ԿարևորՔաղաքական

Բաժանվում են «պորտֆելներ»․ պաշտոններն «անուն» կունենան մի քանի օրից

«Ճամպրուկային» ի՞նչ տրամադրություններ են խորհրդարանում ու կառավարությունում։ Ինչպես կփոխվեն օրենսդիր եւ գործադիր մարմինների կառուցվածքները։ Նոր դեմքերը շատ չեն, բայց շատ են խոսակցությունները, թե վերադասավորումների արդյունքում ով ինչ պաշտոնում կհայտնվի։

ՍԴ–ն հրապարակել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով ամբողջական որոշումը։  Ընտրությունների արդյունքները վիճարկում էր քաղաքական 4 ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները: Քննությունից հետո Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց  ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Դա նշանակում է, որ 8–րդ գումարման 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում 71 մանդատ՝ մեծամասնություն ՔՊ-ն կունենա, 29 մանդատ՝ «Հայաստան» և 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքները։ Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը օգոստոսի 2–ին է։ 

Ուղիղ 12 օրից՝ օգոստոսի 2-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կդառնա վարչապետ՝ առանց որևէ ընտրության և քննարկման։ Այդպես է հուշում Սահմանադրության 149–րդ հոդվածը․ ընթացակարգը վկայակոչում է լիազորություններն ավարտած խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի անդամ, ՔՊ–ական Վահագն Հովակիմյանը․

«Նորընտիր խորհրդարանի դեպքում վարչապետի ընտրություն չի նախատեսվում։ Սահմանադրությունն ասում է՝ նորընտիր խորհրդարանը երբ սկսում է գործել, մեծամասնությունը նախագահին է ներկայացնում վարչապետի իր թեկնածուին, նախագահն անհապաղ նշանակում է վարչապետին»։

Օգոստոսի 2–ից կսկսվի մեկ այլ հաշվարկ․ 15 օր անց կունենանք ձևավորված կառավարություն։ Օգոստոսի 2–ից հաշված 5 օր՝ մինչև օգոստոսի 7–ը վարչապետը նախագահին կառաջարկի փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին, հաջորդ 10 օրը տրվում է նախագահին՝ որոշում կայացնելու համար՝ կամ ընդունելու, կամ ՍԴ–ում եռօրյա ժամկետում վիճարկելու համար։  

Հովակիմյանի ներկայացմամբ՝ կառավարության ձևավորման բոլոր քննարկումները գրեթե ավարտված են, ապագա կառավարության պատկերը՝ հստակեցված։ Բացի բարձրաստիճան որոշումներից, հարցը քննարկվել է նաև կուսակցության վարչության կազմով, սակայն, ով ուր է գնում՝ «փակագծերը» դեռ չեն բացվում։

«Այսօր ինքնաբացարկների վերջին փուլն էր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի ինքնաբացարկները, ինչն անմիջականորեն կապվում է գործադիր գնացող գործիչների հետ, մեր համամասնական ցուցակից 17 հոգի ինքնաբացարկ է ներկայացրել։ Այսինքն՝  մեր 17գործընկերներն իրենց գործունեությունը շարունակելու են գործադիրում։ Կդժվարանամ բոլորին թվարկել՝ կառավարության անդամներն են և մարզպետերը։ Կառավարության կազմի մյուս փոփոխությունները, որոնք կապ չունեն ցուցակի հետ, օգոստոսի 2–7-ին դուք  ականատես կլինեք»։

Մինչդեռ մամուլն արդեն մոտավորապես ուրվագծում է նորընտիր օրենսդիր ու  գործադիր մարմինների կազմը։ Կուսակցական մակարդակով արդեն հաստատված է՝ ԱԺ–ի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահները Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանն են։ Խմբակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը կլինի Նազելի Բաղդասարյանը։

Կառավարության կազմում առաջին փոփոխություններն արդեն արվում են։ ՊՆ-ում հրաժեշտ տվեցին Վաղարշակ Հարությունյանին, կառույցն ունի նոր առաջին փոխնախարար՝ Արշակ Կարապետյանը։ Այդ պաշտոնին նա տեղափոխվեց ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, հենց նրա անունն է շրջանառվում որպես նախարարի հավանական թեկնածու։ Պաշտպանական գերատեսչությունում նա խոստացավ․

«Ի դեմս ինձ և իմ ենթակաների՝ ամբողջ ՊՆ անձնակազմի անունից ուզում եմ հավատացնել, որ անելու ենք ամեն ինչ, որ մենք ունենանք ուժեղ բանակ, մեր երկրի սահմանները լինեն պաշտպանված, մեր հայ ազգի խնդիրները մեր մասով լինեն լուծված։  Բարեփոխումները բավականին արագ են լինելու»։

Պաշտպանության նախարարությանը հրաժեշտ տված Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, ըստ հրապարակումների, դիտակվում է ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում։ Որպես այլընտրանքային թեկնածու դիտարկվում է Մխիթար Հայրապետյանը։  

Ենթադրվում է, որ փոխվարչապետի պաշտոնը կպահպանի Մհեր Գրիգորյանը։  Երկրորդ փոխվարչապետ կարող է դառնալ Սուրեն Պապիկյանը, ով մինչ այս պահը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարն է։ Փոխվարչապետի գործող պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դեռ ընտրություններից առաջ իր իսկ ցանկությամբ չընդգրկվեց համամասնական ցուցակում, հետո հայտնի դարձավ, որ նախընտրում է վերադառնալ մասնավոր հատված։

Արտգործնախարարի պաշտոնում նշվում է Արմեն Գրիգորյանի անունը։ Նա առայժմ նշանակվել է առաջին փոխնախարար, այս ընթացքում ենթադրվում է ստանալ Արարատ Միրզոյանի պատասխանը։ Իրենց պորտֆելները պահպանող նախարարների շարքում նշվում են ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի անունները։  

Պատգամավորական մանդատից հրաժարվողների ցուցակից պարզ է դառնում, որ իրականություն են դառնում նաև նախընտրական այն խոսակցությունները, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գործուղվելու է Միացյալ Նահանգներ՝ դեսպանի կարգավիճակով։ Նախընտրական փուլում նա հաստատում էր, որ ամերիկյան կողմի համաձայնությունն արդեն ստացվել է․

«Իմ հետ կապված հաստատումը կա, բայց որոշում կկայացվի միայն ընտրություններից հետո»։

Խորհրդարանի առաջին նիստից առաջ անակնկալներ չի մատուցում նաև խորհրդարանական նոր ընդդիմությունը։ Երկու դաշինքն էլ որոշել են վերցնել մանդատները։ «Հայաստան» դաշինքից կա 3 ինքնաբացարկ․ Ռոբերտ Քոչարյանը չի գնում խորհրդարան։ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին 7–նյակն առանց փոփոխությունների կաշխատի նորընտիր ԱԺ–ում՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ։

Խորհրդարանի առաջին նիստում ձևավորվելու են նաև մշտական հանձնաժողովներն, ու կընտրվեն դրանց ղեկավարները։ Այս բաշխումը քաղաքական ուժերի միջև տեղի է ունենում «Դոնթի բանաձևով»՝ ըստ ստացած ձայների։ Առանցքային հանձնաժողովների մեջ են պաշտպանության և անվտանգության հարցերի և պետաիրավական հանձնաժողովները, որոնք գործող իշխանական թիմը չի ցանկանում զիջել ընդդիմադիրներին։

Ցուցադրել ավելի
Back to top button