ԿարևորՀասարակություն

Աստծո ա՞չք, թե՞ մասոնական խորհրդանիշ․ Գյումրիի եկեղեցու պատի որմնանկարներն ամբողջությամբ սպիտակ են ներկվել

Գյումրիի Սուրբ Միքայել Հրեշտակապետի մատուռի կամ,  գյումրեցիների լեզվով ասած, Պլպլան ժամի որմնանկարներն արդեն մեկ ամիս է ծածկվել են սպիտակ ներկով։ Զբոսաշրջիկների ու այցելուների զարմանքին ի պատասխան՝ պատասխանում են, որ դրանք վիճաբանության թեմա էին դարձել այցելուների և հոգևորականների միջև։ Խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար որոշում են կայացրել սպիտակ ներկով ծածկել և պատերի որմնանկարները, և գմբեթին պատկերված «Աստծո աչքը»։

Աստծո ա՞չք, թե՞ մասոնական խորհրդանիշ․ Գյումրիի ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատան առաստաղին պատկերաված աչքը եռանկյան մեջ այնքան հաճախ է հարց առաջացրել, որ խնդիրը որոշել են արմատապես լուծել․ ոչ թե շարունակ պարզաբանելով, այլ պարզապես նկարը հեռացնելով։ Ընդ որում՝ դրա հետ մեկտեղ սպիտակ ներկով են ծածկել նաեւ եկեղեցու բոլոր որմնանկարները։ Բայց հարցերը սրանով չեն պակասել։ Եկեղեցի-ժամատուն այցելողները հիմա էլ այլ հարց են տալիս՝ ինչո՞ւ են վերացվել պատերի նկարները։ Գյումրիի՝ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող Պատվո Բլուրի Պլպլան ժամի մոմավաճառ Տանյա Զաքարյանն արդեն մեկ ամիս նույն բացատրություններն է տալիս զբոսաշրջինկերին ու մատուռի այցելուներին։

Այստեղ վերականգնման աշխատանքնե՞ր են ընթանում։

Ոչ, ոչ ներկում են։ Հիմա երիտասարդները կարծում են, թե եռանկյունում պատկերված աչքը  մասոնական է։ Հենց այդ խոսակցություններից են խնդիրներ ծագել, և ստիպված ենք եղել պատերը սպիտակ ներկել։ Չնայած 18-րդ դարից սկսած եռանկյունին ուղղափառության մեջ խորհրդանշում է Սբ Երրորդությունը, կենտրոնական աչքը համարվում է Աստծո աչքը։

Տիկին Տանյան որմնանկարների լուսանկարները որպես հուշ սմարթֆոնի մեջ է պահպանել, հետաքրքրասեր այցելուներին ցուցադրում է առանց վարանելու։

«Ահա, այս անկյունում Գաբրիելն էր վերից վար, այստեղ Միքայելն էր վերից վար պատկերված։ Գյումրեցի նկարիչ Հայկ Սերոբյանն էր նկարել»։

19-րդ դարավերջին կառուցված և 1886-ին օծված մատուռը ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հուշահամալիրի՝ «Պատվո բլուրի» տարածքում է։ 2010-ին այն վերականգնվեց ու վերաբացվեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ՝ դառնալով երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող ամենաայցելվող հասցեներից մեկը։ Վերականգնվելուց հետո մատուռի պատերին թեմատիկ նկարներ պատկերեց գյումրեցի նկարիչ Հայկ Սերոբյանը։ 

Տուրիստական ընկերության գիդ Արմեն Երանոսյանն օրերս Երևանից զբոսաշրջիկների էր տարել Գյումրի՝ ճանապարհին ներկայացնելով, թե ինչ կարող են տեսնել պատվո բլուրում։ Սակայն տեղ հասնելուն պես զարմացել են։

«Շատ գեղեցիկ որմնանկարներ էին, հատկապես Միքայել Հրեշտակապետինը՝ ողջ հասակով մեկ կանգնած արևելյան խորանի մասում։ Ոսկեգույնն էր ավելի շատ օգտագործած, որովհետև ուղղափառ եկեղեցուն ոսկեգույնն ավելի հարիր է»։  

Ո՞ւր եւ ինչո՞ւ անհետացան եկեղեցու որմնանկարները։ «Ռադիլուրի» հարցերին ի պատասխան՝ պատմում են, որ ռուս ուղղափառ  եկեղեցու հոգևոր հովվի՝ տեր Արտեմի Էմկեյի նյարդերը տեղի են տվել այցելուների հետ պարբերաբար վեճերից։

«Նա դիմեց Վլադիկովկասում գտնվող իր վերադասին՝ Լեոնիդ արքեպիսկոպոսին, համաձայնությունն ստացավ և սկսեց գործել։ Նա ասում է՝ ես ամեն ինչ ռուսական ոճով եմ անելու,  պատերը սպիտակ կլինեն, պատերին՝ սրբապատկերներ։ Մոսկվայից խորան է ստացել, արևելյան մասում խորանը կտեղադրվի»։

Եկեղեցու որմնանկարներն արդեն սպիտակ են ներկվել, սակայն գմբեթին պատկերված վիճահարույց «աչքը»  դեռ չի ճերմակել, սպասում են՝ տեր Արտեմին Ռուսաստանից  վերադառնա, գործն ավարտին հասցնի։ 

Բայց այս ընթացքում չի դադարում այցելուների հոսքը Պատվո բլուր։ Անկախ պատերի որմնանկարներից՝ ասում են «Պլպլան ժամն ու Միքայել հրեշտակապետն ուխտավորներին այցելում են երազներում, հուշումներ տալիս, նպատակներ իրականացնում ու նույնիսկ որդի պարգևում։

Ցուցադրել ավելի
Back to top button