր՝ ծանոթանում էր իրավիճակին։ Գյուղացիներին հորդորում էր ըմբռնումով մոտենալ․ ինքն էլ նույն խնդրի առաջ է կանգնած․ «Ում մեղադրես, մարդիկ մի տեղից հատուցում են ուզում ստանալ, իրական պատճառը երաշտն է»։

Կառավարության սուբսիդավորած՝ աշնանացան և գարնանացան հացահատիկի ծրագրին մասնակցել, մրցույթում հաղթել ու մատակարար է դարձել շուրջ 2 տասնյակ ընկերություն, 5-ը՝ Շիրակի մարզից: Ինչո՞ւ Շիրակի դաշտերում ցանված հատիկի մի մասը բերք չտվեց․  «իսկապե՞ս բարձրակարգ սերմի փոխարեն պարենի գարի է ներկրվել» «Ռադիոլուր»-ը գյուղատնտեսներին հետաքրքող հարցն ուղղեց կառավարության ծրագրով գարնանացան ներկրած  «Արիստակես Պետրոսյան» ԱՁ ղեկավար  Հունան Պետրոսյանին․

«Զրպարտանք է։ Սերմը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, Ստավրոպոլից, Ռոստովից, Կրասնոդարից ու Վորոնեժից՝ սերտիֆիկատով։ Այնտեղից հնարավոր չէ կեղծ սերմ դուրս գա։ Երբ եկավ հասավ Հայաստան, գալիս են կառավարությանն առընթեր սերմերի գործակալությունից, կապարակնիքով կնքված մեքենաները բացում են ու միանգամից նմուշառում են կատարում»։

Հունան Պետրոսյանն ասում է՝ կապարակնիքները հենց գյուղամիջում են բացվել, որ ամեն ինչ ժողովրդի աչքի առաջ լինի։

«Ժողովրդի վստահությունը կորել է ամեն ինչի նկատմամբ։ Հացահատիկի բնութագրերից մեկը պարկի վրա է կարված, մեկն էլ՝ պարկի մեջ է դրված։ Եթե ուզենաս փոխել, պետք է պարկը քանդես ու չես կարողանա ռուսական էտիկետկան վերականգնել»։

«Սերմն ստանալը, նմուշառում կատարելը, ժողովրդին բաժանելը ամբողջությամբ տեսագրված է»,- վստահեցնում է Հունան Պետրոսյանը։ Ասում է՝ 1 հա հացահատիկ ցանելու համար ծախսում են շուրջ 220 000 դրամ ու կրկնակի եկամուտ ակնկալում։ Այս տարի Մեղրաշենում 600 հա հացահատիկ չեն հավաքել, եթե երաշտ չլիներ՝ մոտ  264 մլն դրամի բերք կստանային, բայց հիմա վար ու ցանքի համար վերցրած վարկերը փակելու խնդիր ունեն։  Ներկրող ընկերության ղեկավարը նաև Մեղրաշեն  համայնքի ղեկավարն է, փորձառու գյուղատնտես։ Նրա դիտարկմամբ՝ բերքը քիչ է աննախադեպ երաշտի պատճառով, նույնիսկ վարսակի ու աշնանացան ցորենի արտերը չեն հնձվել։ Ասում է․ «Աշնանացան ցորեններ կան, որ չեն հնձվել, դա է՞լ կապ ունի վեգետացիայի հետ»։

Հունան Պետրոսյանը հիշում է, որ բնակլիմայական նման պատկեր, գուցե՝ ավելի թեթև, գրանցվել է նաև 2000 թվականին։ Կառավարությունն այն ժամանակ ելք է գտել ՄԱԿ-ի պարենային ծրագրի օգնությամբ։

«ՄԱԿ-ի պարենային ծրագրով պարկերով ալյուր, շաքար, սերմեր բաժանվեցին հանրապետությունում, մասնավորապես, մեր մարզում, որ երաշտի հետևանքները թեթևանային։  Այս տարի վիճակն ավելի ծանր է, չենք կարողանում ելքեր գտնել»։ 

Շիրակի մարզի բարձրադիր գոտիներում դեռ բերքահավաքը չի սկսվել, գյուղատնտեսների հույսն աշնանացանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button