Ժամանակի վկան

Գետաշենցի ուսուցիչ գործընկերները Թաթուլ Կրպեյանի մասին․ «Ժամանակի վկան»

Այս տարի լրացավ Գետաշենի ենթաշրջանի բռնագաղթի 30-րդ տարելիցը։ 1991 թ․ ապրիլի 30-ին Գետաշեն-Մարտունաշենում «Օղակ« խորհրդային և ադրբեջանական համատեղ պետական-ահաբեկչական գործողության ժամանակ զոհվեց նաև Հայաստանի ազգային հերոս, «Հայրենիքի» շքանշանակիր, Գետաշենի ինքնապաշտպանության կազմակերպիչ, բանաստեղծ, պատմաբան, ուսուցիչ Թաթուլ Կրպեյանը։

Ո՛չ բոլոր գետաշենցիներն ու մարտունաշենցիները Հայաստան տեղափոխվելուց հետո հաստատվեցին հայրենիքում, նրանց մեծ մասը ցրվեց աշխարհով մեկ՝ մասնավորապես բնակություն հաստատեց ՌԴ-ում։

Հայրենի գյուղից բռնի տեղահանվելուց հետո ՌԴ Կրասնոդարի երկրամասում բնակություն հաստատած գետաշենցիներից են նաև Գետաշենի երկու դպրոցների մանկավարժներից մի քանիսի ընտանիքները։ Նրանց հետ Թաթուլ Կրպեյանն աշխատել է 1990 թ․ սեպտեմբերից մինչև 1991 թ ապրիլի 30-ը՝ մինչև իր հերոսական մահը։ Կրասնոդարում գետաշենցիների հետ հանդիպումների և նրանց ուշագրավ պատումների հիման վրա պատրաստված հաղորդումները կարող եք գտնել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքում՝ փնտրելով «Ժամանակի վկան» հաղորդաշարը։

Հիշեցնեմ, որ իմ և դստերս՝ Ասպրամ Կրպեյանի այցը Կրասնոդար կազմակերպել էին Թաթուլ Կրպեյանի Կրասնոդարի երկրամասում բնակվող գետաշենցի աշակերտները՝ ներկա գտնվելու մի քանի հիշատակի միջոցառումների, որոնցից էին՝ նրանց, որպես Գետաշենի վերջին շրջանավարտների, դպրոցն ավարտելու 30-ամյակը, Գետաշենի բռնագաղթի և հայրենիքի համար զոհված հերոսների ու համագյուղացիների մահվան 30-րդ տարելիցը։

Այս հաղորդաժամին առանց մեկնաբանությունների կարող եք լսել Թաթուլ Կրպեյանի ուսուցիչ գործընկերներից մի քանիսի հուշերը։ Հաղորդմանը մասնակցում են Հրանտ Գյուրջյանը, Սերգեյ Ծովյանը և Գոհար Ավագյանը։

Այսօր այսքանը, բարեկամներ։ Դուք լսեցիք Հայաստանի ազգային հերոս, «Հայրենիքի» շքանշանակիր, Գետաշենի ինքնապաշտպանության կազմակերպիչ, բանաստեղծ, պատմաբան, ուսուցիչ Թաթուլ Կրպեյանի գործընկերների՝ գետաշենցի մանկավարժներ Հրանտ Գյուրջյանի, Սերգեյ Ծովյանի և Գոհար Ավագյանի հուշերից դրվագներ։

Ցուցադրել ավելի
Back to top button