Մտքի ուժը

Ինչպես մի քանի երնեկ համատեղել մեկ վայրում․ «Մտքի ուժը»

Մոտիվացիա և նպատակներին հասնելու համար բավարար կամք․ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ալեքսանդր Հայրապետյանը գիտությամբ արտերկրում զբաղվելու փոխարեն որոշեց մնալ Հայաստանում, սովորել ու գիտությամբ զբաղվել հենց մեր երկրում։ Գիտի՝ հեշտ չէ, բայց չի էլ փոշմանել․ հատկապես, որ հստակ գիտի թե ինչ է ուզում։ «Եթե մարդը բավականաչափ մոտիվացված է, նպատակներին հասնելու համար ունի իրականացման հնարավորություններ, ապա պարտադիր չէ, որ արտերկրում լինի։ Նախ և առաջ կարևոր է քրտնաջան աշխատելը, քանի որ առանց դրա հնարավոր չէ արդյունքի հասնել»,- ասում է։

Ալեքսանդրը կարևորում է նոր մտքերի գեներացիան, ինչպես նաև աշխարհի զարգացումներից հետ չմնալը։ Կարևոր է, որ գիտությունը լինի արդիական։ Այս դեպքում միայն կարող ենք ունենալ մեր պետությանն արժանի գիտություն։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էլ է արձանագրում՝ ոչ բոլոր ուսանողներն են, որ արտերկում ուսում ստանալուց հետո վերադառնում են Հայաստան։

Բայց՝ վերադարձողներ էլ կան։ Ռաֆիկ Հակոբյանը գիտի նաև պատճառները, թե ինչու ուսանողները չեն վերադառնում․ «Հնավարությունները մեծ են, աշխատավարձն էլ համեմատելու եզրեր չունի։ Քչերն են, որ այնքան են կապված իրենց հողին, որ հետ են գալիս ու այստեղ են փորձում ինչ-որ բան անել»։

Հատկապես Հայաստանում ու հատկապես մեր օրերում արդյո՞ք պաշտպանական համակարգերին շատ լավ տիրապետելը կօգնի, որպեսզի կարողանանք ապագայի զենքեր ստեղծել․ ֆիզիկոսներն ասում են՝ ոչ։ Դրա համար նաև պետք է լավ ֆիզիկա իմանալ։ Իսկ ֆիզիկա սովորելու համար պետք է մեկ զգայարան ավել ունենալ՝ դիտողականությունը։ Մայր ֆիզիկայի ֆակուլտետում խոստանում են՝ ուսանողներին հնարավորություն կտան մի քանի երնեկ համատեղել մեկ վայրում։ Արդիական գիտություն ունենալու համար արդիական ու պահանջված մասնագիտություններ են պետք։

Իսկ այն երեք նոր մասնագիտութունները, որոնք առաջարկում են Մայր բուհի ֆիզիկայի ֆակուլտետում, նաև կենսական նշանակություն ունեն հատկապես մեր օրերում ու հատկապես մեր երկրում։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն է պատմում, որ երեք նոր մասնագիտություն ունեն՝ նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն։

Գիտնական Հակոբյանն ասում է, որ ավելի հեռուն են գնացել՝փորձելով լուծել նաև ուսանողների կամ ապագա մասնագետների աշխատանքի հարցը։ Քննարկումներն սկսեցին դեռ նախորդ տարվա ամռանը, պատերազմը խանգարեց, այժմ՝ գործատու նախկին կոլեգաների հետ նորից սկսել են բանակցել, արդյունքներն ակնհայտ են․ լավագույն ուսանողները վճարովի փորձաշրջան կանցնեն։

Բոլոր մասնագիտությունների գծով այս տարի ֆիզիկայի ֆակուլտետն ունեցել է 66 դիմորդ։ Սա նախորդ տարվա համեմատ մեծ թիվ է, սակայն՝ հեռու երանելի ժամանակներից։ Ֆակուլտետի դեկանը գիտի, թե ինչու էին մինչ այժմ դիմորդները խուսափում ֆիզիկոս դառնալ, գիտի և վստահեցնում է, որ լուծման բանալին գտել են։

Նախկինում այս ֆակուլտետում 3 հիմնական մասնագիտություն կար, հիմնականում պատրաստում էին ֆիզիկոս-գիտնականներ։ Մի մասն էլ հմտանում էր ատոմային ռեակտորների ֆիզիկա մասնագիտության մեջ, մասնագետներ էին պատրաստում ատոմային էներգետիկայի ոլորտի համար։ Կիրառական ֆիզկիա և մաթեմատիկա մասնագիտությունն էլ ֆիզկիոսներ էր պատրաստում ինֆորմացիան տեխնոլոգիաների ոլորտի համար։ Երեք ուղղություններն էլ պահանջված են ինչպես նախկինում, այնպես էլ այսօր։ Դրանց փոխարեն, այժմ նույն ֆակուլտետում արդեն երեք նոր ու ավելի հեռանկարային մասնագիտություն կա։

Ցուցադրել ավելի
Back to top button