Մտքի ուժը

Հայաստանում փորձում են մշակել հանքարդյունաբերությունից մնացած թափոնները․ «Մտքի ուժը»

Հայկական ներկա տնտեսության հիմքը կազմող հանքարդյունաբերության հիմնական ռիսկը պոչանքն է։ Բայց անգամ պոչանքը կարող է օգուտ բերել տնտեսությանը, եթե թափոնները հնարավոր լինի վերամշակել։ Հենց այս բարդ խնդրի լուծման շուրջ է աշխատում հայ գիտական միտքը։

ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի լուսավոր միջանցքներն ու ամենուր կանաչը հուշում են՝ ճանապարհը տանում է կայուն զարգացման կենտրոն, իսկ այն արդեն վեց տարի է, ինչ ստեղծվել և գիտականորեն ուսումնասիրում է բնապահպանական ռիսկերը՝ պոչամբարները, սողանքներն ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասում է, որ Հայաստանում 1 մլրդ խորանարդ մետր պոչանք կա։

Ամենամեծը Արծվանիկի պոչամբարն է, որտեղ մոտ 500 մլն խորանարդ մետր թափոն կա։ Համաշխարհային բանկի 2016-ի զեկույցում նշվում է, որ ԶՊՄԿ-ն տարեկան արտահանում է 18․5 մլն տոննա հանքանյութ՝ թույլատրելի 12․5 մլն տոննայի փոխարեն։ Մարատ Գրիգորյանը փաստում է՝ հնարավոր է պոչանքի թափոնները վերամշակել, բացատրում է․ «Պոչանքների մեջ բավականին մեծ քանակությամբ օգտակար էլեմենտներ կան՝ պղնձի, ցինկի, մոլիբդենի։ Բացի այդ, մնացած պոչանքը կարելի է օգտագործել որպես շինանյութ»։

Հայաստանին սպառնացող բնական աղետներից երկրաշարժերին հաջորդում են սողանքները։ Դրանք գրեթե ամենուր են, հարյուրավոր համայնքներ ու մի քանի խոշոր քաղաքներ սողանքի ռիսկի գոտում են։ Սակայն, սողանքը միայն Հայաստանին բնորոշ չէ․ աշխարհի բազմաթիվ երկրներ են այս ռիսկին ենթակա, դրանց առաջացման պատճառները տարբեր են, արդյունավետ պայքարի մեթոդներ կան։ Որո՞նք են Հայաստանի ամենավտանգավոր սողանքային գոտիները՝ Մարատ Գրիգորյանն անգիր գիտի, մի ամբողջ թեզ է գրել սողանքների մասին։

«Երևանում Նուբարաշեն վարչական շրջանի հատվածը, Դիլիջանը, Ողջաբերդը, Ուղեձորը։ Վերջինը Վայքից վերև է գտնվում՝ դեպի Ամուլսար գտնվող հատվածում։ Մեկ օրում հնարավոր է Դիլիջանի կենտրոնական հատվածում սահք լինի»,- ասում է Գորիգորյանը։

Գիտնականներն ասում է, որ ոչ մի տարածքում հստակ աշխատանք չի տարվում, որպեսզի ձերբազատվենք սողանքներից։ Դրանք միլիարդավոր գումարների վնաս են բերում տնտեսությանը։ Սողանքային երևույթները տարիների ընթացքում են նախապատրաստվում, բայց մի րոպեում կարող են աղետի պատճառ դառնալ։ Պատնեշով սողանքի դեմ չեն պայքարում՝ ասում է Մարատ Գրիգորյանը՝ հիշելով Դիլիջանի միջազգային դպրոցի մոտ կառուցված պատնեշը։ Սահքն ավելի խորն է, քան՝ պատնեշը՝ բացատրում է։

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում․ սա նույնպես Կայուն զարգացման կենտրոնի ուսումնասիրության առանցքում է։ Հատկապես այս փուլում ոռոգման ջուրն ամենակարևորն է։ Հայաստանում ոչ թե ջուր չկա, այլ ջրային ռեսուրսները ճիշտ չեն կառավարվում՝ ասում է գիտնականը։

Խնդիրները ուսումնասիրված, առաջարկները՝ ներկայացված, լուծման բանալիները տրված են։ Թե ո՞ր կառավարությունն ու ե՞րբ կբացի դռներն ու կսկսի աստիճանաբար, գիտական համայնքի հետ աշխատելով, լուծել խնդիրները, այս պահին դժվար է ասել։ Այս պահին միայն պարզ է, որ սողանքը, երաշտն ու պոչանքը չեն սպասում, նրանք ամեն վայրկյան մեծ վնասներ են հասցնում շրջակա միջավայրին ու մարդկանց։

Ցուցադրել ավելի
Back to top button