ԿարևորՔաղաքական

Խոսել ոչ թե վախկոտի լեզվով, այլ պահանջներ ներկայացնել․ քաղաքագետները Ալիևի հայտարարությունների մասին

Ինչի՞ց է դժգոհ Ալիևը եւ ինչո՞ւ է բողոքում այս անգամ․  ադրբեջանական AzTV –ի եթերում Ադրբեջանի նախագահը հերթական ուշագրավ  հայտարարություններն է արել, մեղադրել հայկական կողմին  և միջազգային հանրությանը, խոսել  Ադրբեջանի կրած վնասների մասին։ Եթե Ալիևը խոսում է վնասների մասին, ապա հայկական կողմն էլ ավելի ակտիվ պետք է  լինի ու խոսի ոչ միայն իր վնասների, այլև այն իրավական հիմքերի մասին, որոնցով իրականացվում է սահմանազատման գործընթացը՝  հուշում են հայ քաղաքագետները։

«Հայաստանը հունիսից դադարեցրել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Զանգեզուրի միջանցք չի տրամադրում, ընտրողական մոտեցում է ցուցաբերում հաղորդակցությունների բացմանը և ուզում է ինչ-որ խաղ խաղալ»,– սա Ադրբեջանի ղեկավարի դժգոհությունն է, ինչի մասին նա վերջերս զեկուցել է Պուտինին ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։  Ալիևը նաեւ վրդովվել է, որ  Շարլ Միշելը Երևանում վիճելի է  համարել այն տարածքները,  որտեղ ներխուժել է ադրբեջանական կողմը։

Ալիեւին դառնացրել է նաեւ ԵՄ–ի կողմից Ադրբեջանին ֆինանսական բավարար միջոցներ չտրամադրելու մոտեցումը՝ օկուպացված հայկական տարածքների վերականգնման համար։ «Հայաստանում ավերումներ կա՞ն: Ոչ։ Ականներ տեղադրվա՞ծ են: Ոչ»,- ասել է նա և նեղացած հարցրել՝ մի՞ թե կարիք չկա վերականգնելու այդ տարածքները: «Դրա համար միլիարդավոր դոլարներ են պետք, դրանք երկնքի՞ց են ընկնելու»,– հարցրել է Ալիեւը ադրբեջանական AzTV-ի եթերում։

 Տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը, ի պատասխան Ալիեւի այս գանգատների, սթափության կոչ է անում․«Միջազգային փորձագետներն անգամ փաստում են, որ Ադրբեջանին 10 մլրդ պետք կլինի, որ կարողանա վերականգնել օկուպացված տարածքները : Առաջիկա 10 տարում նա չի կարողանա այնտեղ վերաբնակեցման հարց լուծել»։

Հակառակորդ երկրի ղեկավարը Պուտինի հետ հանդիպումից հետո նշել է՝ ՌԴ–ն ու Ադրբեջանը համարում են, որ հակամարտությունն  ավարտված է և որ պետք է նվազագույնի հասցվեն նոր  պատերազմի ռիսկերը։ Ի դեպ, սա ասում է Հայաստանի տարածք ներխուժած և սադրանքների գնացող երկրի ղեկավարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ շեշտադրում է անում՝  ընդգծելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, իսկ տարածաշրջանային իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Կարեն Հովհաննիսյանը պարզաբանում է՝ հայկական կողմը պատրաստ է կոմունիկացիաների բացմանը, բայց դա չի նշանակում, թե միայն Հայաստանը պետք է քայլ անի։ Զանգեզուրի միջանցք տերմինը նա ընդհանրապես անընդունելի է համարում․ «Զանգեզուրի միջանցք տերմինը Ալիևն է շրջանառության մեջ դրել։ Կարծում եմ, որ նա ուզում է առավելագույնը, որ ցույց տա իր հասարակությանը, թե դիվանագիտական հարթությունում ևս հաղթանակ է տանում»։

Հովհաննիսյանի կարծիքով՝  Հայաստանի տարածք ներխուժելու և Երասխում սադրանքների դիմելու հակառակորդի քայլերը, փորձագետի կարծիքով, նպատակ ունեն միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր այդ հատվածներն անվտանգ չեն։

«Երասխում սադրանքների գնալով՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ Իրանին, Չինաստանին ու Ռուսաստանին , որ Հյուսիս–հարավ ճանապարհը, որ անցնում է այդ տարածքով, անվտանտգ չէ, որ դրա գործարկման համար պետք է բանակցել Բաքվի հետ ևս»։

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող քաղաքական վերջին  ֆորումի ժամանակ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Ադրբեջանի սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին։ Նա արձանագրել էր, որ Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ բռնագրավվել են ուժի կիրառման հետևանքով, այդ տարածքներում  էթնիկ զտումներ են իրականացվել, հայ խաղաղ բնակչությունը ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ է դարձել։

«Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները՝ հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, այդ երկիրը արգելափակել է միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ», – ասել էր Արմեն Գրիգորյանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ մոսկովյան հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Նա ասել էր, որ ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք հաղորդել, և այդ ուղղությամբ  շփումներ են ընթանում արտգործնախարարությունների և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների միջև: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հուշում է՝ ամեն օր պետք է խոսել ու միջազգային հանրությանը հասկացնել, որ Ադրբեջանի կողմից ներկայացվող քարտեզների իրավական հիմքերը, մեղմ ասած, խոցելի են։

«Ալիևը համարձակվում է ասել, թե վնասներ է կրել Ադրբեջանը։ Եկեք հարցը դիտարկենք իրավական դաշտում ու տեսնենք, թե ում են պատկանում այդ տարածքները։ Եթե ընտրություն  կատարենք, կտեսնենք, որ 29 թվականի քարտեզը չի էլ համընկնում 30–ականների հետ։ Այդ տարիներին տարածքներ են Սովետական Հայաստանից կրծոտել՝ առանց իրավական հիմքերի»։

Վախկոտի լեզվով պետք չէ խոսել, պետք է պահանջել, որ ներկայացվեն այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել, քարտեզներ գծվել՝  ամփոփում  է քաղաքագետը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button