ԿարևորՔաղաքական

Նոր հայտարարություն Հայաստանից՝ Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստն սկսել է՝ անդրադառնալով անվտանգային և սահմանային խնդիրներին։ Նա խոսել է գերիների անհապաղ վերադարձի մասին և նշել, որ Ադրբեջանը փորձում է խուսափել նոյեմբերի 9–ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումից։

Վերլուծաբանների կարծիքով՝ սահմանային լարումների և փոխադարձ մեղադրանքների հիմքերը հենց այդ հայտարարություններում են․Երևանն ու Բաքուն դրանք տարբեր կերպ են ընկալում։ Այդ ընկալումների, նաև ռուս խաղաղապահներին փոխարինելու՝ մամուլում շրջանառվող վարկածի մասին՝ Լենա Բադեյանի ռեպորտաժում։   

Երասխի ուղղությամբ հարաբերական անդորր է, բայց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց՝ խոսելով  տարածաշրջանում լարված ռազմաքաղաքական վիճակի մասին։ 5 օր առաջ նույն շենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ Փաշինյանը վկայակոչում էր ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունը՝ Արցախում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի՝ ռազմական բախումներ հրահրելուն պատրաստվելու մասին։ Վարչապետի պաշտոնակատարի նոր հայտարարությունը, ըստ ժամանակագրության, հաջորդել է Պուտին–Ալիև հանդիպմանը։    

«Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար։ Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9–ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով»։

Ուշագրավ է, որ վարչապետի պաշտոնակատարը իր խոսքում հատկապես առանձնացրել է Սոթք-Խոզնավար հատվածը՝ կրկին հիշեցնելով՝ երկու կողմերի ստորաբաժանումների հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահամանգծման ուղղությամբ․

«Ակնկալում ենք, որ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Հայաստանի կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հայ ժողովրդից ստացած մանդատը»:

Թեև վարչապետը հատուկ շեշտել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում, բայց, օրինակ, նախօրեին ուշագրավ հանդիպում է եղել Պաշտպանության նախարարությունում։ Պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ այնտեղ ընդունել են Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։ Ներկայացվել է Երասխի հատվածում տիրող իրավիճակը։ Պաշտպանական գերատեսչությունում ռազմական կցորդներին զգուշացրել են, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխելու և դրանց հակազդելու ուղղությամբ։ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։

Ստեղծված իրավիճակի փոփոխության նախադրյալներ առաջիկա ամիսներին՝ չի տեսնում Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ասում է՝  հայտարարություններից վկայակոչում են նույն խոսքերը, բայց կողմերը դրանք տարբեր կերպ են հասկանում, երբեմն՝ տրամագծորեն հակառակ: Սա ասելով քաղաքագետը նկատի ունի ինչպես «սահմանագծում և սահմանազատում» ձևակերպումը, ինչն Ադրբեջանն օգտագործում է ԶՈՒ ստորաբաժանումները մտցնելով Հայաստանի ինքնիշխան տարածք, այնպես էլ՝ «տրանսպորտային ենթակառուցվածքներ» ասվածը․

«Ադրբեջանը, իրականում, չի ցանկանում բացել բոլոր ենթակառուցվածքները»,– համոզված է քաղաքագետը։ Ենթադրում է՝ բանակցություններում Ալիևը չի խոսում ասենք՝ Հայաստանից–Ռուսաստան տանող ճանապարհների բացման մասին, որ հայկական ապրանքը հեշտությամբ հայտնվի Մախաչկալայում։ «Ադրբեջանը խոսում է կոնկրետ բանի մասին․ այն, ինչ անվանում են «Զանգեզուրի միջանցք»,– ասում է Իսկանդարյանը՝ բացատրելով՝ որպեսզի Հայաստանի հարավով ճանապարհ ունենան անգամ ոչ թե Ադրբեջանից Նախիջևան, այլ՝ որպեսզի Ադրբեջանից Թուրքիա գնացող գնացքներն այնտեղ չկանգնեն։

Մի քանի օր մամուլում շրջանառվում է վարկած, որի բովանդակությունը հետևյալն է․ ռուս խաղաղապահներն այս փուլում անհրաժեշտ են Աֆղանստանում, և չի բացառվում, որ այստեղ նրանց փոխարինեն Ֆրանսիայի խաղաղապահները։ Սա անլուրջ է համարում Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունները ռուս քաղաքագետը դիտարկում է առաջիկա ընտրությունների և իսլամի դեմ պայքարի համատեքստում, բայց որպես տարածաշրջանում Ռուսաստանին իրական մրցակից–«խաղացող»՝ դիտարկում է Թուրքիան և Միացյալ Նահանգները։ Զգուշացնում է՝ բաց չի կարող խոսել ամեն ինչի մասին, բայց  հիշեցնում է՝ այս պահին ռուս խաղաղապահներն են կանգնած այնտեղ, որտեղ կանգնած են։ Մարկեդոնովը համոզված չէ, որ 5 տարի հետո ռուսները պատրաստ կլինեն հենց այնպես հեռանալ տարածաշրջանից։

Ուշագրավ է ռուս քաղաքագետի համեմատությունը․ նա հիշեցնում է հետխորհրդային այլ հակամարտությունները՝ Աբխազիան, Հարավային Օսիան և Ղրիմը։ Ասում է՝ 2013–ին անիրատեսական կթվար Ղրիմի՝ Ռուսաստանի մաս դառնալը։ Մարկեդոնովի կարծիքով՝ սխալ է Ռուսաստանին «խաղից դուրս» համարելը։

Հետխորհրդային Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե «ուշացող» է, այլ «սպասողական», բացատրում է քաղաքագետը։ Ասում է՝ Մոսկվան ոչ մի տեղ չի շտապում, սպասում է հարմար պահի։

Իսկ տարածաշրջանում առաջիկայում նոր զարգացում է սպասվում։ Հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը Վրաստանի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքը զորավարժություններ է կազմակերպում։ Դրանց կմասնակցի ավելի քան 2,5 հազար զինվորական Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից․ ՆԱՏՕ–ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների ներկայացուցիչներն են։ Հայաստանը զորավարժություններին չի մասնակցելու։

Ցուցադրել ավելի
Back to top button