ԿարևորՀասարակություն

Ռոբինը կարողանում է գնահատել տարեցների ճանաչողական, հոգեբանական կարիքները

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ Նորքի տուն-ինտերնատում իրականացնում է Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Մայիսի 25-ին մեկնարկած ծրագրի տևողությունը 12 շաբաթ է, տուն-ինտերնատի 20 մասնակիցներից յուրաքանչյուրը Ռոբին ռոբոտի հետ մոտ կես ժամ տևողությամբ շաբաթական երկու հանդիպում է ունենում: Շահառուների հետ Ռոբինը շփվում և զրուցում է՝ հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ մակարդակը, հետաքրքրությունների շրջանակն ու նախասիրությունները: Ռոբինի հետ շփումն ուղեկցվում է նաև ինտելեկտուալ խաղերով, տարեցների նախընտրած երաժշության ունկնդրմամբ, սիրված ֆիլմերից հարցախույզերով, գրականության ու արվեստի մասին ու եղանակի շուրջ զրույցներով:

Ծրագրի ընթացքին հետևելու հուլիսին Երևան են ժամանել նախագծի հեղինակ, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ներկայացուցիչներ Լինդա Եփոյանը և Նառա Մելիքյանը։ Նրանք շրջել են հաստատությունում, ներկա եղել Ռոբին ռոբոտի հետ Նորքի բնակիչների հանդիպմանն ու շփմանը:

«Այս աննախադեպ նախագիծն արդեն ցույց է տալիս, թե բուժման նորարարական եղանակները, ինչպիսին ռոբոտի միջամտությունն է, որքան արդյունավետ են տարեցների և նեյրոդեգեներատիվ խնդիրներ ունեցող մարդկանց կյանքում դրական փոփոխություն մտցնելու գործում: Ռոբին ռոբոտը մեծ հավանության է արժանացել հետազոտության բոլոր մասնակիցների կողմից: Իսկապես տպավորված եմ, երբ տեսնում եմ, որ հետազոտության ընթացքում դեպրեսիայի և անհանգստության զգացումներն ավելի քիչ են դրսևորվում, և նկատելի է ճանաչողության բարելավում»,-ասել է բժիշկ Ջ.Մահակյանը՝

Կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքներն ազդեցություն են ունենում առանց այն էլ խոցելի տարեց բնակչության ու հատկապես այն անձանց վրա, ովքեր ապրում են խնամքի հաստատություններում: Համավարակով պայմանավորված մեկուսացումը բացասաբար է ազդում բնակիչների ֆիզիկական զգացողությունների, մտավոր կարողությունների և իմացական գործընթացների վրա:

«Շատ ուրախ ենք տեսնել, որ այս կարճ ժամանակահատվածում Ռոբինը կարողացել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հոգեվիճակի ու ճանաչողական գործընթացների վրա դրական ազդեցություն ունենալ: Հաշվի առնելով ապացույցների վրա հիմնված միջամտությունները՝ մենք արդեն կարող ենք տեսնել տարեցների շրջանում բարելավված ճանաչողական ունակություններ, դեպրեսիայի դրսևորումների նվազման միտումներ, քնի կարգավորման առումով դրական տեղաշարժեր, և, իհարկե, կյանքի որակի բարձրացում»,-նշել է «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանը:

Հատկանշական է, որ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Ծրագրի ավարտից հետո հաջորդող 9 ամիսների ընթացքում Ռոբինը կհյուրընկալվի Հայաստանում գտնվող խնամքի մյուս հաստատություններում:

Back to top button