ԿարևորՀասարակություն

Նոր էջ՝ նոր մասնագիտությամբ պատերազմից վերադարձածների համար

Ծրագրավորում, վարսահարդարում, վարորդական իրավունքի տեսություն, տակառագործություն կամ խոհարարություն․ մարտական գործողություններին մասնակցած ու զորացրված երիտասարդները կարող են սովորել այս ու բազմաթիվ այլ մասնագիտություններ։ «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագծով 1500 երիտասարդ պատերազմից հետո կյանքը նոր էջից՝ նոր մասնագիտությամբ է շարունակում․

«Հասկացանք, որ բավականին շատ տղաներ ինտեգրացման խնդիր են ունենալու պատերազմից հետո,– Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցացիայի նախագահ, «Նոր էջ» ծրագրի նախագծող ու իրականացնող Արփի Կարապետյան,– հիմնական գաղափարն այն էր, որ օգնենք մեր տղաներին պատերազմից հետո (բնականաբար պոստ տրավմատիկ սինդրոմը նկատի ունենալով) վերականգնել իրենց աշխատունակությունը աշխատաշուկայում, այսինքն՝ վերազինել նրանց գիտելիքներով ու հմտություններով, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկային»։

«Մինչև պատերազմը նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ մի օր կարող է փոխեմ իմ մասնագիտությունը։ Ուղղակի թեթևակի մտածում էի, որ սկսում եմ արդեն չսիրել էդ մասնագիտությունը»,- Դավիթ Գյուլինյանը 26 տարեկան է, սովորել է «Հայբուսակ» համալսարանում, ատամնատեխնիկ է։ 3.5 տարի աշխատել է մասնագիտությամբ, այնուհետև կամավոր մեկնել պատերազմ։ Հենց կռվի օրերին էլ որոշել է՝ իրեն նոր մասնագիտություն է պետք․

«Պատերազմի ընթացքում հասկացա որ կյանքս չեմ ուզում անիմաստ վատնել ու ուզում եմ զբաղվել էն գործով, որը սիրում եմ։ Էդ ընթացքում նույնիսկ չգիտեի՝ ինչ եմ սիրում։ Հետո հասկացա, որ համացանցը էդ հարցում կարող է ինձ օգնել»։

Դավիթը 1500 երիտասարդներից մեկն է․ ստոմատոլոգիայից հետո սոցիալական մեդիա մարքեթինգ՝ ՍՄՄ է սովորել։ Հիմա արդեն նոր մասնագիտությամբ նոր աշխատանաք ունի․

«Մտել եմ հունի մեջ ու հոսում եմ հետը․
–Սիրում եք Ձեր գործը։
–էս գործը սիրեցի, հա, մարքեթինգը սիրեցի, դուրս եկավ»
,- ասում էԴավիթը։

«Նոր էջ»–ում 50–ից ավելի ուղղություններով դասընթացներ են կազմակերպվում՝ նշում է նախագծի համակարգող Արփի Խալաթյանը։ Մեծ պահանջարկ ունեն ծրագրավորումը, բիզնեսն ու մենեջմենթը, հաշվապահությանը, ծառայությունը զինված ուժերում․

«Չենք մոռանում երիտասարդների ցանկությունների մասին ու երբ տեսնում ենք, որ հստակ գիտի՝ ինչ է ուզում, փորձում ենք այնպես անել, որ ցանկությունը բավարարվի։ Ունենք երկու հիանալի երիտասարդներ, որոնք սովորում են դաջվածք անել ու դառնալու են դաջվածքի վարպետներ։ Կան արվեստով հետաքրքրվող երիտասարդներ, որ կուզեն գրել, նկարել, թատրոնով զբաղվել։ Ունենք գեղեցկության բնագավառով հետաքրքրված երիտասարդներ, հիմնականում դա արտահայտվում է վարսահարդարման մեջ»,– տեղեկացնում է ծրագրի համակարգողը։

Մենք չենք խոստանում աշխատանքի տեղավորել, մենք խոստանում ենք տալ գիտելիք ու հմտություններ, որոնք համապատասխանում են տղաների երազանքներին և աշխատաշուկայի պահանջներին,- նշում են կազմակերպիչները։ Դավիթն իր օրինակով է ցույց տալիս՝ փոքրիկ օգնությունից հետո երիտասարդներն իրենց ճանապարհը հարթում են։ Ինքն, օրինակ, նորից կրթվելու մասին է մտածում․

«Ճիշտն ասած, քանի որ աշխատում եմ ծրագրավորման դասընթացներ անցկացնող կազմակերպությունում, մտքիս կա նաև ծրագրավորում սովորել, տեսնեմ՝ ոնց կլինի, կկարողանա՞մ աշխատել ու դասընթացնեերին մասնակցել միաժամանակ։ Ինձ թվում է՝ կստացվի, որովհետև աշխատանքի պրոցեսում նույնիսկ ահագին բան սովորել եմ ծրագրավորման ոլորտից»։

Նոր մասնագիտություն սովորել ցանկացողները դեռ կարող են դիմել։ «Նոր էջ»–ում սպասում են նաև մասնագետների, որոնք պատրաստ են իրենց գիտելիքը կիսել երիտասարդների հետ, և գործատուների, որոնք ունեն թափուր հաստիքներ և փնտրում են գործընկերներ։ Այս պահին նախագծին արդեն միացել է 250 գործատու, նույնքան էլ դասընթացավար։ Դասընթացները կտևեն մինչև տարեվերջ  և կարող են շարունակվել, եթե լինի ֆինանսական և մասնագիտական աջակցություն։

Back to top button