ԿարևորՀասարակություն

Խոստումը կա, ոռոգման ջուր՝ չէ․ քանի տարում կկառուցվեն նախագծված 15 նոր ջրամբարները

Հայաստանի մի քանի մարզում այս տարի ոռոգման ջրի խնդիրը հատկապես ահագնացավ, որոշ համայքներում գյուղատնտեսները բերքի լուրջ կորուստ ունեցան։ Մեր երկրում ջրային պաշարների նվազման ու դրանց լուծման ուղված կառավարության ծրագրերից է խոսել Սուրեն Պապիկյանը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում առանձնացնելով 15 նոր ջրամբարի կառուցման, ինչպես և ընթացքի մեջ գտնվող Կապսի և Վեդիի ջրամբարաշինական աշխատանքները։

Այս տարի, ըստ պաշտոնական գնահատումների, մոտ 70 տոկոսով նվազել է Հրազդան, Արաքս, Ախուրյան գետերի ջրատվությունը․ եղանակային պայմաննե՞րն էին պատճառը, թե՞ նաեւ Թուրքիայի ագրեսիվ ջրային քաղաքականության հետեւանքն էր։  Խնդիրների շուրջ «Ռադիոլուրի» հետ զրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն առանձնացնում է գլխավորներն ու թվարկում դրանց լուծման ուղիները։

«Սա պայմանավորված է թե եղանակային գործոններով, թե Արաքս-Ախուրյան թևում  Թուրքիայի կողմից նոր ջրամբարների կառուցմամբ և ջրի կառավարման մոդելի փոփոխությամբ։ Հիմա մենք էլ մեր հերթին նախագծում ենք նոր ջրամբարներ կառուցել Ախուրյանի ավազանում, Արագածոտնի, Շիրակի մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ կարելի է ջուր կուտակել, որպեսզի կարողանանք բալանսավորել»։

Թուրքիայում դեռ 2006-ին սկսված ջրամբարաշինական խոշոր ծրագիրը դժգոհության ալիք էր բարձրացրել․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարբերաբար բարձրաձայնում էր խնդիրը ոչ թե ջրային պաշարների կառավարման խնդիրների, այլ ջրամբարաշինական ծրագրի հետեւանքով հնավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը ջրասույզ անելու համատեքստում։ Տարիներն անցան, Թուրքիայի ծրագիրը կյանքի կոչվեց, իսկ հուշարձանների պահպանության հարցն այդպես էլ լուծում չստացավ։ Այսօր Թուրքիայում Արաքս գետի հունը նեղացնող ջրամբարաշինությունը սկսել է լրջորեն սպառնալ նաև Հայաստանի ջրային պաշարներին։

Պապիկյանը շեշտում է՝ «Թուրքիան չի ստորագրել համապատասխան կոնվենցիաներից որևէ մեկը և ջրային ռեսուրսների կառավարման որևէ պարտավորություն չի ստանձնել»։

Հայաստանի կառավարությունը խնդրի կարգավորման ուղղությամբ իր քայլերն է ձեռնարկում։ Պատկերը փոխելու համար Սուրեն Պապիկյանը կառավարության ծրագրերն է թվարկում։

«Նախատեսված է թե՛ գործող ջրամբարների վերանորոգում, թե՛ նորերի կառուցում։ 15 ջրամբարի կառուցման նախագծերի մրցույթներ ենք արդեն հայտարարել»։

Մինչև 15 նոր ջրամբարի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ կլինեն, Սուրեն Պապիկյանը թվարկում է արդեն ընթացքի մեջ գտնվող ջրամբարաշինական աշխատանքները։

«Այս պահին Վեդիի ջրամբարի կառուցումը, դա հետխորհրդային շրջանի առաջին ջրամբարն է, որ կառուցվում է զրոյից։ Այս պահին քայլեր են կատարվում՝ մրցույթ է հայտարարվում Գեղարքունիքի մարզում 2 ջրամբարի՝ Ագրիճի և Աստղաձորի ջրամբարների կառուցման համար, Շիրակի մարզում այս պահին Կապսի ջրամբարի կառուցման մրցութային ընթացքն է, հիմա Կապսի ջրամբարի կառուցման հետևանքով Ջրաձոր համայնքի տեղափոխման աշխատանքների շուրջ են նախագծում իրականացնում»։  

Դեռ 2016-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ջրամբարաշինության իր ծրագրերի թվում առաջնահերթորեն առանձնացրել եւ նախաձեռնել էր Վեդիի, Կապսի, Եղվարդի և Մարմարիկի ջրամբարաշինական աշխատանքները: Նախագծա-նախահաշվային աշխատանքները սկսվել էին, ջրամբարաշինական այս ծրագրերը հայտարարվել էին որպես կենսական նշանակություն ունեցող։ Միայն Կապսի ջրամբարի վերականգնմամբ նախատեսվում էր ամբարել մոտ 25 մլն խմ ծավալ, որով մոտ 5 հազար հեկտարի ոռոգման խնդիր պետք է լուծվեր։ Շինաշխատանքների համար շուրջ 5  տարի էր սահմանվել։

Սակայն հինգ տարին արդեն անցել է, իսկ ջրամբարաշինական ծրագրերը չափագրումներից ու գեոդեզիական աշխատանքներից այն կողմ չեն անցել։ Թե ի՞նչ պատճառներով ձգձգվեցին 2016-ին մեկնարկած ջրամբարաշինական աշխատանքները՝ Սուրեն Պապիկյանն անդրադառնալ չի ուզում։ Փոխարենը վստահեցնում է՝ շուտով ականատես կլինեք ջրամբարաշինական խոշոր ծրագրի, ինչը մեր երկրում կմեղմի ոռոգման սակավաջրության խնդիրը։ Իսկ թե գյուղացին քանի տարի պետք է դեռ սպասի՝ հարց է, սակայն, նախնական գնահատումներով, ջրամբարների կառուցումը կարող է մինչեւ 5 տարի պահանջել։

Back to top button