Ստարտափ Հայաստան

Երբ ոչ ոք չհավատաց. հաջողված բիզնեսի գաղտնիքը․ «Ստարտափ Հայաստան»

Ռիտայի պատրաստած չիպսերն ու պաստեղներն առանց շաքարի են, 100%- ով` բնական։ 36- ամյա Ռիտա Պետրոսյանի հաջողված բիզնեսի պատմությունն սկսվեց այն պահին, երբ ամուսինն ու ընկերները չհավատացին, որ նրա գաղափարը կարող է հաջողություն ունենալ Հայաստանում։

Ռիտան երկու բալիկ ունի, կողքից հավելում է՝ երեք, «Էկոսնեքն» էլ երրորդ երեխան է։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց երբեք չի աշխատել իր մասնագիտությամբ։ Արդեն համոզվել է, որ երկնքում իր համար ի սկզբանե այլ ճանապարհ էր գծված, որի վրա կարողացավ կանգնել ճիշտ ժամանակին․ https://www.instagram.com/ecosnack.am/

Երբ Ռիտայի երկրորդ բալիկը ծնվեց ու հասավ այն տարիքին, որ քաղցր ուտելը թվում էր անխուսափելի, հենց այդ ժամանակ իր ապագա բիզնեսի սերմերը դրեց հողում` չմտածելով, որ այդ սերմերը կարճ ժամանակահատվածում այնքան են աճելու, որ հաջողություն բերեն իրեն։

Ռիտայի առաջարկածը Հայաստանում նորություն պետք է լիներ, հենց այդ պատճառով էին շրջապատում ասում, որ չի ստացվի, Հայաստանը դեռ պատրաստ չէ նման նորամուծությանը։ Բայց պարզվեց լավ էլ պատրաստ էր։ Թեև էկո մթերքները դեռ լայն տարածում չունեն մեզ մոտ, բայց Ռիտայի պես մարդկանց շնորհիվ ոչ միայն իմանում ենք դրա մասին, այլև սկսում օգտագործել։

Ռիտան իր բիզնեսը սկսեց համավարակի օրերին, երբ  բոլորս մեկուսացել էինք և խուսափում էինք անգամ խանութ գնալ։ Նորաստեղծ բիզնեսի համար ամենահարմար ինստագրամն էլ հենց այդ ժամանակ օգնության հասավ Ռիտային, քանի որ բոլորս տանն էինք և ավելի ակտիվ սոցցանցերում։ Նրա պատրաստած նորույթը միանգամից գրավեց մարդկանց ուշադրությունն ու հենց այդտեղից սկսվեց ամեն ինչ լրջանալ։ Լրջանալ այնքան, որ քիչ անց բացեցին նաև իրենց փոքրիկ արտադրամասը։

Կարելի է ասել, որ Ռիտային հաջողություն բերեց ելակի չիպսը։ Հետո հաջողությունները գնալով ավելացան իր նորամուծությունների շնորհիվ։ Ամեն ինչ մարդկանց համար նորություն էր։

Ռիտայի պատրաստած պաստեղներով ու չրերով սկսել են հետաքրքրվել Հայաստանի սահմաններից դուրս։ Այսպես Ռիտան որոշել է, որ պետք է նաև արտահանել ապրանքը, բայց ներկա պահին մի փոքր դժվարություններ են առաջանում։ Չնայած` մեկ է, Հայաստանի բերք ու բարիքից պատրաստածը դուրս ուղարկելու ելքերը միշտ էլ գտնում են։

Հայաստանում բիզնես ունենալ, հաջողել և զարգացնել հնարավոր է և պետք է։ Ռիտան` մեզ օրինակ, թե ինչպես կարող է երիտասարդ կինը կյանք տալ մի բիզնես գաղափարի (որին ոչ ոք չի հավատացել), հաջողել և օր օրի զարգացնել այն։ Ճիշտ է, դժվարություններն անպակաս են, բայց այս բիզնեսի համար Հայաստանը լավագույն տեղն է, որովհետև մեր բերքի ու բարիքի համն ուրիշ ոչ մի երկրում չկա։

Եթե կյանքի մի հատվածում սկսեք Ձեր մասնագիտությունից տարբեր ինչ-որ բանով զբաղվել և մտածել, որ ընտրած մասնագիտությունն անիմաստ էր, հիշեք Ռիտային, որ կարողացավ համատեղել իր տարիների սովորածն ու նոր գաղափարը։

Ցուցադրել ավելի
Back to top button