ԿարևորՔաղաքական

Բաքվի սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին՝ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ասել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը:

«Անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ», — նշել է Գրիգորյանը:

«Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով», — շեշտել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Նա հիշեցրել է, որ հարձակման 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը:

«Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ», — ասել է Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով, որ այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին:

Նա նաև ընդգծել է, որ մարդասիրական առաքելությունների, հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի: 

«Անհրաժեշտ են հավելյալ միջազգային ջանքեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար», — ասել է Գրիգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button