ԿարևորՄշակույթ

Վերսկսվել են երկու պատերազմների պատճառով ընդհատված պեղումները

2020թ հուլիսյան դեպքերից հետո սկսված ու 44-օրյա պատերազմի պատճառով ընդհատված Տավուշ ամրոցի պեղումները շարունակվում են արդեն երկու շաբաթ։ ԿԳՄՍ նախարարության 2020թ բյուջեի տնտեսված միջոցներից Կառավարությունը «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացրել է շուրջ 11 մլն դրամ։ Արշավախմբի ղեկավար Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Տիգրան Ալեքսանյանը հիշեցնում է, որ նախկինում ամրոցի տարածքում պեղումներ իրականացվել են 1986-88թթ․

«Դրանք լայնածավալ պեղումներ չեն եղել։ Մասնավորապես, միջնաբերդի գագաթին միայն ստուգողական բնույթի պեղումներ են իրականացվել։ Ենթադրում եմ, այդ ժամանակ ևս պատերազմի պատճառով պեղումներն ընդհատվել են։ Առաջին փւլում հնարավոր է եղել գրեթե ամբողջությամբ պեղել ստորին բերդում գտնվող Սբ․ Աստվածածին եկեղեցին, որը մինչ այդ ամբողջությամբ հողով էր ծածկված»,– ասում է արշավախմբի ղեկավար Տիգրան Ալեքսանյանը։

Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ պահպանվել են ամրոցի միջնաբերդը, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցին, ամրոցի հարավարևմտյան մասում՝ հին բնակատեղին: Տիգրան Ալեքսանյանն ասում է՝ ծրագիրը նպատակ ունի որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերը կառուցապատելու հնարավորությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը:

«Պեղումները շատ կարևոր են տարածաշրջանի համար․ նման տիպի փոքր ամրոցները, որոնք նաև դիտակետի կարևոր նշանակություն են ունեցել, քիչ են ուսումնասիրված»,– նկատում է հնագետը։

Գրավոր աղբյուրներում Տավուշ ամրոցը հիշատակվում է որպես անառիկ, արշավախումբն էլ փորձում է հնագիտորեն վավերացնել պատմագիտական աղբյուրներում հիշատակվածը։

«Հիմա մենք փորձում ենք հասկանալ՝ միջնաբերդ տանող մուտքը որտեղ է եղել․ կա փոքր արահետ, բայց դա, կարծես, իրական հիմնական մուտքը չէ։ Գիտական առումով շատ կարևոր կլինի հասկանալ, թե որտեղից է եղել մուտքը, ինչպես են կազմակերպել ելքերը, պաշտպանությունը»։

ԿԳՄՍ նախարարությունում ակնկալում են, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը: Արշավախմբի ղեկավար Տիգրան Ալեքսանյանը, որպես օրինակ, նշում է Լոռու բերդը։ Այստեղ ևս պեղումներ իրականացնելուց հետո տուրիստների հոսքն ակտիվացավ։ Հնագետը հուսով է, որ նույնը կլինի նաև Տավուշ ամրոցի պարագայում․

«Հետաքրքիր գտածոներ ունենք։ Հիմա, ճիշտն ասած, վերին շերտերն ենք ուսումնասիրում, ստորին շերտերը շատ չենք բացում, քանի որ, երբ պատեր կամ նոր կառույցներ բացենք, շատ կարևոր է նաև, որ ամրակայման աշխատանքներ իրականացվեն, որպեսզի չփլուզվեն դրանք։ Միայն դրանից հետո, կարող ենք անցնել այլ շերտերի ուսումնասիրմանը։ Հետաքրքիր գտածոներ ունենք՝ հատկապես խեցեղեն, քարե առարկաներ։ Դրանք գալիս են վկայելու, որ մոնղոլական արշավանքներից հետո Տավուշ ամրոցը իր անառիկությունը չնայած կորցրել է, բայց կյանքը չի դադարել»,– ասում է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Տիգրան Ալեքսանյանը։

Արշավախմբի աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները․ հետաքրքրությունը մեծ է։ Երբ արժեքավոր մի բան են գտնում, տեղաբնակները գալիս են սեփական աչքով տեսնելու։ Այս տարի պեղումները կշարունակվեն մինչև աշուն, հետագա  ընթացքը ֆինանսավորումից է կախված։ Հնագիտական արշավախմբի ղեկավարը հույս է հայտնում, որ տարածքում հնագիտական աշխատանքներին կհաջորդեն նաև ամրաշինական աշխատանքները, որ եղածը չկորի։

Ցուցադրել ավելի
Back to top button