Էվոլյուցիա

Դատարան՝ առանց դատավորի, վիրահատություն՝ առանց բժշկի. «Էվոլյուցիա»

Թվում է՝ անհնար է ապագայում պատկերացնել բժշկական սենյակ, որտեղ չի լինի բժիշկ։ Նույն կերպ անհնար է թվում պատկերացնել դատարան՝ առանց դատավորի, որտեղ մեղադրողն ու մեղադրյալը, հայցվորն ու պատասխանողը սպասում են վճռի՝ ոչ մարդու կողմից։

Արհեստական բանականության մասնագետն ասում է՝ համակարգն այսօր ինքնուրույն կարողանում է որոշումներ կայացնել, ապագայում դա կանի ավելի հմուտ, միայն թե որոշումները, որ ընդունում է արհեստական բանականությունը, ընդունում է այն տվյալների վրա, որոնք ներմուծել է մարդը, եթե ամեն ինչ նորմալ է համակարգի հետ՝ որոշումը կլինի հնարավորինս անաչառ, եթե մարդու կողմից հատուկ տվյալային շեղում լինի՝ որոշումը կլինի կողմնակալ, ստացվում է՝ այստեղ էլ դեռևս ամեն բան մարդու ձեռքերում է։ Մասնագետի խոսքով՝ բյուրոկրատիայից արհեստական բանականությունն ամեն դեպքում կկարողանա գլուխ հանել։

Իրավաբան Մկրտիչ Մուրադյանն էլ է կարծում, որ տեխնիկական հարցերից արհեստական բանականությունը կարող է գլուխ հանել, օրինակ կկարողանա կտակի հարց կարգավորել, թղթատարությամբ զբաղվել, սակայն որոշումներ կայացնել դատավորի տեղում՝ բացառում է։ Նախ դատավորի տեղում հայտնվելու համար իրավաբանի կրթություն է հարկավոր, ինչը ստանալը, արհեստական բանականության համար, ըստ իրավաբանի, բարդ կլինի։

Ուռուցքաբանության կլինիկական օրդինատոր Մարիամ Մայիլյանն ասում է, որ ապագայում բժիշկ-հիվանդ հարաբերությունները կհասցվեն նվազագույնի։ Իրավաբան և բժիշկ բանախոսներիս մեկ հարց էր հուզում ամենաշատը՝ արհեստական բանականությունը զուրկ է հուզականությունից, իսկ այս մասնագիտություններն անմիջականորեն կապ ունեն մարդու կյանքի և ապագայի հետ, բժիշկն էլ, դատավորն էլ որոշում են մարդու ապագան, դա անել առանց հուզականության՝ վիճելի է մարդու համար։

Փոխարենը, արհեստական բանականության մասնագետն ասաց՝ արհեստական բանականությունն այսօր կարողանում է տարբերել մարդու հույզը, օրինակ՝ ձայնից կամ նկարից հասկանում է, թե մարդն ինչպիսի տրամադրություն ունի։ Մասնագետի խոսքով՝ սկզբում մարդը ստեղծում է համակարգը, հետո արհեստական բանականությունը փորձի հիման վրա կարողանում է որոշումներ ընդունել, փաստորեն ոչ միայն բանականությամբ, այլև որոշակի չափով ընկալելով և հասկանալով բանական մարդու զգացմունքը։

Back to top button