Ստարտափ Հայաստան

«Ցեխում» ցեխոտվելով են ստեղծվում կավե իրերը․ «Ստարտափ Հայաստան»

Արաքսի մտածած դիզայնը փոքր ինչ անսովոր է։ Հայաստանում դեռ նման տեսքով բաժակներ կամ ծաղկամաններ չկան։ Արաքսը հիմա 30 տարեկան է։ Հինգ կամ վեց տարի առաջ է սկսել զբաղվել կավագործությամբ, բայց փոքր տարիքից հաճախել է խմբակ։ Որոշ ժամանակ Չեխիայում է ապրել։ Այնտեղ պատրաստել է կավից բաժակներ, թեյնիկներ, ափսեներ, ծաղկամաններ, բայց միայն իր համար։

Հենց այն պահին, երբ ընկերները սկսել են գին հարցնել, հասկացել է, որ կարելի է բիզնեսով զբաղվել ու պատրաստածը վաճառել և Հայաստանում, և Չեխիայում։

Քանի որ մասնագիտությամբ նկարիչ է և շատ է նկարել մարդու մերկ մարմին, որոշել է, որ իր ստեղծած առարկաների վրա կարելի է օգտագործել մարդու մարմնի որոշ հատվածներ և էսթետիկ ձևով դրանք ներկայացնել  մարդկանց։ Սկզբում Արաքսը մտահոգ է եղել՝ արդյո՞ք կընդունվի իր պատրաստածը Հայաստանում, որովհետև գաղափարն իսկապես համարձակ էր։

Արաքսի համար այս աշխատանքը ոչ միայն գումար վաստակելու կամ հանգստանալու միջոց է, այլև մարդկանց նոր կողմից ճանաչելու։ Ասում է, որ ամեն անգամ, երբ գալիս են ինչ-որ իր գնելու, սկսում է մարդկանց հետաքրքիր կողմերը բացահայտել և ազատ ժամանակ էլ վերլուծել դրանք։ Աշխատելու ընթացքում ռոք է լսում, սուրճ խմում, հաճախ ընկերներն են այցելում, այդպես ստեղծում է իր գործերը։ Եթե ժամանակին մտածում էր, որ գուցե Հայաստանում չստացվի, այսօր պատկերն այլ է։

Արաքսը հաղթել է։ Ձայնագրությունից դուրս ինձ պատմում էր, թե ինչքան էր կարոտել արվեստանոցը, երբ որոշ ժամանակով Դիլիջանում է եղել։ Հենց այդ կարոտն ու սերն էլ Արաքսին հաջողություններ են բերում։ Սիրեք ու կարոտեք Ձեր աշխատանքը, հաջողությունն այդպիսի մարդկանց համար ամեն ինչի պատրաստ է։

Ցուցադրել ավելի
Back to top button