Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայ ներդրողի բիզնես- տեղապտույտը․ «Սփյուռքի ձայնը»

Արաքսի Մուսալի Ստեփանյանն իր ընտանիքի հետ Սիրիայից Հայաստան տեղափովեց մոտ 9 տարի առաջ: Ընտանիքի հայրը՝ Ռոբերտ Մուսալին, Հայաստանում գործ սկսելու բազմաթիվ փորձեր արեց, որոնք անհաջող ավարտ ունեցան: Վերջին ներդրումային ծրագիրը կապված է շինարարության հետ, որի մեկնարկը ձգձգվում է ինչ — ինչ պատճառներով:

Արաքսի Մուսալին, որը ընտանեկան գործի մասին տեղյակ է, բայց՝ ոչ քաջատեղյակ, միայն նշում է` շատերն են հաջողել իրենց բարեկամներից Հայաստանում, սակայն իրենց բախտը չի բերել՝ գուցե ոչ ճիշտ ընթացքի կամ այլ պատճառներով։ «Մեր բարեկամներից և ընկերներից շատերը թե Վերնիսաժում, թե շինարարության ոլորտում գործ սկսեցին և խնդիրներ չունեցան։ Մեր ներդրումները մի քանի ոլորտներում անհաջողություն ունեցան։ Մենք երևի ճիշտ չենք գործում»,- կեսկատակ- կեսլուրջ նշում է Արաքսի Մուսալին։

Արաքսի Մուսալին Երևանի և Հալեպի Ադամյանի անվան թատրոնի դերասանուհի է, հումորային սցենարների հեղինակ։ Կարծում է, որ բոլոր հարցերին պետք է հումորով նայել, թեև ամուսինը ՝ Ռոբերտ Մուսալին, անհանգստացած է, քանի որ գործին մասնակցում է նաև ֆրանսահայ հայրենակից։

«Ինը տարի առաջ, երբ որոշում էինք լքել Սիրիան, ես նախընտրում էի գնալ Լիբանան, ամուսինս մեզ համոզեց, որ մենք պետք է Հայաստան գանք, քանի որ սա մեր հայրենիքն է, այն ավելի ապահով ապագա կտա մեր երեխաներին և այստեղ մենք կարող ենք թե ներդրում անել, թե գործ սկսել»,- նշում է Արաքսի Մուսալին` ավելացնելով, որ այս բոլոր խնդիրներով հանդերձ այսօր էլ չեն լքի Հայաստանը։

Արաքսի Մուսալի- Ստեփանյանին բիզնեսն ու հարակից հարցերը հետաքրքրում են, բայց վերջինս դրանցով շատ չի ապրում, խնդրին քաջատեղյակ է շինարարական ծրագրերի պատասխանատու Գևորգ Սարյանը։ Նա էլ է սփյուռքահայ և արդեն երկու տասնամյակից ավելի ապրում է Հայաստանում։ «Մոտ 3 տարի առաջ Ռոբերտ Մուսալին և իր ֆրասահայ գործընկերը Աղբյուր Սերոբ թաղամասում հողատարածք գնեցին՝ շինարարության նպատակով։ 6 հողակտորից երեքի հետ կապված եղան խնդիրներ։

Այն էր, որ դրանցից մեկը գնման ժամանակ որպես առևտրային տարածք էր նախանշվել, մյուս երկուսը՝ շինարարական։ Վերջապես որոշվել էր բոլոր հողակտորները հատկացնել շինարարությանը, ինչն էլ քաղաքապետարանի կողմից թույլտվության պատճառ էր հանդիսացել»,- ասում է։ Սարյանը պատմում է, որ տարբեր բաժիններ նամակներ են ուղարկել, հանդիպել են Երևանի նախկին ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ` բանավոր համաձայնության են եկել, բայց դեռ երեք տարի առաջ սկսված աշխատանքները հապաղում են։

Պատճառը պաշտոնյաների կամայականություն է` կարծում է Գևորգ Սարյանը։ Ասում է` խուսափում են փաստաբաններին դիմելուց, որովհետեւ մտավախություն ունեն, որ «դատական կամ կոնֆլիկտային իրավիճակներում՝ մենք տուժող կողմ կդառնանք»։

Սփյուռքահայերի` Հայաստանում ներդրումներին ու այդ ճանապարհին առաջացած բազմաթիվ խնդիրներին անդրադարձել ենք, դրանք հիմնականում ընդհանրական ու ոչ հասցեական են եղել։ Այս մեկը, որի մասին խոսեցինք, ունի կոնկրետ հարց և պետք է ունենա կոնկրետ պատասխան։ Այդ պատասխանը ակնկալում ենք Երևանի քաղաքապետարանից և կներկայացնենք ստանալուն պես։

Ցուցադրել ավելի
Back to top button