ԿարևորՏնտեսական

Վարելահողերի կեսից ավելին չի օգտագործվում, իսկ լիզինգը ռիսկային է

«Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա»–ն վերջերս հիմնադիր ժողով է գումարել, որի ընթացքում դարձյալ խոսվել է լիզինգի և դրա հնարավորությունների մասին։ Արձանագրվել է, որ այս հարցում  իրազեկման բարձրացման կարիք կա։  

Հայաստանում լիզինգային պորտֆելը շուրջ 50 միլիարդ դրամ է, ինչը, մասնագետների գնահատմամբ, փոքր թիվ է։ Լիզինգից ավելի վստահ օգտվելուն, ըստ նրանց, խանգարում են օրենսդրական ու ֆինանսական կարգավորումները, նաև ավանդույթները․գյուղացին վարկը նախընտրում է լիզինգից։ Ֆերմերներն ու գյուղատնտեսները, մինչդեռ, հակադարձում են՝ լիզինգը օգտակար գործիք է, բայց ռիսկային և ոչ բոլորին հասու։  

Առավել հասանելի, քան վարկը, ավելի մատչելի, քան վարձակալությունը: Թվում է՝ գյուղատնտեսների համար լիզինգը  ձեռնտու է գյուղսարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գյուղտեխնիկա ձեռք բերելու համար։ Սակայն այս գործիքով աշխատելու ճանապարհն այնքան էլ հարթ չէ։

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը նկատում է՝ Հայաստանում գյուղատնտեսության զարգացումն  առանց մեքենայացման հնարավոր չէ պատկերացնել։

«Հայաստանի հողակտորները փոքր կտրտված հողակտորներ են, և դրանց համար տրակտոր, գյուղտեխնիկա գնելը ճոխ հաճույք է աղքատ գյուղացու համար։ Հաճախ մարդիկ գնում են մյուսներին վարձով տալու համար, բայց էլի գոհ չեն․ լիզինգը ռիսկային է։ Տարիներ շարունակ մեր երկրում սխալ ագրարային  քաղաքականություն է իրականացվել, ինչի հետևանքով վարելահողերի կեսից ավելին չի մշակվում մեր սակավահող Հայաստանում»։ 

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նկատում  է՝ լիզինգի ծրագիրը Հայաստանում գործում է ավելի քան 10 տարի և ոչ անարդյունավետ։ Ծրագրի միջոցով գյուղացիները  մեծ քանակի գյուղտեխնիկա են ձեռք բերել։ Լիզինգով աշխատելն   առավելություններ ունի, սակայն պետք է նաև, որ գյուղացին վճարունակ լինի։

«Արարատի, Արմավիրի մարզի բնակիչներն ավելի ակտիվ են արձագանքել ծրագրին ։ Այստեղ նաև գումարի խնդիր կա, գյուղացին պետք է վճարունակ լինի։ Ընդհանրապես, կա գյուղտեխնիկա, որը  7-8 տարի պետք է շահագործվի , սակայն 30-40 տարի է շահագործվում »։

Լիզինգի ծրագիրը հնարավորություն է, բայց ամբողջությամբ չի կարող լուծել գյուղացու խնդիրները՝ ասում է նախկին փոխնախարարը։ Նրա կարծիքով՝  ծրագիրը պետք է ուղեկցվի հողերի խոշորացման և կոոպերացիաների կայացման գործընթացով։

«1.2 հա տարածք ունեցող գյուղացին չի կարող անհրաժեշտ ամբողջ տեխնիկան իր միջոցներով  ձեռք բերել, քանի որ փոքր հողակտորներից եկամուտը փոքր է, իսկ վճարել պետք է ավելի շատ․ գյուղտեխնիկան թանկ է։ Հողերի խոշորացումն ու կոոպերացիաների ձևավորումն ավելի լավ լուծում կլինեին  անմշակ հողերը մշակելու համար, այդպես նաև ձեռնտու կլիներ լիզինգ վերցնել, սակայն դրա նախադրյալներն այսօր չկան Հայաստանում։ Իսկ հողերը չմշակելու հիմնական պատճառը գյուղմթերքի ցածր ինքնարժեքն է։ Ողջ աշխարհում գյուղաշխատանքները կատարվում են մեքենայացված, մինչդեռ Հայաստանում գործն արվում է ձեռքով, և  այդ պատճառով էլ  բարձրանում է ինքնարժեքը»։

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը, մինչդեռ, լիզինգը համեմատում է կոոպերատիվների ծրագրի հետ, որը նույնպես խնդրահարույց է եղել։ Համաշխարհային բանկը տարիներ շարունակ ֆինանսավորում և  գյուղտեխնիկա է տրամադրել գյուղնախարարությանը կից  գրասենյակին։ Գումարի   80 տոկոսը հատկացրել  էր պետությունը՝ գրանտ ձևակերպելով, իսկ 20 տոկոսը համայնքը՝  համայնքապետարանի բյուջեից։

 «Համայնքապետն էլ տարել, կանգնեցրել է գյուղտեխնիկան իր դռանը։ Մեխանիզմները լավ չեն մշակված։ Ինչո՞ւ է մի դեպքում 80 տոկոսով ֆինանսավորվում, մյուս դեպքում լիզինգով ամբողջ գումարը թողնվում գյուղացու վրա»։

Լիզինգով աշխատելու ռիսկերը մեծ են, դրանք պետք է նվազեցնել,  իսկ ագրարային քաղաքականությունը լրջորեն վերանայել՝ եզրափակում է «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը։

Back to top button