Ստարտափ Հայաստան

Ձեռագործ մատանիների 24-ամյա «տիրուհին»․ «Ստարտափ Հայաստան»

Մարիամ Սարգսյանը 24 տարեկան է։ Համալսարանում սովորելը ինչ-ինչ խնդիրների պատճառով ինչ-որ պահի չստացվեց, հետո երբ հնարավորություն կար վերականգնվելու, պետք է վճարովի սովորեր։ Այս միտքն իրեն դուր չեկավ, ուստի որոշեց ինքնակրթությամբ զբաղվել ու կատարելագործվել։

Ինքնաճանաչման այս փուլում հասկացավ` արվեստը ձգում է իրեն։ Ու եթե հրաժարվել է բարձրագույն կրթությունից, մտածեց, որ պետք է զբաղվի նրանով, ինչն իրեն դուր է գալիս, բավարարում արվեստագետի իր պահանջմունքը ու դրա հետ մեկտեղ էլ` գումար վաստակի։

Մարիամը համարձակ որոշում է ընդունում։ Դուրս է գալիս աշխատանքից, հաշվում հավաքած գումարն ու հստակ որոշում՝ բիզնես սկսել։ Կողքից իմանալով Մարիամի համարձակ որոշման մասին` ընկերներն ու հարազատները ասել են, որ գուցե շուտ է նման քայլի գնալը, գուցե մի քիչ էլ մտածի, որովհետև եթե չստացվի բիզնեսը, ապա Մարիամը կմնա առանց աշխատանքի ու, հետևաբար, առանց գումարի։

Մարիամը գործել ինքնուրույն է սովորել։ Սկզբում էջում գործվածքներ էին. գլխարկներ, գլխակապեր, մանկական հագուստ։ Մարիամը պատրաստել է նաև հիմա շատ ակտուալ սքրանչիներ (մազակալ), վզնոցներ: Բայց հիմնական շեշտը դրված է եղել գործվածքների վրա: Եղանակի հետ սկսել է պահանջարկը քչանալ, և պետք էր ստեղծել մի բան, որը և´ նորություն կլիներ, և´ հետաքրքրություն կառաջացներ:

Փնտրտուքների մեջ Մարիամը պատահաբար ինտերնետում գտավ հետաքրքիր մատանիներ, որոնք օնլայն գնելու դեպքում կհասնեին 45 օրից: Փորձեց հայկական շուկայում գտնել նմանատիպը` ապարդյուն: Հետո սկսեց ուսումնասիրել՝ ի՞նչ նյութ է, ինչի՞ց և ինչպե՞ս է պատրաստվում և հասկացավ, որ ինքն էլ կարող է պատրաստել և մեր շուկան ողողել իր ձեռագործ մատանիներով։

Մարիամի համար կարևոր է, որ իր աշխատանքները հեշտ ձեռք բերվեն, շատ թանկ չլինեն։ Անսովոր է, բայց իր գլխավոր նպատակը արագ հարստանալը չէ։ Ուժգին էմոցիաներն ավելի կարևոր են, երբ քո ձեռքի աշխատանքը պետք է գալիս ինչ-որ մեկին։ Փոքրամարմին այս աղջկա բիզնես ծրագրերը մեծ են և իրագործելի, Մարիամը մեծ սիրով ու ոգևորվածությամբ է աշխատում, գիտի, որ Հայաստանում մի օր իր անունը բարձր տեղերից կլսվի, որպես «բիզնես լեդի»։

Ցուցադրել ավելի
Back to top button