ԿարևորՄշակույթ

«Կռունկը» մնաց Ղազանչեցոցում

Ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի` բելգիահայ երաժիշտ Սևակ Ավանեսյանը  նվագը 2020 թ–ին հնչեց  հրետակոծված  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում… Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը  առաջին ու վերջին անգամ նվագեց  Կոմիտասի «Կռունկը»։ Ավանեսյանն այժմ Հայաստանում է և եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի, դաշնակահար Մարիաննա Շիրինյանի հետ Երևանում ելույթ է ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

2020-ի  հոկտեմբերի 12-ին  Կոմիտասի կռունկն առաջին ու վերջին  անգամ հնչեց  Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցում։  Կռունկի ելևէջները այստեղից տարածվեցին աշխարհով։  Կռունկը հնչեց որպես մեսիջ, որ աշխարհն անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Հայաստանում ու Արցախ աշխարհում։ Կռունկը եկավ ու լուր բերեց․ լուրը լավը չէր։ Բելգիահայ երաժիշտն ասում է՝ «Կռունկը» մնաց Ղազանչեցոցում, ու եթե պետք է էլի մի օր հնչի, ապա միայն այնտեղ։

 «Չէ, հաստատ չեմ կարող նվագել, ամեն ինչ  կարող եմ նվագել, բացի Կռունկից»։ 

Պատերազմի օրերին  նա Արցախում էր։ Օգնելու էր եկել։ Հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոցն արդեն երկու անգամ հրթիռակոծվել էր։  Եկեղեցում որոշեց նվագել ոչ թե հայտնի դառնալու, այլ մեր ձայնը լսելի դարձնելու  համար։

«Այդ նպատակով նվագեցի եկեղեցում, բայց նոյեմբերի 9-ից մինչ օրս չեմ խոսել այդ մասին, քանի որ կատարումը մնաց պատմության մեջ: Իմ նվագը շատ փոխվեց պատերազմից հետո: Նույն գործերը հիմա այլ կերպ եմ տեսնում: Երբ պատերազմի օրերին Արցախում էի, գլխումս Բեթհովենի մի քանի ստեղծագործություն էր պտտվում:  Սթրես էր, վախ, որ ամեն վայրկյան կարող են կրակել, կամ անօդաչու թռչող սարքը կարող է հարվածել: Ինձ պահողը, հաց ու ջուրը երաժշտությունն էր, և պատերազմից հետո այլ կերպ եմ տեսնում ամեն բան»,-ընդգծում է նա:

Երբ Սևակին ասացի՝ բարի գալուստ, զարմացավ։  Բելգիայում ապրող երաժիշտն ասում է՝ այսուհետ  Երևանն է իր տունը։ Պարզապես գնում է հյուրախաղերի ու հետ գալիս։

20 տարեկանում ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան,  միաժամանակ սովորել Բելգիայի թագուհի Ելիզավետայի անվան կապելլայում և Բեռլինի ասպիրանտուրայում: Մի շարք միջազգային մրցույթների հաղթող է : Եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո, որը հենց այդպես էլ կոչվում է «Avanesyan Trio»:

Պատերազմից հետո շատ է եղել Արցախում։ Ծանր է, դժվար, բայց պետք է գնալ Արցախ։

«Ծանրն անցակետերն անցնելն է,  բայց երբ Արցախում երեխաները վազվզում են, ծիծաղում, դպրոց գնում, երբ մարդը, որը զրկվել է ոտքից, ժպտում է, ասում, որ պետք է նորից ստեղծել, երբ Հադրութում երկու որդուն կորցրած կինը ժպտում է, գալիս համերգի ու խոսում նորից կառուցելու մասին, հասկանում ես, որ Արցախը կա, Հայաստանը կա և անհրաժեշտ է կրկին կառուցել»:

Զրույցը տեղափոխվում է այլ դաշտ։ Թավջութակահարը  պրոֆեսիոնալ մարզիկ է․ համատեղում երաժշտությունն ու սպորտը: Վստահեցնում է՝ սպորտը ևս նրբություն է պահանջում, ինչն իրեն տալիս է երաժշտությունը։ Միանգամից  անհանգստանում եմ ու հայացքս ուղղում մատներին՝ մատներդ չե՞ն վնասվում։

«Մարտարվեստ բառն արդեն խոսում է այն մասին, որ այն ևս արվեստ է: Մի քանի շաբաթ առաջ մասնակցել եմ բրազիլական ջիու-ջիթսուի և կրաֆտինգի Հայաստանի առաջնությանը և պատրաստվում եմ մասնակցել Մարտեր առանց կանոնների աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի վերջին: Ձեռքերս դեռ լուրջ չեն վնասվել: Մարզումների և մրցումների ժամանակ վնասվածքներ ստանում եմ, բայց դա չի խանգարում նվագել»։

Սևակ Ավանեսյանն այժմ նվագում է հանրահայտ թավջութակահար Միշա Մայսկու գործիքով:

Հիմա օրակարգում համերգն է Հայաստանի  պետական սիմֆոնիկ նվագախմբ հետ ։ Գաղափարն իրենն է։  Սմբատյանն էլ չի մերժել ու առաջարկել է ելույթ ունենալ միասին:

Համերգի համար ընտրվել են Բեթհովեն՝ «Եռակի կոնցերտ» և Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի»։ «Կռունկը» պահում է։ Համերգի այդ օրը կգա։

Ցուցադրել ավելի
Back to top button