Սփյուռքի ձայնը

Հունգարիայի փոխվարչապետը Հայաստանում էր որպես ուխտավոր․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում էին Հունգարիայի փոխվարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոլտ Շեմյենը և և Հունգարիայի օգնության ծրագրի պետքարտուղար Ազբեյ Տրիստանը։

2012 թվականի օգոստոսից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որին Ադրբեջանում հերոսացնում են, Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Դրանից հետո առաջին անգամ է Հունգարիայի նման բարձրաստիճան ներկայացուցիչը լինում Հայաստանում։

Այցը մասնավոր էր և Հայաստանի պետական այրերից ոչ մեկը հունգարացի պաշտոնյաներին չի ընդունել։ Սակայն սա չի խանգարում հունգարահայ համայնքին հույսեր և սպասելիքներ ունենալ, որ հարաբերությունները կարող են վերականգնվել։

2012- թվականից կասեցված հարաբերություններն ամենաշատը բացասական ազդեցություն են ունենում Հունգարիայում ապրող հայերի վրա։ Նրանց համար դիվանագիտական կորպուսի առկայությունը Հունգարիայում կարևոր է, քանի որ դրանով իրենք զգում են իրենց հայրենիքի ներկայությունն ու պաշտպանությունը։ Այսպես են տարբեր առիթներով արտահայտվում հունգարահայության ներկայացուցիչները։

Ու թեև Հունգարիա- Հայաստան դիվանագիտական  հարաբերություններ գոյություն չունեն, սակայն կրթության, գիտության և այլ կրթական ասպարեզներում դրանք շարունակվում են։ Օրինակը, տարիներ շարունակ գործող ուսանողների փոխանակման ծրագրերն են։

Ի վերջո, ո՞րն էր փոխվարչապետի Հայաստան այցելության նպատակը և ի՞նչ հանդիպումներ է ունեցել։ Այս թեմայով գործընկերս ՝ հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնից Սոսի Սուսանյանը զրուցել է հանդիպումներին ներկա Երևանի հայ-հունգարական ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանի հետ։

«Նման նախաձեռնությունները կարող են խթանել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերանայմանը»,- ասում է Անահիտ Սիմոնյանը, նշում նաև, որ այս հանդիպումը կայացել է փոխվարչապետի խնդրանքով և նախաձեռնությամբ։

Փոխվարչապետն էլ , իր հերթին նշել է, որ այս այցը ոչ պետական, ոչ տուրիստական բնույթ ունի, այն ուխտագնացություն է առաջին քրիստոնեական երկիր։ Հատկապես Հռոմի պապի այցից հետո Հայաստան, շատերն են ցանկություն հայտնում տեսնել այն երկիրը, որն աառաջինն է ընդունել քրիստոնեությունը։ Փոխվարչապետը նաև նշել է, որ քրիստոնեական Հունգարիան ուզում է փաստել, որ կարող է մաս կազմել քրիստոնյա աշխարհի և դեր ունենալ այդ աշխարհի միասնությանն ու պահպանմանը։

Ի դեպ, Հունգարիայի օգնության հիմնադրամը աջակցություն է տրամադրել Սիրիայի և Իրաքի հայ առաքելական եկեղեցուն՝ համայնքի հայությանը օժանդակելու համար։

Եթե Հայաստանի անկախացումից հետո տարբեր երկրներում հայագիտական կենտրոնները փակվեցին, ապա Հունգարիայում Պազմանի Պիտեր համալսարանում բացվեց հայագիտական ամբիոն, որը գործուն է և որին պետք է աջակցեն բոլոր հայերը, համոզված է հայ- հունգարական ընկերության նախագահը։

Անահիտ Սիմոնյանը, որը ներկա է եղել հանդիպումներին, նշում է, որ բոլոր հանդիպումների և զրույցների տողատակում այն խնդիրների արծարծումն էր, որոնք այսօր անհանգստացնում են Հայաստանին․բարոյահոգեբանակն ծանր վիճակ, տնտեսության զարգացում և այլն։

«Այս այցելությունը հույսի շող էր առ այն, որ Հայաստան-Հունգարիա հարաբերությունները կարող են զարգանալ ժողովրդական դիվանագիտության խողովակներով․ պատմության, մշակույթի և կրթության միջոցով»,- համոզված է Անահիտ Սիմոնյանը։ Հունգարահայության տեսանկյունից երկու երկրները պետք է համարձակ քայլերի դիմեն՝ հարաբերությունները վերականգնելու համար, -համոզված է նաև հունգարահայ զրուցավար Սոսի Սուսանյանը։

Անահիտ Սիմոնյանը նշում է, որ անցյալում բազմաթիվ սխալներ են եղել։ Դրանք պետք է անաչառ քննության ենթարկվեն, ավելացնում է։ «Հունգարիայի կողմից համարձակ քայլերից կարող են լինել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու այսօր Արցախի կողքին լինելը։ Ժողովուրդների պատմության մեջ սխալները վատ հետևանքներ են ունենում և աններելի են դառնում։ Պետք է կառուցել հարաբերություններն այնպես, որ սխալվելու առիթներ չլինեն»,- նշում է ընկերության ղեկավարը։

Այցի ընթացքում Հունգարիայի փոխվարչապետին հունգար մի խումբ ուխտավորների և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչների հետ միասին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։

Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն` Ամենայան Հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի ժողովրդին Հունգարիայի Օգնության ծրագրի միջոցով մարդասիրական օգնությամբ Մերձավոր Արևելքում ամենամեծ նեղության մեջ հայտնված հայ ժողովրդին օգնելու համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ:

Հունգարիայի օգնության ծրագրի պետքարտուղար Ազբեյ Տրիստանն էլ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դեկանից մրցանակ է ստացել։ «Ինձ համար սա ոչ միայն մարդասիրական ծրագիր է, որը ես ստանձնել եմ, այլև նաև խորապես զգացված եմ, որովհետև իմ ընտանիքը հայկական ծագում ունի, Տրանսիլվանիայի հայերից է»,- ասել է Տրիստանը։

Back to top button