

9-րդ սիմֆոնիայի չարաբաստիկ պարադոքսը գործեց նաև Տերտերյանի պարագայում։ Ինը սիմֆոնիա գրած հեղինակները կամ չեն ավարտել այն, կամ վախճանվել են՝ Բեթհովենից մինչև Բրուկներ, Մալեր և այլք։
9-րդ սիմֆոնիայի մի քանի էջ էր գրված, երբ գերմանացիները Ավետ Տերտերյանին 1994 թ․-ին հրավիրեցին Գերմանիա։ Տիկնոջ պատմելով, երբ կոմպոզիտորը տեղ է հասնում, տեսնում է, որ սիմֆոնիայի նոտաները անհետացել են։ Այդպես Տերտերյանի 9-րդ սիմֆոնիան կիսատ մնաց։
Տերտերյանը համաշխարհային դասական երաժշտության եզակի երևույթներից է։ Նրա երաժշտությունն այսօր ահազանգ է մարդկությանը։ Մետաֆիզիկական հզոր մի դաշտ է, որը ռեալ բաների մասին է խոսում և եզակի է համաշխարհային կոմպոզիտորական դպրոցում։
Դասավանդել և ներկայացնել Տերտերյանի միայն էսթետիկական կողմը, որպես կոմպոզիտոր՝ քիչ է ուսանողական լսարանի համար, ասում է արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի դոցենտ Նարինե Ավետիսյանը։
Տերտերյանը չէր ձգտում, որ իր ուսանողները իր նման, իր ոճով ստեղծագործեն։ Նա զարգացնում էր ուսանողի մեջ սեփական «ես»-ի մտածողությունը։ Սա Տերտերյան մանկավարժի ընդգծված հատկանիշն էր։ Նրա մեծությունը, նրա աշխարհընկալումը մեծ ազդեցություն է թողել իր սաների վրա։ Նա ոգեշնչում էր, բացում էր հետաքրքիր ճանապարհ դեպի ժամանակակից արվեստ, ժամանակակից կյանք։
Ավետ Տերտերյանը կարճ ժամանակահատված է դասավանդել կոնսերվատորիայում, նա մասշտաբային մտածելակերպի տեր անձնավորություն էր, որի հետ շատ հետաքրքիր էր շփվելը, խոսելը, անգամ բանավիճելը։
Այդ կարճ ժամանակահատվածում նա մեր երաժշտական աշխարհին տվել է փայլուն կադրեր։ Այնպես որ, լինել մանկավարժ՝ չի նշանակում պարտադիր դասավանդել որևէ կրթօջախում։ Նա իր քիչ ուսանողներով կարողացավ որոշակի դպրոց ձևավորել և փայլուն օրինակը, իհարկե, ժամանակակից կոմպոզիտորներն են։