ԿարևորՄշակույթ

Երբ պարում էինք, Էլվիրան լաց էր լինում, ես «Դիմակահանդեսի» վերջում էի հուզվում․ հանդիպում 30 տարի անց

30 տարի անց թատրոնում հանդիպել են բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանն ու բալետի արտիստուհի Էլվիրա Մնացականյանը։ 20 տարի միասին նրանք հանդես են եկել Արամ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» ու «Դիմակահանդես» բալետային ներկայացումներում։ Էլվիրա Մնացականյանի և Ռաֆայել Ավնիկյանի ամենավառ հիշողությունները հենց Արամ Խաչատրյանի հետ հանդիպումներից են։ Բալետի արտիստուհին պատմում է՝ կոմպոզիտորը պրեմիերաներից առաջ գալիս էր փորձերին, դիտում, իսկ երբ տեսնում էր արտիստները հոգնել են, քաղցրավենիք էր հյուրասիրում։

Բարձրակրունկներով, նուրբ շպարով ու, վստահաբար, ոչ պակաս հմայիչ, քան տասնամյակներ առաջ։ Էլվիրա Մնացականյանը 34 տարի աշխատել է Երևանի Ա․ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես առաջատար մենապարուհի։ Պարուհուն հատուկ ձիգ կազմվածքը, աչքերի ժպիտն ու հմայքը զարդարում են 77–ամյա կնոջը․ թվում է՝ ցանկացած պահի նա պատրաստ է պարել Արամ Խաչատրյանի «Գայանե»-ում, «Սպարտակ»-ում կամ «Դիմակահանդես»-ում։

«1974թ, երբ «Գայանե»-ի պրեմիերան եղավ, ամեն ինչ շատ տպավորիչ էր, քանի որ հենց ինքը՝ Խաչատրյանը նախօրոք եկել էր, նայում էր փորձերը, հետաքրքրվում էր, խորհուրդներ էր տալիս։ Շատ ջերմ մարդ էր։ Երբ գալիս էր, տեսնում էր մենք հոգնել ենք, ասում էր․ «Ինչո՞ւ եք տանջում երեխաներին․․․ գնացե՛ք, հանգստացե՛ք»։ Հետո գնում էր բուֆետից շոկոլադ էր բերում, տալիս մեզ։ Արամ Խաչատրյանը բնավորությամբ այնպիսինն էր, որ ամեն ինչ հավանում էր, միայն թե իր երաժշտությանը ձեռք չտային, չէր սիրում, որ իր երաժշտությունը, օրինակ, կրճատում էին»,– պատմում է ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանը։

Տարիներ անց Էլվիրա Մնացականյանը պարընկերոջը՝ բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Ավնիկյանին  հանդիպել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ 30 տարի անց միասին պարել չեն փորձել, բայց հիշողությունները անսպառ են․ միշտ հիշելու, վերապրելու բան կա․

«Երբ հանդիպում ենք, սկսում ենք հիշել անցած տարիները։ Այնպիսի տարիներ ենք անցկացրել, միասին թե՛ լավն ենք տեսել, թե՛ վատը, և՛ հաջողություն ենք ունեցել, և՛ հիասթափություն»,– ասում է Ռաֆայել Ավնիկյանը։

Ռաֆայել Ավնիկյանն ամեն տարի Հայաստան է գալիս։ Քայլերը տանում են օպերային թատրոնի շենք, հետո անպայման ցայտաղբյուրից ջուր է խմում։ Արամ Խաչատրյանի հայտնի բալետներում հանդես գալուց տարիներ անց միայն պատահաբար պարզել է, որ աշխարհահռչակ կոմպոզիտորի հետ Թիֆլիսում հարևաններ են եղել․

«Արամ Խաչատրյանի մասին մի շատ գեղեցիկ ֆիլմ տեսա։ Այնտեղ պատմում էին կոմպոզիտորի Թիֆլիսի տան մասին, հասկացա, որ դա հենց մեր թաղն է, որտեղ ապրում էինք․․․ Ես երջանիկ մարդ եմ, քանի որ հանդիպել եմ Արամ Խաչատրյանին, երջանիկ եմ, որ ունեցել եմ լավագույն պարուսույցներ, երջանիկ եմ, որ պարել եմ Արամ Խաչատրյանի 3 բալետում»,– հիշում է բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանը։

Հիմա պարի կարոտը աշակերտներից է առնում։ Ասում է․ «Եթե աշակերտներս հաջողության են հասնում, նշանակում է՝ ես շարունակում եմ պարել»։ Ռաֆայել Ավնիկյանը 2007թ–ից աշխատում է Շվեյցարիայի Բասսել քաղաքի բալետի թատրոնում։ Առաջին ու միակ բալետմայստերն է, որ արժանացել է Իվետ Շովիրե դիպլոմի․ մինչև օրս այդ դիպլոմը որևէ մեկին դեռ չի շնորհվել։ Արտիստը հպարտանում է․ իր ելույթները հենց Արամ Խաչատրյանն է դիտել։

«Շատ ջերմ թիֆլիսահայ էր, յուրահատուկ հումորն ուներ։ Եկել էր «Սպարտակը» նայելու։ Արամ Խաչատրյանը ելույթից հետո հարցրել է՝ ո՞վ է այս տղան։ Տնօրենս պատասխանել է․ «Ի դեպ, թիֆլիսցի է»։ Խաչատրյանն էլ ոգևորված պատասխանել է․ «Բա որ ասո՞ւմ եմ․ մենք՝ բոլոր թիֆլիսցիներս, շատ սիրուն ենք»։ Իմ կյանքում ամեն ինչ տեսել եմ; Հասել եմ հաջողությունների․ և՛ լաց էի լինում, և՛ ուրախանում էի, և՛ ինքս ինձ վրա ջղայնանում էի, բայց հետո հասկանում էի, որ դա բալետի դերասանի կյանքն է։ Առանց դրա չի լինի»,– պատմում է ՀՀ վաստակավոր արտիստը։

Ռաֆայել Ավնիկյանը ցավում է, որ կոմպոզիտորի հետ հանդիպումներից լուսանկարներ չկան․ ախր, առաջ ամեն անկյունում տեսախցիկներ չկային։

«Հիշում եմ՝ երբ պարում էինք, Էլվիրան լաց էր լինում, ես էլ «Դիմակահանդեսի» վերջում էի լաց լինում»,– եզրափակում է Ռաֆայել Ավնիկյանը։

Բալետի արտիստուհի Էլվիրա Մնացականյանի ամենակարևոր խորհուրդը՝ աշակերտներին․ ասում է՝ չեմ ուզում, որ ինձ նման պարեն։ Թող պարզապես լավ պարեն ու, ամենակարևորը, զգան, տեսնեն երաժշտությունը։ Ռաֆայել Ավնիկյանը հուզվում է, ասում է՝ հիշողությունների մասին առանց արցունքի դժվար է խոսել։ Տարիներ առաջ եկել, Երևանում «Դիմակահանդես»–ն է դիտել։ Պատմում է, որ հիացած էր, դահլիճում ազատ տեղեր չկային․․․ նայել է դահլիճին ու լաց եղել։

Ցուցադրել ավելի
Back to top button