ԿարևորՀասարակություն

ՀՀ-ից Արցախին աջակցության ծրագրերը շարունակվում են, ցուցակները՝ ճշգրտվում

Հայաստանի և Արցախի սոցապնախարարությունները համատեղ փորձում են վերջնական տեսքի բերել և ճշգրտել պատերազմի հետևանքով աջակցություն ստացող ընտանիքների ցուցակները։ «Ռադիոլուրին» Արցախի մի շարք քաղաքացիներ փոխանցել էին, որ իրենք կարող են լինել շահառու, սակայն դուրս են մնացել այդ ցուցակներից։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արցախցիների փոխհատուցման և աջակցման ծրագրերի մանրամասները՝ ստորև։

Պատերազմի հետևանքով հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տեղահանված բնակիչների 97 տոկոսն արդեն օգտվել է աջակցության ծրագրերից։  Հայաստանում և Արցախում բնակվող արցախցիներին աջակցելու շուրջ 2 տասնյակ ծրագիր է իրականացվում, մի մասը՝ պարզապես ֆինանսական աջակցության, մի մասն էլ՝ վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման ուղղությամբ։ Մի մասն արդեն ավարտվել է։ Դեռ ընթացքի մեջ գտնվող որոշ ծրագրերի շահառուները շարունակում են դիմել։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովման և դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը խոսում է նաև այս ընթացքում ծագած խնդիրներից։

«Բոլոր միջոցառումների մասով մենք ունենք խնդիր փաստացի հաշվառման հետ կապված, Արցախի մեր գործընկերներն անընդհատ աշխատում են, նոր ցուցակներ ենք ստանում»։

Ծրագրերի շահառուներն են Արցախում իրենց բնակարանը կորցրած, գույքային վնաս կրած ընտանիքներ, զոհված, վիրավորված կամ անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներ, մինչև 5 տարեկան արցախցիներ և այլն։ Անահիտ Գալստյանը ներկայացնում է համառոտ։

«Ծրագրերից մեկով 68 000 դրամ տրամադրվում է Արցախի յուրաքանչյուր բնակչի, իսկ եթե ՀՀ–ում չունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, տրամադրվում է լրացուցիչ 15 000 դրամ»։

Երկրորդ ծրագիրն այն արցախցիների համար է, որոնց բնակարանները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում։ Յուրաքանչյուրին տրամադրվում է միանվագ 300 000 դրամ։

«Գումարները տրամադրվում են յուրաքանչյուր անձի՝ անկախ չափահաս– անչափահաս լինելու հանգամանքից։ Եթե ընտանիքում կա, օրինակ, 3 երեխա, հայր, մայր, տատիկ, պապաիկ, ապա այդ ընտանիքը կստանա 2 մլն 100 հազար դրամ»։

Ադրբեջանի վերահսկողության տակ չգտնվող, սակայն վնասված և բնակվելու համար անպիտան դարձած բնակավայրերից մեր հայրենակիցներին աջակցում են այլ ծրագրով՝ միանվագ 250 000 դրամ։ Ծրագրերից մեկն էլ իրականացվել է ամանորին։ Նախարարության ներկայացուցիչն այն որակում է որպես փոքրիկ նվեր․ մինչև 5 տարեկան արցախցիներին դեկտեմբերին տրամադրվել է 20 000-ական դրամ։ Մեկ այլ ծրագրով Արցախի ամեն բնակչի 4 ամիս 68 000 դրամ է վճարվում։

«Երկու տարվա համար այս նպատակով 49 միլիարդ դրամից մի փոքր ավելի գումար է հատկացվել պետական բյուջեից։ Սրանք անհատական, դիմումի հիման վրա տրամադրվող փոխհատուցումներ են։ Առանց դիմումի փոխհատուցվել են Արցախում բնակվողների գազի և լույսի ծախսերը՝ սեպտեմբերից մարդ՝ 7 ամիս։ Դրա համար տրամադրվել է 6.2 միլիոն դրամ»։

Հայաստանից տրամադրվող փոխհատուցման ծրագրերի մյուս փաթեթը ներկայացնում է նախարարության ինտեգրացված սոցիալական ծառայության բաժնի պետ Արտակ Հարությունյանը։ Այս ծրագրերի շահառուներ են, օրինակ, Հայաստանի այն քաղաքացիները, որոնց անշարժ գույքը վնասվել է պատերազմի ընթացքում․

«Դիմումներ ստացել ենք միայն Սյունիքի մարզից 120 քաղաքացու վնասը փոխհատուցելու համար տրամադրվել է 52 միլիոն դրամ»։

Արցախցիների աջակցության որոշ ծրագրեր արդեն ավարտվել են։ Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած և անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներից յուրաքանչյուրի համար նախատեսված է 1-20 միլիոն դրամի փոխհատուցում։

«Զոհված անձանց ընտանիքներին հատկացվել է 5 միլիոն դրամ, 1-ին, 2–րդ, 3–րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց դեպքում համապատասխանաբար 3, 2, 1 միլիոն դրամ։ Հաշմանդամություն ձեռք բերած երեխայի դեպքում 3 միլիոն դրամ, անհետ կորած և գերևարված անձանց ընտանիքներին՝ 1 միլիոն դրամ»։

Փոխհատուցում նախատեսված է նաև արցախցի ընտանիքների հյուրընկալած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար։ 

Փոխհատուցում ստացող շահառուների ցանկը դեռ չի ամբողջացել, շարունակում են դիմումներ ստանալ։ Սոցապնախարարության ներկայացուցիչներն, ի պատասխան մտահոգությունների, որ շահառու հանդիսացող անձինք ներառված չեն փոխհատուցման այս կամ այն ցուցակում, պարզաբանում են՝  ակտիվորեն գործակցում են Արցախի գործընկեր նախարարությունների հետ՝ ճշգրտելու ցուցակները։

Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սարդարյանը տեղեկացնում է՝ տեղահանված բնակիչների 97 տոկոսն արդեն օգտվել է ծրագրերից։ Ներկայացնում է նաև այն ծրագրերը, որոնք ոչ թե ֆինանասական, այլ աշխատանքային աջակցություն են ենթադրում․

«Գործում է զբաղվածության ծրագիր, որը բաղկացած է 2 մասից։ Առաջինը աշխատավարձի և վերապատրաստման եռամսյա ծրագիրն է՝ 100 հազարական դրամների հատկացմամբ»։

Ծրագրի մի բաղադրիչ էլ ենթադրում է օրավարձով աշխատանք Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված քաղաքացիների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button