Ստարտափ Հայաստան

Հաջողության հասնելու համար պետք է էլի ու էլի փորձել․ «Ստարտափ Հայաստան»

28-ամյա Հռիփսիմե Հակոբյանը սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնում։ Նկարիչների միության անդամ է։ Սկզբում որոշել է նկարչական պարագաների խանութ բացել, ստացվել է, հետո հասկացել է, որ ձեռքի շնորհքը պետք է օգտագործել մի այնպիսի տեղ, որ մարդիկ կարողանան ճանաչել իր ձեռագիրը, կրեն այնպիսի աքսեսուարներ, որոնք հետաքրքրություն կառաջացնեն մյուսների մոտ ու կսիրվեն։ Հենց այդ առիթով Հռիփսիմեն որոշեց փայտե պայուսակների բիզնես հիմնել, որոնց վրա անձամբ է նկարում։

Առաջին անգամ չստացվեց. սկսեց փչանալ, ներկը թափվել, դեֆորմացվել։ Հիասթափությունը քիչ չի եղել, բայց քանի որ որոշել է մտնել դաշտ, ինքն իր առջև հստակ նպատակ է դրել՝ ինչ էլ լինի, պետք է այնքան նկարի, մինչև ստացվի։

Այսօր Հայաստանում քիչ չեն ձեռագործ պայուսակները, գլխազարդերը, շարֆերը։ Հռիփսիմեն քաջ գիտակցել է, թե ուր է ոտք դնում։ Դաշտում նույն ոլորտում հաջողված բիզնես ունեցողները շատ են, հաճախ մտքեր լինում են, որ գուցե չհաջողի այսքան բազմազանության մեջ, բայց երկու անգամ ավել հաճախ էլ վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու։

Աշխատանքային ընթացքն ամենահետաքրքիրն է։ Հռիփսիմեն նախընտրում է պայուսակի ձևն ու չափը, հետո դրանք ուղարկում արհեստավորներին, որոնք անմշակ փայտից կստանան պայուսակի նախնական տեսքը, հետո արդեն գալիս է Հռիփսիմեի աշխատելու ժամանակը։ Սոցցանցերի արտաքին տեսքի պատասխանատուն ինքն է, այլ մասնագետ չի վարձել, այդպես ավելի լավ է պատկերացնում, թե ինչ է պետք իր հաճախորդին։

Քանի որ ձեռագործ աշխատանքները թանկ են վաճառվում ու շատերը չեն կարողանում իրենց թույլ տալ գնել դրանք, Հռիփսիմեն հնարավորինս մատչելի գներ է սահմանել։ Հաճախ նաև զեղչեր է անում։ Համոզվել է, որ մերոնք ոչ թե չեն գնահատում ձեռագործ աշխատանքները, այլ պարզապես դրանք ձեռք բերելու հնարավորություն չունեն։

Հաջողության հասնելու համար, բավական չէ միայն տաղանդավոր լինել, պետք է նաև աշխատասեր լինել։ Հայաստանում օր օրի ասպարեզ են դուրս գալիս այնպիսի երիտասարդներ, որոնք և՛ տաղանդավոր են, և՛ աշխատասեր։ Հաջողված բիզնես գաղափարներն են փաստում։

Ցուցադրել ավելի
Back to top button