ԿարևորՏնտեսական

Սպառո՞ղն է վճարում, թե՞ բիզնեսը․ խոշոր հարկատուները 9 %-ով ավելի հարկ են վճարել

2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին 6 ամսիներին խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալն աճել է շուրջ  50 մլրդ դրամով կամ  9.3%-ով:  Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է առաջին կիսամյակի տվյալները։ Ամփոփումն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ․ խոշոր հարկատուների ցանկում ոչ միայն տնտեսվարողներն են, այլ նաև պետական մարմինները։   

«Գազպրոմ Արմենիա»,  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պաշտպանության նախարարություն, «Գրանդ Տոբակո», «Գեոպրոմայնինգ»․ Հայաստանի ամենախոշոր հարկատուների առաջին հնգյակն է։  Հազար խոշոր հարկատուներն այս տարվա առաջին կիսամյակում 584 մլրդ 440 մլն դրամ հարկ ու տուրք են վճարել։ Հատկանշական է, որ առաջին հնգյակում ներառված ընկերություններից երկուսը հանքարդյունաբերական ձեռնարկություններ են, առաջատարն էլ՝ «Գազպրոմ Արմենիա»–ն է։  Ի՞նչ իրողություններ են փաստում խոշոր հարկատուների ցանկում արձանագրված փոփոխությունները ։ Տնտեսագետ Հայկ Մնացականյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  կարևորում է տնտեսության կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը, այսպես ասենք, արտադրող տնտեսություն ունենալը։

«Ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ինչը նշանակում է, որ հիմնականում հարկ վճարում են սպառողները։ Մեր տնտեսությունը հիմնականում միտված է դեպի սպառում։ Եթե ուշադրություն դարձնեք, երկրորդ տեղում  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ն է, սա էլ, ըստ էության, հումք արտահանող կազմակերպություն է։ Գլոբալ առումով խիստ անհրաժեշտություն , պահանջ կա, որ տնտեսության կառուցվածքը փոխվի, ինչն էլ երկարաժամկետ հատվածում կբերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»։

Հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերութունների մի մասի վճարած հարկերն այդուհանդերձ նվազել են։ Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող  «Գեոպրոմայնինգ» ընկերությունն, օրինակ, անցյալ տարվա համեմատ 22 տոկոսով պակաս հարկ է վճարել։ Այն միակ ընկերությունը չէ, որի վճարած հարկերը նվազել են։ Այդ շարքում են նաև «Գրանդ Տոկաբո»–ն (13 մլրդ ), SPC–ը (3 մլրդ դրամ):  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ,  սակայն,  ավելի շատ են հարկային եկամուտներն ավելացրած ընկերությունները։

 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը  36 մլրդ դրամով ավելացրել է վճարումները, Թեղուտը այս տարվա առաջին կիսամյակում մոտ 10 մլրդ դրամ է վճարել, անցյալ տարի՝ 4 մլրդ դրամ, «Գազպրոմ Արմենիա»–ն՝  25 մլրդ դրամով,  «Լիդիան Արմենիա»–ն՝ 39 մլրդ դրամով ավելացրել է հարկային վճարումները։ Ընդհանրապես՝ տարբեր ընկերությունների մասով տարբեր գործոններ կան, որոնք ազդում են տնտեսական ակտիվության ու հարկային վճարումների վրա»։

Արմեն Քթոյանը նաև այլ  ընդգծում է անում՝  այս տարի նախորդի համեմատ ավելացել է 1 մլրդ դրամից ավելի հարկ վճարած  ընկերությունների թիվը․ 2021-ին 110 նման  ընկերություն է գործել Հայաստանում՝ 2020–ի 94–ի փոխարեն։ Նախորդ տարի  158 ընկերություն է 100 մլն դրամից ավելի շահութահարկ վճարել, այս տարի դրանց թիվը  181 է։ Վերլուծելով պատկերը՝ տնտեսագետն  արձանագրում է՝  ընդհանուր առմամբ, պատկերն արտացոլում է տնտեսական ընթացիկ իրողությունները։

«Թույլ վերականգնման դրսևորումներ կան։ Ընդհանուր առմամբ, հարկատուների ցանկն արտացոլում է այն միտումները, որոնք առկա են տնտեսության մեջ։ Օրինակ, հանքարդյունաբերող ընկերությունների պարագայում որոշակի ավելացումներ կան, ինչը պայմանավորված  է պղնձի գների ավելացմամբ, ուստի ավելացել են նաև հարկային պարտավորությունները»։

Հազար խոշոր հարկատուների ցանկում, տնտեսագետ Հայկ Մնացականյանի  խոսքով, հիմնականում սպառող կազմակերպություններն են։ Հիմնական հարկատուն, ըստ էության,  ոչ թե բիզնեսն է, այլ սպառողը։ Այս մասին վկայում է նաև հարկատեսակների համամասության փոփոխությունը․ շուրջ  2 տարի է, ինչ Հայաստանում  ավելանում են ոչ թե ուղղակի, այլ՝ անուղղակի հարկերը ։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Քթոյանը նույնպես  արձանագրում է՝ 1․5  տոկոսով նվազումը տոկոսը մեկ տարվա համար շատ է․

«Եթե հազար հարկատուների ցանկով նայենք, ապա ուղղակի հարկերի մասնաբաժինը ընդհանուր հարկերի մեջ շուրջ 39 տոկոս է։ 2020–ի նույն ժամանակահատվածում՝ 40 տոկոսից մի փոքր ավելի է։ Նույնիսկ 15 տոկոսի փոփոխությունն էական ազդեցություն է ունենում։ Դա նշանակում է, որ գործընթացը հետ ենք շրջում, մինչդեռ պետք է հակառակը լիներ»։

Մի հարցում տնտեսագետները համակարծիք են՝ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, սա երկարատև ու բարդ աշխատանք է, անհամեմատ ավելի բարդ, քան անուղղակի հարկերի հաշվին եկամուտների աճ ու տնտեսության զարգացում ապահովելը։ 

Back to top button