ԿարևորՀասարակություն

Կան հիմքեր՝ Արցախից տեղահանվածների իրավունքների հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու

«Ժամանակն է, որ Հայաստանը միջազգային ատյաններում բարձրացնի 44-օրյա պատերազմի հետևանքով փախստական դարձած արցախցիների իրավունքների հարցը», -ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Նա հիշեցնում է, որ միջազգային իրավունքը  ենթադրում է  տեղահանված անձանց վերադարձի հնարավորություն, իսկ անհնարինության դեպքում՝ փոխհատուցում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում փաստաբանն  ընդգծել է այս հարցը Բաքվի առաջ  բարձրացնելու անհրաժեշտությունը՝ չբացառելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում համապատասխան փաստաթղթերի ընդունման հավանականությունը։ Արա Ղազարյանը զուգահեռ է տարել տարիներ առաջ  «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ում ընդունված  նախադեպային որոշման հետ։

Միջազգային իրավունքի մասնագետի հետ զրույցի առիթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու՝ Կիպրոսի որոշումն էր։ Օրեր առաջ ներկայացված դիմումում Կիպրոսը բողոք էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ հայտարարությունների առիթով։ ՄԱԿ-ի անվտшնգության խորհրդի 1984 թվականի բանաձևով, Վարոշան, որը չեզոք գոտի է համարվում, պետք է անձեռնմխելի մնա մինչև 1974-ին թուրքական ներխուժման հետևանքով վտшրվшծ կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը: Էրդողանն ու Թաթարը, մինչդեռ, սպառնում են բացել Վարոշան ու բնակեցնել այն կիպրոսցի թուրքերով:

Հարցին՝ պետք չէ՞ Կիպրոսի օրինակով միջազգային ատյաններում բարձրացնել նաև Բաքվից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների խնդիրը, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Պետք է, եթե այդ սպառնալիքները ուղեկցվում են իրողություններով, որոնք ամրագրված են  ՄԱԿ-ի կանոնադրությամբ»։ Իրավաբանը նշեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները։ Նրա խոսքով՝ Երևանն առայժմ միայն ՀԱՊԿ-ի լծակներից օգտվելու նախաձեռնություն է հանդես բերել։

Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Սևանի կամ Երևանի ադրբեջանական պատկանելության մասին Ալիևի ցնդաբանությունները ներքին լսարանի համար են, իսկ «դրսում» դրանք առնվազն տարակուսանք են առաջացնում։

Back to top button