Սփյուռքի ձայնը

Կամավորները իրական Հայաստանը «գտել» են դեռ ինքնաթիռում․ «Սփյուռքի ձայնը»

Յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդ գոնե մեկ անգամ պետք է Հայաստան այցելի` համոզված են կամավորական աշխատանքներով հայրենիքում գտնվող Աննա Խեչումյանն ու Անի Սահակյանը։ Աննա Խեչումյանը ԱՄՆ-ից է, ծնունդով՝ Շվեյցարիայից, նախնիների ծննդավայրը՝ Իրան։ Անի Սահակյանը ծնվել է Սիրիայում, սակայն հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա։

Սփյուռքահայ երիտասարդների կամավորական աշխատանքները «Դեպի Հայք» կազմակերպության շնորհիվ են իրականացվում։ Աննան ապագա կինեզոթերապիստ է, Անին՝ մեդիայի և լրագրության ոլորտում է մասնագիտացել։ «Երբ արդեն որոշել էի Հայաստան գալ, ծանոթներիցս մեկն ասաց, որ չպետք է շատ սպասելիքներ ու ակնկալիքներ ունենալ, պետք է պարզապես գնալ Հայաստան ու ապրել այդ իրականության մեջ,- ասում է Կանադայից Անի Սահակյանը ու ժպտալով շարունակում,- իսկ իրական Հայաստանը ինքնաթիռում հայ ընտանիքի հետ անմիջական զրույցն էր, իրական Հայաստանը՝ ինքնաթիռից իջնելուն պես Արարատը տեսնելն էր, իրական Հայաստանը՝ ոտքով կամ երթուղայինով շրջելն է»։

Աննա Խեչումյանը, որը ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքից է, նկատում է, որ Հայաստան թե առաջին, թե հինգերորդ այցի ընթացքում էլ զգացողությունները նույնն են լինելու։ «Միայն Հայաստանում քեզ կարող են հարցնել ամուսնության մասին, քեզ համար փեսացու գտնել, օգնել տանել ճամպրուկներդ»,- ասում է 22-ամյա Աննան։
Նա աշխատում է «Կարմիր խաչ»-ում։ Զարմացած է հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմով և հմտություններով։ «Եթե ԱՄՆ-ում մի բժիշկը միայն մի գործում է մասնագիտացած, Հայաստանում ՝ մի քանի։ Եվ դա անում են ժպիտով, առանց տրտնջալու»,- պատմում է երիտասարդ մասնագետը, որը մեկ տարի ԱՄՆ-ում սովորելուց հետո նախատեսում է վերադառնալ Հայաստան։

Անի Սահակյանին էլ է զարմացրել հայրենակիցների մարդկային տեսակը։ «Մի անգամ երթուղայինով գնում էի աշխատանքի, մի ձեռքումս ջրի շիշն էր, մյուսում՝ համակարգիչս և դրամս, որը պետք է փոխանցեի վարորդին։ Եվ հանկարծ մեքենան արգելակեց, ես կորցրի ինքնատիրապետումս։ Մի մարդ բռնեց ձեռքիցս և ինձ օգնեց նստել։ Զարմացա և շատ ուրախացա, որովհետև Կանադայում նման բան տեղի չի ունենա, այնտեղ նման երևույթներն անթույլատրելի են»,- պատմում է Անին։

Երիտասարդ կամավորները 2 ամիս առաջ են եկել Հայաստան. «Դեպի Հայք» կազմակերպությունը հնարավորություն է տալիս մինչև մեկ տարի մնալ Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button