ԿարևորՀասարակություն

ԵԽԽՎ-ից Երևան ու Բաքու՝ փաստահավահաք առաքելությամբ

ԵԽԽՎ Միգրացիայի եւ փախստականների հանձնաժողովի անդամ  Նաիրա Զոհրաբյանը նույն հանձնաժողովի անդամ, փաստահավաք առաքելությամբ Երեւան ու Բաքու այցելած Փոլ Գավանին ներկայացրել է  տեղեկություններ՝  հայ գերիների ու ադրբեջանական վերահսկողության տակ մնացած հայկական մշակութային ժառանգության ուծացման մասին։

Առաքելության շրջանակում իռլանդացի պատգամավորը  հնարավորություն կունենա լսելու տեղահանված անձանց և հանդիպելու Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին, — ասվում է Վեհաժողովի տարածած տեղեկատվության մեջ։ Այցը հնարավորություն կտա առավել լավ հասկանալ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի դերն ու ներդրումը խնդիրների լուծման հարցում: Երեւան ու Բաքու այցից հետո, սեպտեմբերին, կկազմվի զեկույց՝ 44–օրյա պատերազմի հետևանքով երկրներում առաջացած հումանիտար վիճակի մասին։

ԵԽԽՎ-ն  պատրաստվում է սեպտեմբերին հատուկ զեկույց  հրապարակել  արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում և Ադրբեջանում առկա հումանիտար հետևանքների մասին։ Այդ նպատակով իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը այս օրերին Ադրբեջանում է, այցը կտեւի  հուլիսի 26-28-ը, որի ընթացքում  նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի խորհրդարանի ու կառավարության անդամների հետ, քննարկումներ կծավալի մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ: «Տեւական ժամանակ Բաքուն թույլ չէր տալիս Փոլ Գավանի այցելել Ադրբեջան, քանի որ թաքցնելու շատ բան կար»,–«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիարակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Մինչ Բաքու այցը՝ նա մայիսին Երեւանում էր, լսել եւ հավաքել է հայկական կողմի տրամադրած փաստերն ու մտահոգությունները։

«Երեւանում հայկական կողմը միասնական է եղել տեղեկություններ տրամադրելու հարցում։ Երբ իռլանդացի պատգամավորն սկսեց պարզել, ես տրամադրեցի զարհուրելի վիդեոներ Փոլ Գավանին, թե ինչպես են անարգվում, գլխատվում հայ գերիները, ուղարկել եմ  նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այն բազմաթիվ մշակութային  հուշարձանները, որոնցից հայկականության տարրը վերացվում է»։

Հայկական կողմը ծավալուն փաստեր է ներկայացրել գերիների մասին։  Նաիրա Զոհրաբյանը այս  գործում հստակություն մտցնելու նպատակով  անձամբ երկու ցուցակ է հանձնել իռլանդացի պատգամավորին։ Կարիք կա բոլոր հայ գերիների թիվը ճշտելու, քանի որ, ըստ նրա, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց թիվը մի քանի անգամ ավելին է, քան ներկայացնում է Բաքուն՝  շահարկելով ականապատ տարածքների քարտեզների տրամադրման թեման։

«Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի ականապատ տարածքների քարտեզները արդեն տրված են, եւ կասկած չունեմ, որ 45 գերիներին Ադրբեջանը կվերադարձնի, ինչը չեմ կարող ասել մյուս գերիների մասին, որոնց գոյությունը իր երկրում կատեգորիկ հերքում է  Բաքուն։

Կարծում եմ՝ շատ բան չի փոխի այս զեկույցը, քանի որ այն պարտադիր կատարման ենթակա չէ։ Իռլանդացի պատգամավորին կտանեն այն 45 գերիների մոտ, սակայն, բնական է, ցույց չեն տա մյուս  բազամթիվ հայ գերիներին»։ 

Գերությունից վերադարձածներից մեկը պատգամավորին պատմել է, որ իրեն ստիպել են ստորագրել փաստաթուղթ, որտեղ իր անունից բացի նշված է եղել  եւս  մի քանի հարյուր հայերի անուններ (723 )։ Պատգամավորը ենթադրում է, որ խոսքը, գուցե, գերիների մասին է, նաեւ նշում, որ կարողացել է մոտավորապես պարզել անհետ կորած համարվող  6 հայերի գտնվելու վայրը։ Ասում է , որ գիտի անգամ, որ  նրանք Գյանջայի բանտում են  պահվում,  որոնց մասին տեղեկությունը, սակայն, չի հաստատում Բաքուն։

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ Արցախը ունի հստակ փաստեր ու տեղեկություններ ադրբեջանական վայրագությունների մասին, ամեն բան փաստագրված է․ «Մեր փաստերը հիմնավոր են, եւ խնդիր չկա փաստերի կամ իրավական հարթության մեջ, խնդիրը քաղաքականությունն է։  Հնարավոր է՝ Բաքուն, կամ Անկարան, կամ մեկ այլ երկիր միջամտի, ու զեկույցը չլինի հայանպաստ, ու պրակտիկ կիրառություն չունենա, բայց դա չի նշանակում թե չպետք է աշխատենք»։

Միշտ պետք է աշխատել ու փաստեր ներկայացնել միջազգային հանրությանը ՝ ասում է Դավիթ Բաբայանը՝ վստահեցնելով, որ վաղ թե ուշ դրանք նշանակություն կունենան՝ իրականությունը  ի ցույց դնելու, Ադրբեջանի ֆաշիստական գործողությունները ներկայացնելու համար։  

Back to top button