ԿարևորՀասարակություն

Բարձր աշխատավարձ՝ ատեստավորման դիմաց․ ուսուցիչները պատրաստվում են

1377 ուսուցիչներ ցանկանում են, որ իրենց գիտելիքներն ստուգվեն և, ըստ արդյունքների, ունենան աշխատավարձի բարձրացում։ Առաջին անգամ իրականացվում է ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիր, նպատակը լավ ուսուցչին հավելյալ աշխատավարձով խրախուսելն է։

«Թեստերը կազմելու են գնահատման և թեստավորման կենտրոնում։ 90 և ավելի միավոր ստացած ուսուցիչները կստանան իրենց աշխատավարձի 50 %-ի չափով պարգևավճար, 80-89 միավոր ստացածները՝ 30 %-ի չափով, 60-79 միավոր ստացած ուսուցիչնրը կհամարվեն ատեստավորումն անցած, սակայն իրենց աշխատավարձը կպահպանեն առանց հավելավճարի։ Նրանց, ովքեր 59 և պակաս միավորներ կհավաքեն, ինչը քիչ է հավանական, կառաջարկվի անցնել պարտադիր վերապատրաստում»,- ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն է ներկայացնում։

Փորձնական ծրագրի ընթացքում կատեստավորվեն 7-12–րդ դասարաններում դասավանդող հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հանրահաշվի, երկրաչափության, կենսաբանության և աշխարհագրության ուսուցիչները․

«Ինչու՞ այս դասարանները և այս առարկաները, որովհետև դեռ փորձնական է։ Ընթացքում կլինի նաև բարելավման, լավարկման անհրաժեշտություն։ Ընտրվել է մի շրջանակ, որն ավելի կառավարելի և վերահսկելի է, խնդիրները, որոնք կառաջանան, ավելի տեսանելի կլինեն։ Հետագայում, երբ ատեստավորումը դառնա պարտադիր, այդ խնդիրները չենք ունենա»,– վստահեցնում է Բաղդասարյանը։

Կամավոր ատեստավորում առաջարկող այս ծրագրով մանկավարժները շատ չոգևորվեցին։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Իդա Խաչատրյանը առարկություններ ունեցող մանկավարժներից մեկն է։ Այս փուլում չի ատեստավորվելու, ասում է՝ կմասնակցի ծրագրին, երբ համոզվի, որ թերությունները շտկված են․

«Մարդը քննություն հանձնելիս նախապես պետք է իմանա՝ ինչ է հանձնում։ Այստեղ կազմակերպչական բացթողում կա ասում են՝ դասագրքի շրջանակում են լինելու հարցերը, բայց սա լայն հասկացություն է։ Չէ՞ որ գործ ունենք հայոց լեզվի 250.000 բառապաշարի հետ։ Մենք պետք է իմանանք՝ հստակ ինչ նյութի շրջանակում ուսուցիչը պետք է պատրաստվի»։

Խաչատրյանը չի ընդունում միայն գիտելիքով եզրահանգումներ անելու մոտեցումը։ Համալսարանը նոր ավարտած մարդն, օրինակ, կարող է գերազանց լուծել թեստը, սակայն իր գիտելիքը աշակերտին փոխանցելու հմտություն չունենա․

«Ուսուցչի գիտելիք ունենալը դեռ չի նշանակում լավ ուսուցիչ լինել։ Նա կարող հաղթահարել թեստը, բայց լավ ուսուցիչ չլինել։ Ուսուցիչը միայն գիտելիքը չէ, ուրիշ բաղադրչներ էր կան չէ՞՝ սովորեցնելու կարողությունը, որոշ հմտությունների ձևավորումը սովորողների շրջանում, իմացած նյութը սովորողներին հաղորդելը, մատչելիություն ապահովելը։ Այդ ամենը չի երևում թեստով»,– Իդա Խաչատրյանի դիտարկումն է։

Արսեն Վարդանյանը հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է, դասավանդում է մասնավոր դպրոցում, պետական ծրագրով իրականացվող կամավոր ատեստավորումը նրան չի վերաբերում։ Նա, սակայն, համագործակցում է ատեստավորվել ցանկացող ուսուցիչների հետ ու պատրաստում նրանց «քննությունների»․  սեփական նախաձեռնությամբ վեբինարներ է կազմակերպում՝ գիտելիքները թարմացնելու և տրամադրվածությունը փոխելու համար․

«Ուզեցի որ մենք՝ լեզվի և գրականության ուսուցիչներս, երևույթին մի քիչ դրական նայենք։ Համախմբվենք, կենտրոնացնենք մեր ուժերը, աշխատենք  միասին, մասնագիտական հարցեր քննարկենք, թարմացնենք մեր գիտելիքները։ Ես ոչ թե սովորեցնողի դեր ստանձնեցի, այլ ավելի շուտ համախմբողի։ Արդեն 2-3 հանդիպում ունեցել ենք, մոտ 2 հանդիպում էլ կունենանք առաջիկայում, քննարկում ենք մասնագիտական հարցեր՝ ըստ թեմաների՝ հնչյունաբանություն, բառագիտություն, շարահյուսություն, լեզվին վերաբերող ընդհանուր հարցեր»։

Մանկավարժներին՝ հաճախ՝ 40 տարվա փորձառությամբ, սովորեցնելը հեշտ չէ։ Վարդանյանը նշում է՝ հոգեբանական բարդույթ է․ երկար ժամանակ սովորեցնողի սոցիալական դերում եղած մարդիկ սովորողի դերը դժվար են ընդունում, դիմադրում են։ Պատրաստակամորեն կամ ոչ այնքան՝ ուսուցիչները, այնուամենայնիվ, մասնակցում են վեբինարներին։ Դրանց ամեն անգամ միանում է մինչև 70 մանկավարժ․

«Նույնիսկ եղել են 30 և ավելի տարվա փորձով ուսուցիչներ, այսինքն, իմ տարիքից ավելի շատ միայն մասնագիտական փորձ ունեցողներ։ Արձագանքները միշտ դրական են լինում, հետո նաև հետադարձ կապ է պահվում։ Այդ ամենը ինձ ոգևորում, ուրախացնում է»։

Վարդանյանը նշում է՝ դժգոհությունները միայն հոգեբանական չեն։ Բովանդակային խնդիրներ ևս նկատվել են․

«Ստուգվելու են միայն մասնագիտական գիտելիքները, չեն տրվել հստակ ցուցումներ։ Մասնագիտական գրականության հղում չկա, գիտեք՝ լեզվի մեջ կան հարցեր, որոնք երկձևություններ են, տարբեր լեզվաբաններ տարբեր կերպ կարող են մեկնաբանել։ Պետք է լինի մասնագիտական գրականություն, որին հղում տալով՝ ուսուցիչները պետք է այսինչ կամ այնինչ հարցին անդրադառնան»։

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արսեն Բաղդասարյանն ասում է՝  գիտելիքներից բացի նաև մանկավարժական հմտություններն ստուգելը երկարատև գործընթաց է, այս փուլում խնդիրը հենց գիտելիքի ստուգումն է։ Ինչ վերաբերում է հստակ նմուշների և մասնագիտական գրականության բացակայությանը՝ խոստանում է՝ շուտով կթարմացնեն գնահատման և թեստավորման կենտրոնի կայքը, կլրացվեն բացթողումները։ Թեստերի հարցերը լինելու են տվյալ առարկայի ծրագրից, և ուսուցիչներին անակնկալ չի սպասվում, -վստահեցնում է նախարարության ներկայացուցիչը։

Back to top button