ԿարևորՀասարակություն

Մետրոյի մութն ու լույսը

Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Ուղևորներին «տեսանելի» անձնակազմից բացի մետրոպոլիտենում կան աշխատակիցներ, որոնց շնորհիվ մետրոն աշխատում է անխափան։ Ստորգետնյա «կյանքում» աշխատանքը սկսվում է կեսգիշերից հետո ու տևում մինչև լուսաբաց։

Այս ձայնը մի պահ է դադարում՝ այն ժամանակ, երբ մեր լրատվական խումբը հայտնվում է մետրոյի թունելում:  Կես գիշերն անց է, բայց աշխատանքն  այստեղ եռում է։ Հանգստի, տոնական օրեր մետրոյի ստորգետնյա կյանքի օրացույցում սահմանված չեն․ աշխատանքը  կանգ չի առնում 24 ժամ։ Ուղևորներին տեսանելի անձնակազմից բացի մետրոպոլիտենում կան բազմաթիվ այսպես ասած «անտեսանելի» աշխատակիցներ, որոնց  շնորհիվ մետրոյի նոր օրը սկսվում է անխափան ու անվտանգ աշխատանքով։  Հանրապետության կայարանից մեզ դեպի  թունել ուղեկցում է Մետրոպոլիտենի հիմնանորոգման ուղեմասի պետ Ավետիք Գրիգորյանը, արդեն 40 տարի է՝ աշխատում է մետրոպոլիտենում։ Իր մասին կարճ է պատմում․«Իմ   աշխատանքային գրքույկում  մեկ տող է գրված՝  «Ընդունվել է աշխատանքի  Երևանի Մետրոպոլիտենում»։

«Ուղևորը,  որը նստած է վագոնում, չի  մտածում՝ ինչ  է կատարվում  այստեղ։ Նա պետք է  տեղափոխվի ժամանակին  ու անվտանգ»։

Մենք արդեն գետնի տակ ենք՝ բառի ուղիղ իմաստով։ Մետրոյի աշխատակիցները միշտ ասում են՝  քաղաք քաղաքի տակ։  Իսկապես այդպես է։

«Այս պահին մենք Մետրոյի Հանրապետության հրապարակ -Երիտասարդական վազորդային թունելում կատարում ենք գծի «առողջացման» աշխատանքներ։ Փտած փայտակոճերը,  ջարդված բետոնները  հեռացվում, քանդվում են»,–պատմում է Ավետիք Գրիգորյանը։

Գետնի տակ աշխատելն այնպիսի էմոցիա է, որ չես պատմի, չես բացատրի գետնի վրա աշխատողներին՝ ասում է զրուցակիցս։ 

«Դե ես հորատանցման ժամանակից եմ սկսել աշխատել, հորատողներիս մոտ ամենամեծ երջանկությունը, ուրախությունը, ամենամեծ ցնծությունը այն ժամանակ էր, երբ միևնույն  թունելը կառուցողները երկու կողմից գալիս էին, ու բրիգադները հանդիպում էին իրար»։

Այստեղ ցերեկը մեր գիշերն է՝ նկատում է  Ավետիք Գրիգորյանը, հումորն էլ չլիներ,  այս ծանր աշխատանքը ծանր էլ կթվար։

«Դե մենք միշտ գիշերն ենք աշխատում, ու տղամարդիկ իրենց «պարտքը» չեն կարողանում կատարել։ Ես իմ  տղաներին մեկ-մեկ ասում եմ՝ տղերք, էսօր դուք մի՛ եկեք, գնացեք ձեր «պարտքը» կատարեք։ Իհարկե , հումոր է։ Ես  հրաշալի կոլեկտիվ  ունեմ»։

Ավետիք Գրիգորյանի հետ շարժվում ենք դեպի կառամատույց, ճանապարհին արդեն զրույցը մետրոյի ապագայի մասին է։ Հարևան, թշնամի երկրները մետրոյի նոր կայարաններ են կառուցում, իսկ մենք 1981-ին շահագործումից ի վեր դեռ նույն թվով՝ 10 կայարան ունենք։ Խորհրդային տարիների նախագծերը թղթի վրա են մինչ օրս։  

«Նախատեսված էր  Բարեկամություն կայարանից մինչև Լամպերի գործարան գնացող գիծ, որից հետո մինչև Մասիվ  պետք է  գնար։  Պետք է ունենայիք Հարավ Արևմտյան թաղամասում,Աջափնյակում։ Ի միջի այլոց՝ Աջափնյակում արդեն որոշ աշխատանքներ կատարվել էին, բայց մնացին  անցյալում»։

Ստորգետնյա քաղաքից բարձրանում ենք վերև՝ արդեն կարգավարական տեղամաս․ այստեղից կարգավորվում  է Երևանի մետրոպոլիտենի ողջ աշխատանքը: Հերթապահությունն ամենօրյա է ու ամենժամյա: Մետրոյի կարգավար Աղավնի Մարտիրոսյանը մետրոյի շարժին հետեևում է արդեն 40 տարի։ Ասում է՝ եկավ «բանտիկները» գլխին ու իր երիտասարդությունն անցկացրեց այս պատերի ներսում։

«Դուք հիմա նայում  եք՝ այս վահանակը, որի վրա գրված են կայարանների անունները, բայց  ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Մետրոյում տեխնիկական չափանիշերը գրվում են արյունով»։

Հետո տիկին Աղավինին բացատրում է այս մտքի իմաստը։ Մետրոյում, ինչպես աշխատող օրգանիզմում, բացառված չեն վատ դեպքերը, հետևաբար այստեղ աշխատողները միշտ զգոն են, ուշադրությունը՝ գերադրական աստիճանի: Մետրոն ձգում է և ստիպում սիրահարվել իրեն։ Այստեղ մոլագարներ են աշխատում՝ նկատում է զրուցակիցս։

«Սասուցի Դավիթ»–ից մինչև «Բարեկամություն»  կայարան  այն ժամակ 10 րոպե էր։ Բայց այն ժամանակ ունեինք 4 վագոն։Ուղևորահոսքը  շատ էր։ Օրական ունեինք 70-80 հազար ուղևոր։ 25-30 հազար միայն Բարեկամությունն  էր տալիս։ 20 -25 հազար՝ Երիտասարդականը։  Հիմա եթե 11 հազար ուղևոր է լինում Բարեկամությունում, ահանգին ուրախանում ենք»։

Մետրոյում  հետաքրքիր դեպքերի պակաս չկա։ Կարգավարական սենյակի աշխատողները թաքուն համբուրվող զույգերի պակաս չեն տեսել։ Միայն թե այդ զույգերին թվում էր, թե իրենց ոչ ոք չի տեսնում։ Իսկ  այժմ դա էլ փոխվել։

«Հիմա էլ չեն փորձում թաքնվել, համբուրվում են հենց էքսկալատորի վրա։ Մի օր մի տղա աղջկան գրկեց ու էդպես համբուրվելով իջան ցած»։ Հենց այս գեղեցիկ նոտայով ավարտում ենք մեր ռեպորտաժը,այն հույսով, որ հաջորդ ռեպորտաժը կլինի արդեն նոր կառուցվող կայարանի ու այնտեղ աշխատող կարգավարների մասին։ Ինչպես ասում են թունելի վերջում միշտ էլ լույս է երևում։

Ցուցադրել ավելի
Back to top button