ԿարևորՀասարակություն

Տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար պայմաններ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանին և Ֆրանսիական ROM Selection ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆրանսուա Տահոնին, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Կայուն, ներառական, նորարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացման շրջանակներում՝ դեռևս ապրիլ ամսին Հայաստան է ներկրվել 277 ֆրանսիական Բլանշ ցեղատեսակի ոչխար, որոնց նկարագրությունը և պահման պայմանները լավագույնս համապատասխանում են Հայաստանի և Արցախի բնակլիմայական պայմաններին: Դրանք տրամադրվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերներին:

Ֆրանսուա Տահոնն իր երախտագիտությունն է հայտնել ՍԱՏՄ կողմից երկու երկրների հավաստագրերի համաձայնեցման, ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման հարցում դրսևորած պատրաստակամության, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի պարզ ու արագ անցկացման համար: «Բոլոր ընթացակարգերը հստակեցվել և համաձայնեցվել են 3 ամսից էլ պակաս ժամանակահատվածում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում», — ասել է ROM Selection ընկերության տնօրենը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ, տեսչական մարմնի գործառույթների շրջանակներում, բոլոր տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար ու բարվոք պայմաններ, ինչը կնպաստի երկրում պարենային անվտանգության ապահովմանը՝ պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերն ու պահանջները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «ՏԿ Ագրո» խորհրդատվական ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանը և Բլանշ ցեղատեսակի ոչխարի բուծմամբ զբաղվող Բերնարդ Դելաբրեն:  

Back to top button