Հրամանը՝ ապրել

Ու փոխվեց ամեն ինչ… եղնիկների կռիվը․ «Հրամանը՝ ապրել»

Ժամկետային զինծառայող Արամ Ասատրյանը Եղնիկներում հերթափոխն էր ավարտում, երբ տեսախցիկների միջոցով, որոնք տեղադրված էին զորամասում, նկատեց թշնամու մոտեցող տանկերը: Սեպտեմբերի 28-ին, երբ կարևորագույն դիրքերից մեկը հետախուզելու համար զինվորներ էին անհրաժեշտ, Արամն առաջինը պատրաստակամություն հայտնեց գնալ, բայց տեխնիկական պատճառներով իրեն չթողեցին: Մարտական ընկերը՝ Գրիգոր Ղազարյանը, գնաց այդ դիրք ու այլևս չվերադարձավ:

Արամը հիշում է, որ այնքան չէր հավատում Գրիգորի զոհվելու լուրին, որ երբ գիշերը խրամատում գտավ նրա քնապարկը, մտածեց, որ ավելի լավ է դրա վրա չքնի, քանի որ ընկերը շատ մաքրասեր էր, գալու էր կշտամբեր, թե ինչի էր իր քնապարկն օգտագործել: Հետո միայն գիտակցեց, որ Գրիգորն էլ չի գալու:

Արամը արկի պայթյունից էր վիրավորվել։ Լավ է հիշում, թե ինչպես էր օգնություն կանչում, հիշում է վառոդի հոտը վնասված ոտքի վրա, որն անդամահատվեց Մարտակերտում, հիշում է իրենց մոտ կամավոր եկած Հարութին, որին այնքան էլ լավ չէր ճանաչում։ Ու Հարութը վերջին մարդն էր, որից Արամը կարող էր օգնություն սպասել, քանի որ ընդամենը մի քանի անգամ էին տեսել իրար, իսկ անծանոթի համար կյանքը վտանգելը իրատեսական չէր թվում։

Արամն անգամ մարտի դաշտում հումորը չկորցրեց ու, երբ Հարութն արկերի պայթյունի տակ նրան փորձում էր խրամատ հրել, նկատեց, որ Արամն այդ նեղ պահին ինչ-որ տարօրինակ զանգված է հավաքում։ Հարցրեց, թե ինչ է, Արամն էլ թե՝ ոնց որ աղիներս են։ Հարութը զարմացած ընկերոջ վրա նայեց, գժվել է` մտածեց, ի՞նչ աղիներ, բայց տղան չէր սխալվել:

Արամ Ասատրյանն ասում է, որ Հարութն իրեն ապրելու հույս տվեց, իսկ իր բժիշկները՝ Հայկ Հարությունյանը, Հայկ Մկրտչյանը, Արայիկ Ոսկանյանն ու Անահիտ Զավենովնան այդ հույսը վերածեցին իրականության: 19-ամյա երիտասարդը մի շարք վիրահատություններ է տարել, առջևում դեռ մեկն էլ կա, որին էլ պատրաստ սպասում է: Հաճախ է դուրս գալիս ընկերուհու հետ զբոսնելու, երբեմն իրեն մեղավոր է զգում, որ փորձում է ուրախանալ, երբեմն էլ մտածում, որ Գրիգորը հաստատ ուրախ կլիներ իրեն երջանիկ տեսնել:

Նորից գնալու է Եռաբլուր իր տասնինամյա ընկերոջը տեսության ու ասում է, որ քանի տարի էլ անցնի, միշտ հիշելու է Գրիգի ապրելու անհագ ցանկությունը, բոլորից թաքուն ազնվամորի հավաքելը… ու նրա` հանուն հայրենիքի ընտրած անմահության ճանապարհը։

Back to top button