Սփյուռքի ձայնը

Հայաստանում Ուկրաինայի մասին թյուր կարծիք կա. Դավիթ Մկրտչյան․ «Սփյուռքի ձայնը»

Ուկրաինայի հայ համայնքի հետ Հայաստանի աշխատանքները ինֆորմացիոն դաշտում բացակայում են` ցավով նշում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը: «Հայաստանից տարբեր մրցույթների, փառատոների և մարզական միջոցառումների են գալիս Ուկրաինա, սակայն մենք այդ մասին իմանում ենք հայկական մամուլից: Թե որն է խնդիրը՝ չգիտեմ: Գուցե այն, որ երկու երկրները լավ հարաբերություններ չունեն, կամ այն, որ միմյանց հետ համագործակցելու ցանկություն չկա»,- ասում է Դավիթ Մկրտչյանը:

Խնդիրը նոր չէ, դեռ այն ժամանակ, երբ գոյություն ուներ Սփյուռքի նախարարությունը, իսկ Հրանուշ Հակոբյանի հետ էլ ամենօրյա աշխատանք էր տարվում, նույն խնդիրը կար: Ինչ վերաբերում է այսօր գործող հանձնակատարի գրասենյակին և նրա ղեկավար Զարեհ Սինանյանին, ապա, ըստ միության փոխնախագահի, նա չորս անգամ եղել է Ուկրաինայում, հանդիպել համայնքի հետ, լսել խնդիրները, սակայն դեռ դրական արդյունք չկա:

Ուկրաինայի միությանն անդամակցում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ` քաղաքագետներ, գիտնականներ, գործարարներ։ «Նրանցից շատերն ունեն նաև իրենց սեփական գործը, սակայն համայնքային աշխատանքներին մշտապես մասնակցում են»,- ասում է Դավիթ Մկրտչյանը։

Միության նախագահը Վիլեն Շատվորյանն է, որի նախաձեռնությամբ այսօր Հայաստանում մի քանի մեծ ծրագիր է իրականացվում: «Առաջինը՝ քաղաքի բանուկ մասում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ կառուցվող սքեյթ-այգին է, որի աշխատաքները շուտով կավարտվեն: Հաջորդը ՝ Աջափնյակ համայնքում էլեկտրալցակայանի կառուցումն է, իսկ երրորդ խոշոր ծրագիրը կապված է դպրոցաշինության հետ»,- ասում է միության փոխնախարարը։

Դավիթ Մկրտչյանը նաև կարևորում է Ուկրաինայի հայերի կյանքում հայազգի, Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի դերը: «Այն, որ որոշ հարցերում նա իր դերակատարությունն է ունեցել՝ անուրանալի է: Նրա շնորհիվ Ուկրաինայի բարձր ատյաններում հաճախ է բարձրացվել Հայոց ցեղասպանության հարցը և այլն: Արսեն Ավակովը հաճախ է լինում հայերի միությունում, հանդիպում հայության հետ»,- ասում է Դավիթ Մկրտչյանը:

Հայաստանում սխալ տեսակետ կա ուկրաինացիների մասին, ասում է միության փոխնախագահը։ Վստահեցնում է` Ուկրաինայի հասարակությունը չի ճանաչում ոչ հայերին, ոչ էլ ադրբեջանցիներին: «Ամենից շատ խոսում կամ ճանաչում են վրացիների ու Վրաստանի մասին, քանի որ այս երկիրը ինֆորմացան տարածում է Ուկրաինայի տարածքում: Մեր մասին շատ չգիտեն, քանի որ մենք այդ հարցում պասիվ ենք»,- շեշտում է Դավիթ Մկրտչյանը:

Back to top button