ԿարևորՀասարակություն

Ու՞մ համար են գրվում ավարտական աշխատանքները․ գիտական աշխատանքի կիրառական անարժեքությունը

Համալսարանն ավարտելու համար գիտական աշխատանք գրելը պարտադիր նախապայման է։ Կրթության ոլորտի մասնագետները, սակայն, չգիտեն՝ ամեն տարի գրվող հազարավոր աշխատանքներից քանիսն են առանձնանում բարձր որակով կամ բարձրորակ աշխատանքներից քանիսն են գրավում պետության ու գործատուի ուշադրությունը։ Ակնհայտ է, որ հաճախ գիտական աշխատանքը միայն գնահատական ու դիպլոմ ստանալու համար է գրվում։

Ի՞նչ գիտական արժեք ունեն ուսանողների գիտական աշխատանքները, ու՞մ համար և ի՞նչ նպատակով են գրվում դրանք։

Բակալավրի, մագիստրոսի կամ ասպիրանտի գիտական աստիճան ստանալու համար Հայաստանում ամեն տարի գրվում են հազարավոր գիտական աշխատանքներ։ Դրանց նպատակը, սակայն, մեծամասամբ ոչ թե գիտական արժեք, այլ գնահատական և դիպլոմ ստանալն է։ Գիտական միտքը, որը պետք է համալսարանը ձևավորած լիներ, կամ չի արտացոլվում ավարտական աշխատանքներում, կամ արտացոլվում է և մնում համալսարանական արխիվներում ու ուսանողի համակարգչում։

«Չնայած համալսարանում ուսանողների առաջ հստակ նշաձողեր չեն դրվում, բայց կան շրջանավարտներ, որոնք լավ աշխատանքներ են ներկայացնում։ Մենք խնդիր ունենք խրախուսել այդ ուսանողներին, ցույց տալ, որ Հայաստանում այդ աշխատանքներն ինչ–որ մեկին պետք են»։

«ԵրևանԷն» լաբորատորիայի տնօրեն, Տեխնոտուն ակումբի անդամ Հրանտ Խաչատրյանը պատմում է՝ խնդիրն ինչ–որ չափով լուծելու համար այս տարի ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հետ արտառոց ավարտական աշխատանքների խրախուսման պիլոտային ծրագիր են իրականացրել։ Առանձնացրել են 17 ուսանողի աշխատանք։

«Կար աշխատանք, որտեղ փոքր սարքավորում ու դրա հետ կապված ծրագրային ապահովում էր ստեղծվում, որը պահանջում էր հմտություններ, որոնք չեն դասավանդվում համալսարանում։ Կար մի ուսանող, որը զենքի կիրառության համար սիմուլյատոր էր պատրաստել, որով կարելի էր վիրտուալ իրականության ակնոցով սովորել աշխատել ինչ–որ զենքի հետ»։

Խաչատրյանն ասում է՝ ուսանողները մտածում են, որ կարևոր չէ, թե գիտական ինչ աշխատանք կգրեն, համոզված են, որ որևէ մեկն այն չի կարդալու։ Երբեմն այդ տպավորությունը ճիշտ է, և իրենք հենց դա են փորձում փոխել։ Ուշագրավ ավարտական աշխատանքների հեղինակ 17 ուսանողներին առաջարկում են ծանոթություն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ, նաև տրամադրում դրամաշնորհներ միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար։

Բարձրագույն կրթության փորձագետ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ լավ ավարտական աշխատանք գրել, հետազոտություն անել չկարողացող ուսանողը լավ մասնագետ չի կարող դառնալ։ Սակայն այսօր ուսանողը հիմնականում  չգիտի՝ բացի դիպլոմից էլ ինչի՞ համար է գիտական աշխատանքը։ Եվ դա նրա մեղքը չէ․

Լավ ավարտական աշխատանք գրող, գիտական արդյունք ստեղծող ուսանող ունենալու հարցում պետությունն ու գործատուն ամենաշահագրգռվածը պետք է լինեն՝ կարծում է Սողոմոնյանը։ Պետական պատվերի պակասն ու դրա հետևանքն այստեղ ևս տեսանելի են․

«Բուհի հետազոտական գործունեությունը առաջնահերթ պետք է կապակցված լինի պետության կարիքների հետ։ Օրինակ՝ պետությունը պետք է գյուղատնտեսական ինստիտուտին ազդակ տա, որ ուզում է հասկանալ հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման եղանակները, թե կոնկրետ տարածքներում ավելի լավ ինչը կաճի, ինչ անասուն կարելի է պահել։ Բուհերն իրենց կրթական ծրագրերը կազմելիս պետք է առաջնորդվեն պետության առաջնահերթություններով»։

Իմանալով, թե ինչ վերջնարդյունք է ակնկալվում՝ բուհը դրան համապատասխան կրթական ծրագիր կստեղծի, ուսանողին կսովորեցնի այն հետազոտական հմտությունները, որոնք պետք են առաջադրված  խնդիրը լուծելու համար։ Փորձագետի կարծիքով՝ նույն տրամաբանությամբ պետք է գործի նաև գործատուն․

«Գործատուն դժգոհում է, ասում է՝ էս բուհից վատ ուսանողներ են գալիս։ Ասում ես՝ մի անգամ եղե՞լ է, որ գնաս ռեկտորի մոտ, ասես՝ սենց բան կա, ես ուզում եմ, որ քո շրջանավարտը, երբ գա ինձ մոտ աշխատելու, արդեն կարողանա, օրինակ, պիպետկայով հետազոտությունը կատարել։ Ասում է՝ չէ։ Իսկ ին՞չ է պետք այդ ամենը կազմակերպելու համար։ Ռեկտորը կանչում է դեկանին, ասում է՝ ինձ պետք է, որ այս հետազոտությունը կարողանան կատարել։ Դեկանն էլ գնում է ամբիոնի վարիչին ասում է՝ քո ծրագրի մեջ կատարի այնպիսի փոփոխություն, որ պարտադիր պայման լինի այս հետազոտությունն անելը»։

Երևանի պետական համալսարանից «Ռադիոլուր»–ին տեղեկացնում են՝ նման փորձառություն կա։ Մասնավոր ընկերությունները հետաքրքրված են հիմնականում IT ոլորտով, իսկ պետական պատվերը կատարելու ակնկալիքով համալսարանում կրթական ծրագրեր են բացվել։ Արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց՝ մանրամասնում է ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը։

«Նախարարությունը մի շատ հետաքրքիր էքսպերիմենտ է անում վերջին շրջանում, ասում է՝ տվեք, թե որ թեմաներով են երեխեքը գիտական աշխատանքներ գրում։ Նաև իրենք առաջարկում են թեմաներ՝ արդյո՞ք հետաքրքրված եք սրանով։ Օրինակ՝ մենք այս տարի ասպիրանտական խորհրդի կազմ ներառեցինք միջուկային ֆիզիկային վերաբերող շիֆրերը, ատոմակայանի անվտանգությանն առնչվող հարցերը»։

Ի՞նչ է սպասվում ավարտական աշխատանքին ուսանողի ավարտելուց հետո, ո՞վ է հետաքրքրվում արդեն գրված գիտական աշխատանքներով հարցին ի պատասխան Մանուկյանը հաստափոր գրքեր է ցույց տալիս․ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության ժողովածուներն են, որոնք ներառում են որակյալ ավարտական աշխատանքները։ Ասում է՝ այդպիսիք ընդհանուրի շուրջ 10 տոկոսն են։ Ժողովածուները ցուցադրվում են գիտական էքսպոների ժամանակ, գիտական միտք որոնողը այն կարող է գտնել այս գրքերում։

Ի՞նչ պիտի անեն կրթության գործընթացի 3 օղակները՝ պետությունը, բուհը և ուսանողը կենսունակ գիտական արդյունք ունենալու համար։ Խնդիրները ներկայացնում են բարձրագույն կրթության փորձագետն ու ԵՊՀ ներկայացուցիչը։

Պետության անելիքը՝ զրուցակիցներիս կարծիքով

Մենուա Սողոմոնյան․ «Առաջին հերթին խնդիր չի դրվում բուհերի առաջ, երկրորդ հերթին՝ համապատասխան ֆինանսավորում չի տրվում»։ Երանուհի Մանուկյան․ «Պետության կարևոր խնդիրը հետևյալն է՝ լավագույն կադրերը պետք է ամենապատասխանատու բնագավառներում ներառված լինեն։ Լավագույն կադրերի նկատմամբ այսօր կա անտարբերություն»։

Բուհի անելիքը՝

Մենուա Սողոմոնյան․ «Դասախոսներն ունեն շատ մեծ լսարանային ծանրաբեռնվածություն, ինչը նրանց էներգիան խլում է ու թույլ չի տալիս ուսանողների հետ զբաղվել հետազոտական աշխատանքով»։ Երանուհի Մանուկյան․ «Բուհը պետք է խստացնի մեխանիզմները․ հենց հիմա աշխատում ենք մի  ծրագրի վրա, որով կկարողանանք հստակ ստուգել՝ արտագրած աշխատանք է, պլագիա՞տ է, թե՞ ինդիվիդուալ։ Ի վերջո պետք է գործի դրվի աշխատանքը չընդունելու,  հետ  տալու սկզբունքը․ ի՞նչ պարտադիր է, որ բոլորն ավարտեն»։

Ուսանողի անելիքը՝

Մենուա Սողոմոնյան․«Ուսանողն ինքն իրենով չի կարող, պետք է իդեա ունենա դրա կարևորության մասին»։ Երանուհի Մանուկյան․ «Ուսանողի ինքնագիտակցության խնդիրն է։ Ֆրոմը շատ լավ երկընտրանք է առաջ քաշում ՝ ունենա՞լ, թե՞ լինել։ Եթե ուսանողը գալիս է լինելու տեսանկյունից, հաստատ կգտնի, եթե գալիս է դիպլոմի համար, այն կունենա, դիպլոմայինի ֆայլը նույնպես, բայց այդ ունենալը լինելիություն չի դառնա»։

Զրուցակիցներս կարծում են՝ պետություն, բուհ, ուսանող եռյակը պիտի աշխատի անխափան մեխանիզմի նման։ Միայն այդ դեպքում գուցե ուսանողների գիտական աշխատանքները մնան ոչ թե արխիվում, այլ երկրի գիտական զարգացման պատմության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button