Սփյուռքի ձայնը

Պատրիարքարանը խուսափում է ազգայնականների հետ բախումից․ «Սփյուռքի ձայնը»

Ազգայնամոլ և կրոնամոլ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ձայնն այսօր լսելի չէ,- ասում է «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանն՝ անդրադառնալով Թուրքիայում հայկական կառույցների վրա հարձակումներին։

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 հոգի բարձրացել էր Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա և, բարձր երաժշտություն միացնելով, սկսել պարել խաչի շուրջը։ Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։

Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիները ձերբակալվել են:

Սակայն ձերբակալությունից շատ չանցած հայտնի դարձավ, որ ոստիկանությունում հիշյալ քաղաքացիներից խոստովանական ցուցմունքներ վերցնելուց հետո ազատ են արձակել: Նրանցից երկուսի նկատմամբ սահմանվել է տնային կալանք: Թուրքիայի «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը նկատում է, որ եթե նման վարքագիծ ցուցաբերվեր մզկիթների նկատմամբ՝ պատասխանն ու պատժամիջոցը այլ կլիներ։

«Թե հայ համայնքը, թե պատրիարքարանը հանդուրժողություն են ցուցաբերում և միայն հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Պատճառը՝ պետության ու ազգայնական հատվածի հետ բախումներից խուսափելն է», ասում է նա։ Միաժամանակ Բագրատ Էստուկյանը նշում է, որ համայնքում կան նաև ըմբոստ ու խնդիրները բարձրաձայնող հայեր, որոնց համախումբը ստացել է «Նոր զարթոնք» անունը։

Կազմակերպության անդամները հայեր են, սակայն ունեն ազգությամբ թուրք , քուրդ և այլ ազգերին պատկանող համախոհներ։ «Այդ կազմակերպությունը սկսեց խոսել բանակում սպանված Սևակ Բալկչիի մասին, այնուհետև բողոքի ձայն բարձրացրեց անհանգստացնող հարցերի և Թուրքիայի վարած քաղաքականության դեմ»,- ասում է «Ակօսի» խմբագիր։

Ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաները, որոնք անցկացվել են նրանց կողմից՝ պետության կողմից առերես չեն կանխվել, սակայն ընդհատակյա գործողություններ են իրականացվել, որի արդյունքում կազմակերպության ղեկավար անհատներից շատերը լքել են երկիրը՝ հայտնվելով տարբեր երկրներում` ավելացնում է Բագրատ Էստուկյանը։

Ինչ վերաբերում հատկապես Թուրքիայի Հայոց պատրիարքարանին ու նրա ունեցած դիրքորոշմանը, ապա այս վարքագիծը, ըստ Բագրատ Էստուկյանի, նույնպես բնական է՝ հաշվի առնելով, որ ողջ աշխարհում տեղի ունեցող անմարդկային դեպքերի և մարդու իրավունքների խախտումների պարագայում անգամ, միջազգային կառույցները, ինչպիսին օրինակ ՄԱԿ-ն ու ԵԽ-ն են «անհանգիստ ենք և մտահոգված ենք» եզրույթից այն կողմ չեն անցնում»,- ընդգծում է «Ակօսի» խմբագիրը։

Back to top button