ԿարևորՀասարակություն

Կայանների թիվն ավելանում է, վարորդներինը՝ ոչ․ ինչու էլեկտրամոբիլները պահանջված չեն Հայաստանում

Հայաստանում կավելանա ևս 15 կայան՝  էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման համար։ Կայաններն ավելանում են, էլեկտրամոբիլ նախընտրող վարորդները՝ ոչ։ Մեր  երկրում շուրջ  1000 վարորդ է նախընտրում երթևեկել էլեկտրական ավտոմեքենայով՝ վնաս չհասցնելով շրջակա միջավայրին և հրաժարվելով գազից ու բենզինից։ Մասնագետները կանխատեսում են, որ ընդամենը 10 տարի անց  աշխարհում տրասնպորտային գլխավոր փոխադրամիջոցը կդառնան հենց էլեկտրամոբիլները։ Ի՞նչն է խանգարում Հայաստանում դրանց ավելի արագ տարածմանը։

Ներքին շարժման այրիչով մեքենաների վարորդները հաճախ են շփվում ավտոմեխանիկների հետ՝ մեքենայի այս կամ այն մասի անսարքության պատճառով, էլեկտրամոբիլի վարորդը հիմնականում չունի այս խնդիր՝ տարվա կտրվածքով շուրջ 10 անգամ կրճատելով մեքենայի վրա արվող ծախսերը։

«Էլեկտրամոբիլի կառուցվածքում դետալները շուրջ 70%-ով պակաս են, քան ներքին շարժման այրիչով մեքենաներում, հետևապես՝ վարորդը խնայում է դրանց անսարքության համար ծախսվող գումարը, եթե էլեկտրամոբիլ է վարում»։

Կարենը Դերզյանը էլեկտրամոբիլային լիցքավորման կայանների տեղադրման Plug.am ծրագրի ղեկավարն է։ Ծրագիրն իրականացվում է դեռ 2018-ից՝ «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմանդրամի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հայաստանում արդեն շուրջ 40 էլեկտրալիցքավորման կայան կա, դրանցից 25-ը տեղադրվել է ծրագրի շրջանակում, 25-ից 22-ը մարզերում է։

«Ամենահեռավոր կետը Բագրատաշենի մոտ՝ Պտղավան գյուղում է, Երևանից մոտ 200 կմ հեռավորության վրա, իսկ հարավային հատվածում Հալիձոր համայնքում է՝ Տաթևի ճոպանուղու մոտ»։

Կայանները տեղադրվել են հատուկ հաշվարկներով, ճանապարհների այնպիսի հատվածներում, որ լիցքավորվելուց հետո մեքենան երկար ժամանակ կարիք չունենա լիցքավորման։ Հայաստանում էլեկտրամոբիլն ամբողջական լիցքավորում կարող է ստանալ 2-4 ժամում, ինչը բավական երկար ժամանակ է  և ոչ այնքան հարմար վարորդի համար։ Աշխարհում, սակայն, տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նույն գործողությունն արդեն  հնարավոր է անել ընդամենը 20 րոպեում։ Նման տեխնոլոգիաները դեռ թանկ են ու  Հայաստան մուտք չեն գործել։ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը վստահ է՝ շուտով զարգացած երկրներում մեքենան հնարավոր կլինի լիցքավորել նույնքան ժամանակահատվածում, որքան պահանջվում է բենզինով կամ գազով լիցքավորելիս։

«Տրանսպորտային հոսքի հիմնական մասը մինչև 2030 թվականը, կարծում եմ, որ ամբողջ աշխարհում կլինեն էլեկտրամոբիլները, դրանց տեխնիկական պայմանները կատարելագործվում են տարեցտարի»։

Էլեկտրական մեքենաները «անվտանգ» են նաև շրջակա միջավայրի համար։ Երկրագնդում ածխաթթու գազի 14 տոկոսն արտանետում են ավտոմոբիլները․ եթե անցում կատարվի էլեկտրամոբիլներին, շրջակա միջավայրն էլ «կշահի»։

«Մինչև 2050 թվականը 2/3-ով, իսկ մինչև 2100 թվականը՝ 1/3-ով էկոլոգիան մաքրվելու է, այսինքն՝ էլեկտրամոբիլները կմաքրեն անգամ շրջակա միջավայրը»։

40 կայաններին կավելանան ևս 15-ը․ 10-ը՝ Երևանում, 5-ը՝ մարզերում։ Նախաձեռնությունը Ուկրաինայի հայերի միությանն է, որը նախատեսում է ընդլայնել էլեկտրալիցաքավորման կայանների սոցիալական նախագծերը։ Էլեկտրակայնները կլինեն վճարովի՞, թե՞ ոչ՝  դեռ հայտնի չէ։

 Plug.am ծրագրի ղեկավարի խոսքով՝ իրենց տեղադրած 25 կայաններում վարորդն անվճար կարող է լիցքավորել իր էլեկտրամոբիլը։

«Լիցքավորում կարելի է իրականացնել նաև տնային պայմաններում։ Էլեկտրամոբիլներն ունեն հատուկ լիցքավորիչներ, և ինչպես հեռախոսն ենք լիցքավորում, այնպես էլ սովորական վարդակից կարող ենք լիցքավորել էլեկտրոմոբիլը, սովորաբար՝ 5-10 կմ-ի համար, բայց այսպես մի քանի անգամ ավելի դանդաղ է լիցքավորվում, քան կայաններում»։

Հայաստանում էլեկտրամոբիլ վարելու տենդենցը թույլ է զարգանում՝ ասում է զրուցակիցս, մարդիկ առայժմ  չեն ընտելանում էլեկտրական մեքենաներին։ Խնդիր է նաև դրանց արժեքը։ Էլեկտրամոբիլների շուկայական  գինը մեր երկրում սկսվում է 5 հազար դոլարից և հասնում 150 հազար  դոլարի։ Պետությունն իր հերթին է փորձում աջակցել էկոլոգիապես մաքուր մեքենաների ներմուծմանը։

«Էլեկտրամոբիլների քանակը հասել է 1000-ի, հիմա ներմուծումն,  իհարկե,  երկնիշ թվերով է, բայց դրան նպաստում են պետության կողմից որոշակի արտոնություններ, օրինակ՝ ԱԱՀ-ներ չկան, մաքսազրեծում չկա էլեկտրոմոբիլ բերելու դեպքում»։

Զրուցակիցներիս համոզմամբ՝ ընդամենը մեկ տասնամյակ հետո աշխարհում տրանսպորտային հիմնական միջոց կլինեն հենց էլեկտրամոբիլները, որոնք ոչ մեծ թափով, բայց տարածում կգտնեն նաև Հայասատնում։

Back to top button