Էվոլյուցիա

Մարտի դաշտում ռոբոտներ են, էկրանի առաջ՝ մարդիկ․ ապագայի պատերազմը․ «Էվոլյուցիա»

Ապագայում պատերազմի դաշտում մարդ չի լինելու, պատերազմի դաշտում մարդուն փոխարինելու է արհեստական բանականություն ունեցող զրահատեխնիկան, մարտը վարելու են մարդիկ՝ նստած էկրանի առջև, հեռակառավարման վահանակներով, ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի ձևակերպմամաբ՝ ապագայի պատերազմը նմանվելու է համակարգչային խաղի, որտեղ կհաղթի ամենապատրաստվածը:

Ապագայի պատերազմներում զինվորը իր իսկ զոհվելու հավանականությունը կհասցնի նվազագույնի, քանի որ ուղղակիորեն չի լինի մարտի դաշտում։ Էքզյուպերին հայտնվեց Սահարայի ավազներին՝ ռազմական օդանավ վարելիս։ Այսօր արդեն թռչող սարքերն անօդաչու են, կառավարվում են արհեստական բանականության միջոցով։ Ռազմական ոլորտը հատկապես շատ արագ է ավտոմատացվում, ասում է արհեստական բանականության մասնագետ Արամ Սարգսյանը։ Հերթն արդեն հասնում է ցամաքային զրահատեխնիկային։

6-րդ սերնդի անհպում պատերազմում անօդաչու թռչող սարքերն են արհեստական բանականությամբ կառավարվում, իսկ 7-րդ սերնդի պատերազմում ցամաքային զորքերն են կառավարվելու հեռակառավարման վահանակներով, պատերազմի դաշտում այսպես ասած կզոհվեն ռոբոտները, ոչ թե մարդիկ։

Հեռակառավարվող ցամաքային զորքերի դեմ հնարավոր կլինի դիմակայել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, ասում է ռազմական փորձագետը։ Պայքարի այս միջոցով հնարավոր է հայտնաբերել այն ռադիոալիքը, որով կառավարվում է ռոբոտացված զրահատեխնիկան, և կտրել կապը օպերատորի և ռոբոտի միջև։ Ռոբոտացված տեխնիկան այսպիսով կկորցնի կառավարումը և հնարավոր կլինի նրան շատ հեշտորեն ոչնչացնել։ Միաժամանակ հարկավոր է պայքարել հակառակորդի ռադիոալիքների դեմ, որոնք կարող են հայտնաբերել ձեր գործողությունը և կասեցնել այն։ Հեռակա կառավարման միջոցով հնարավոր կլինի նաև ոչնչացնել այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք կլինեն թվայնացված, այսպիսի փորձ քիչ, սակայն արդեն աշխարհը տեսել է, ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ի վերջո, ինչպես միշտ, ապագայի պատերազմում ևս հաղթելու է տեխնոլոգիապես և տնտեսապես ավելի մրցունակ ու հզոր երկիրը։ Իսկ որքան զարգանում են ռազմական տեխնոլոգիաները, դրանք  թեև նվազեցնում են ճակատամարտում զինվորի զոհվելու հավանականությունը, այդքան պատերազմում խոցելի է դառնում քաղաքացիական բնակչությունը։

Ստացվում է՝ ապագայի պատերազմում կհաղթի այն կողմը, որի ռոբոտացված տեխնիկան ավելի ճշգրիտ կկառավարեն օպերատորները։ Այն կողմը, որի ռադիոէլեկտրոնային պայքար մղողները ավելի ճշգրիտ կորսան ալիքները և թույլ չեն տա ընդհատել կապը օպերատորի և ռոբոտի միջև։ Աշխարհի զարգացած երկրներն արդեն փորձում են իրականացնել 7-րդ սերնդի պատերազմի կոնցեպտը։ Հայաստանը ևս պետք է արդեն այսօր, եթե ոչ երեկ, սկսի ուսումնասիրել այս կոնցեպտը և կենտրոնացնի գիտական ներուժը 7-րդ սերնդին պատրաստվելու ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button