ԿարևորՔաղաքական

Ի՞նչ պայմաններով է հաստատվում հրադադարը

44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի գործողությունները քաղաքական, դիվանագիտական, ռազմական ոլորտներում ապացուցում են, որ Արցախի հակամարտությունը կարգավորված չէ, որքան էլ պաշտոնական Բաքուն հայտարարում է հակառակը։ Ադրբեջանը փորձում է ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ ռազմական լոկալ գործողություններ սանձազերծելով պարտադրել Հայաստանին՝ ճանաչել Ադրբեջանի սահմանները, ինչն էլ ենթադրում է մոռանալ Արցախի մասին։ Ռազմական վերլուծաբանները, վերլուծելով շփման գծում ստեղծված իրավիճակը, արձանագրում են, որ նման գործողությունները սպասելի էին, քանի որ վերջին շրջանում թշնամին տարբեր տրամաչափի զենքեր էր կուտակում այդ հատվածում։

Հուլիսի 28–ի առավոտյան հայտնի դարձավ, որ թշնամին Հայաստանի հյուսիս-արևելյան՝ Վերին Շորժայի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում գրավել է հայկական գերիշխող հենակետ, որն այնուհետև հայկական զինուժը հետ է վերցրել։  Ադրբեջանն այդ կերպ նպատակ է ունեցել բարելավել դիրքերը՝ հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Այս տեղեկությունը ՊՆ-ն ներկայացրել է նաև մեր երկրում ներկայացված օտարերկյա դիվանագիտական առաքելության ռազմական կցորդներին՝ շեշտելով, որ Հայասատանի ԶՈւ–ն հակառակորդին հետ շպրտելու համար ձեռնարկում է բոլոր միջոցառումները։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն առավոտյան տեղի ունեցած մարտը համարում է ամենաուժեղը 44- օրյա պատերզամից հետո ՀՀ ինքնիշխան տարածքում, որն անմիջական վտանգ է ներկայացրել հարակից բնակավայրերի խաղաղ բնակչության համար։ Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը կիրառել է ծանր զինտեխնիկա, սակայն շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել։ Պն-ն նույնպես փաստում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր հակառակորդի կողմից զենքի կիրառմամբ իրականացված ամենալայնածավալ սադրանքն է տեղի ունեցել ՀՀ տարածքում։ ՄԻՊ–ի տվյալներով` հակառակորդը կրակել է Գեղարքունիքի 6՝ Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

«Հակառակորդը շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ոչ միայն այն հատվածներում, որտեղ տեղակայվել էր մայիսի 12–ից հետո, այլ մի փոքր առաջ է եկել։ Ոչ թե դիրքերն են գրավել, այլ առաջ են եկել։ Ամեն պահի վերսկսելու վտանգ կա։ Այնպես չէ, որ պայմանավորվել են հրադադարի շուրջ, այն ամեն վայրկյան կարող է վերսկսվել»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննսիյանը հիշեցնում է, որ երկու երեք ամիս է՝ Ադրեբեջանը ռազմական տեխնիկա էր կուտակում շփման գծի այդ հատվածում, և սպասելի էր, որ Բաքուն անպայման սադրանքի է դիմելու, բայց ոչ լայնածավալ գործողությունների, քանի որ պատրաստ չէ։ «Հարկավոր էր կարճաժամկետ բլից կրիգ իրականցնել, և դրանով ճնշում գործադրել Հայաստանի վրա, հաջողվեց, որովհետև կրակը դադարեցվել է սահմանազատում և սահմանագծում իրականացնելու պայմանով»,–կարծում  է փորձագետը՝ նկատի ունենալով Մոսկվայից եկող որոշ մեսիջներ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը և ՊՆ-ն արձանագրեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Երկու կողմն էլ ունեն կորուստներ։ Ադրբեջանը լռում է, հայկական կողմը՝ հայտնում 3 զոհված զինծառայողի  և 4 վիրավորի մասին։

Թե գերիշխող ո՞ր հենակետն է փորձել վերցնել հակառակորդը, հստակ հնարավոր չէ ասել, պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց փորձագիտական շրջանակների վերլուծության համաձայն, երբ Ադրբեջանը մայիսին ներխուժեց ՀՀ ինքնիշխան հյուսիս-արևելյան հատված և ամրաշինական աշխատանքներով փորձեց ամրանալ Վերին Շորժայի տարածքում, նախահարձակ ռազմական գործողությամբ  նշված տարածքից առավել հյուսիս խորանալու նպատակ է հետապնդել։

Ըստ Աժ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի՝ Ալիևի վերջին հայտարարությունը փաստում է, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ–ի տարածքի՝ Սյունիքի, Գեղարքունիքի նկատմամբ, միջազգային հանրությանն էլ փոխանցում է, որ ուժի սպառնալիքով հնարավոր է ամեն հարց լուծել՝ մի կողմ դնելով գործող միջազգային բոլոր նորմերը։ «Ադրբեջանն իր գործողությունների նախերագանքն արտահայտեց Ալիևի վերջին հարցազրույցի ժամանակ»,–ասում է պատգամավորը։   

«Ալիևը տարածքային հավակնություներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, խոսում Սյունիքի, Գեղարքունիքի և Երևանի մասին։  Խոսում, որ նպատակային ձևով խախտել են ՀՀ–ի սահմանը, սպասել ձնհալին, որ գործողություններ ձեռնարկի։ Ադրբեջանը դրանք որակում է որպես «ադրբեջանական տարածք», որտեղ եկել և հաստատվել են և պատրաստվում են ամրանալ»։

Ինչո՞ւ է Ալիևը շտապում։ Ըստ ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի հայտարարություններից հայտնի է դառնում, որ Բաքուն շտապում է սահմանազատման գործընթացի իրականացման, բայց ոչ թե ճգրտելու երկու կողմերի սահմանները, այլ՝ Արցախի հարցի վերջնական լուծման ուղղությամբ քայլերի իրագործման։ «Ադրբեջանի նպատակն է Արցախը ներառել ներկա սահմաններում՝  փակելով Արցախի հարցը վերջանակապես»,– ասում է ռազամական վերլուծաբանը։

«Մենք  պետք է պատրաստ լինենք ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի։ Խաղաղություն պարտադրելու համար պետք է լինի պատերազմ։ Կան դեռևս չլուծված հարցեր, որոնց շրջանակում են սահմանային հարցերը, այսպես կոչված անկլավների հարցը։ Խաղաղության պայմանագիրը, եթե լինի էլ, հենց այպես չի ստորագրվի, որպես կանոն խաղաղության փաստաթղթերը լինում են ցավոտ՝ երկու կողմերի համար էլ։ Այս դրվագային պատերազմներով Ադրբեջանը փորձում է ցավը մեղմել և պարտադրել իր խաղի կանոնները, որպեսզի այդ պայամանգիրը կնքեք՝ իր կանոններով»։

Վերլուծաբան Հարութ Արթին Առաքելյանն էլ կարծում է, որ  Ադրբեջանը շտապում է Հայաստանից կորզել այդ սահմանագծումն ու սահմանազատումը, որովհետև Ադրբեջանն իր անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա նշել է, որ ինքն իրեն համարում է Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ, հետևաբար իրենք միջազգայնորեն հաստատել են, որ լինելով իրավահաջորդ, իրենց կազմում երբևէ չեն եղել և չեն կարող լինել Արցախն ու Նախիջևանը: «Իսկ այս պահին փորձում է այդ սխալը շտկել կնքելով միջազգային իրավազորություն ունեցող պայմանագիր, որտեղ կհաստատի Արցախի և Նախիջևանի ադրբեջանական լինելը»,–ասում է վերլուծաբանը:

Ըստ ռուսական մամուլի, Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ։ Նախօրեին «Ինտերֆաքսը» տեղեկացրել էր, որ Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի հետ։ Մեր մամուլի համաձայն էլ․ «Մոսկվայում ընթանում են հայ-ադրբեջանական այսպես կոչված դեմարկացիոն հանձնաժողովի աշխատանքները»։

Ի՞նչ հանձնաժողով։ «Ռադիոլուրը» փորձեց տեղեկությունը ճշտել փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանից, ով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի Հայաստանի ներկայացուցիչն է։ Արդյո՞ք սահմանազատման և սահմանագծման քննարկումն ընթանում է հանձնաժողվի շրջանակում հարցին՝ գրասենյակից հայտնեցին․

«Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այս օրերին նախատեսվող բանակցությունների վերաբերյալ հարցերով խնդրում ենք դիմել ՊՆ, քանի որ դրանք առնչություն չունեն տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի գործունեության հետ»։

Back to top button