Դպրություն

Կառավարման և ուսուցման խնդիրներ. ի՞նչ ցույց տվեցին հայոց լեզվի միասնական քննությունները․ «Դպրություն»

Հանրակրթության ոլորտում՝ հատկապես կրթական համակարգում կառավարման, ուսուցման խնդիրներ կան ու միասնական քննությունները հստակ ցույց տվեցին դրանք։ Հայոց լեզվի քննական ցուցանիշները վատն են ստացվել։ Ստեղծված իրավիճակին նպաստել են նաև մի քանի որոշումներ, ասում են մասնագետները, նշելով, որ դրանցից է նաեւ այն, որ բուհական քննությունների ժամանակ հայոց լեզուն դարձավ ընտրովի, այլ ոչ թե պարտադիր։ Հայոց լեզվի ուսուցման մակարդակի, պետական հոգածության մասին է Դպրություն հաղորդաշարի հերթական թողարկումը։

ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյան. Ժամանակի մեջ եթե հետ գնանք, կարող ենք արձանագրել մի փաստ՝ մենք դարձյալ ունեցել ենք հայոց լեզվի միջին բավական ցածր գնահատականներ։ Կարող ենք ասել, որ աստիճանական, պարբերաբար հանրակրթության ոլորտում, վերջերս նաև բուհական ոլորտում, փորձ էր կատարվում նվազեցնել հայոց լեզվի դասաժամերը։ Բայց պետք է նաև փաստել, որ այդ խնդիրը կարգավորված է։ Բայց, այնուամենայնիվ, մայրենի լեզուն թերագնահատված է։ Պատգամավոր դառնալու համար մենք ունենք նվազագույն բավական ծիծաղելի չափորոշիչներ, անգամ չի նշված , որ պատգամավոր դարձողը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բայց նշում է, որ պետք է իմանա հայոց լեզու։ Մենք չունենք նաև սկզբունքներ, մշակված եղանակ ստուգելու նրա հայոց լեզվի իմացության մակարդակը։ Հայագիտությունը պետք է համարել գերակա ուղղություն ՀՀ-ի համար, սահմանել չափորոշիչներ հայոց լեզվի իմացության համար՝ բոլոր մակարդակներում։

Երևանի համար 135 դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քնարիկ Համբարձումյան. Համավարակի պայմաններից ելնելով՝ ծրագրի հետ կապված եղել են խտացումներ, աշակերտը իր կրթությունը պետք է կազմակերպեր տանը, մի խոսքով՝ ոչ ամենօրյա կրթությունը, իհարկե, կարող էր ունենալ նաև դառը հետևանքներ։ Բացի դրանից՝ դպրոցական ծրագրով հայոց լեզվի դասաժամերը, օրինակ 9-րդ դասարանում, շաբաթական 2 դասաժամ է տրամադրված։ Ես շատ կցանկանայի, որ այդ ժամերը շատանային, դա շատ քիչ է հայոց լեզվի ամբողջ ծրագիրը ուսումնասիրելու համար։ Դպրոցներում ծրագրերը պետք է ենթարկվեն փոփոխությունների և հայոց լեզվին ու գրականությանը շատ դասաժամեր հատկացվեն։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի դեկան, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյան. Սկզբունքային փոփոխություններ են անհրաժեշտ հատկապես՝ կադրային քաղաքականության առումով։ Մարդիկ, որոնք կայացնում են որոշումներ, չեն տիրապետում բնագավառին։ Մեզ անհրաժեշտ են գործի, ոլորտի գիտակ մասնագետներ։ Օրինակ՝ եթե խոսում ենք հանրակրթության մասին, որոշում կայացնողը պետք է դրա միջով անցած լինի, գոնե տարրական բաները պատկերացնելու և հասկանալու համար։ Սա շատ կարևոր է։ Եվ երկրորդ՝ եթե ասում ենք պետական քաղաքականությունը լավ չի վարվում՝ դա ինչո՞վ է պայմանավորված։ Պետությունը հա չի կարող գնալ յուրաքանչյուր դպրոց և ինչ-որ մի ձևով ազդել կրթության որակի վրա։ Պետական քաղաքականությունը արտահայտվում է ֆինանսավորմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button